«Պետք է վստահել Աստծուն, անկախ նրանից, թե հիմա ինչ է կատարվում ձեզ հետ». ամերիկացի միսիոներուհու վկայությունը

Ազգությամբ ամերիկացի միսիոներուհի Գրեյսի Բերնհեմը իր ամուսնու՝ Մարտինի հետ ծառայում էր News Tribes առաքելությունում, երբ նրանց որպես պատանդ վերցնում են Աբու Սայաֆի ահաբեկիչները:

Դա կատարվում է 2001թ-ի մայիսի 27-ին: Բերնհեմը հայտնվում է 20 պատանդներից բաղկացած խմբում, ովքեր առևանգված էին ահաբեկչկական խմբավորման կողմից՝ Պալավանայի Դոս Պալմաս հյուրանոցից:

15 տարի անց այս դեպքերից Գրեյսին հանրության հետ կիսվում է իր վկայությամբ՝ ասելով, որ անազատության մեջ անցկացրած ժամանակը ցույց տվեց, որ այդ ողջ ընթացքում լիովին չէր վստահում Աստծուն, քանի դեռ չէր տեսնում իրավիճակը ավելի մեծ մասշտաբով:

376 օր պատանդ մնալուց հետո Բերնհեմը ազատվում է 2002թ-ի հունիսին: Դա կատարվում է ֆիլիպինցի զինվորականների և ահաբեկիչների միջև բախումից հետո, որի արդյունքում զոհվում է նրա ամուսինը:

59-ամյա միսիոներուհին և երկու գրքերի հեղինակը մանրամասն պատմում է անազատության մեջ իր փորձի մասին՝ «Նահատակների ձայնը» համաժողովի շրջանակում: Համաժողովն անցկացվում է Վաշինգտոնի «McLean Bible Church» եկեղեցում:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ աղոթքների համար: Շնորհակալ եմ, որ աղոթում էիք մեզ համար, չնայած մենք երբեք նախկինում չենք հանդիպել: Այնպիսի տպավորություն էր, թե մեր այդ փորձությունը հավիտյան է տևելու,- ասում է նա համաժողովի իր խոսքում:- Կային օրեր, երբ մենք զգում էինք, թե բոլորը մեզ մոռացել են»:

Բերնհեմը պատմում է, որ իր ոտքերը անընդհատ արյունահոսում էին, որովհետև ստիպված էր բոբիկ քայլել, և բացի այդ՝ քնում էր պատռված պարկի մեջ:

«Ամենադժվար բանն ինձ համար այս ընթացքում սեփական անձիս հետ բախվելն էր,- ասում նա:- Երբ ամեն բան վերանում է, հայտնվում է իրական ես-դ: Ինձ համար դժվար էր բախվել իրական Գրեյսիի հետ»:

Նա պատմում է, որ հուսահատության ժամանակ աղաղակում էր, որ բարկացած է Աստծո վրա և հարցնում, թե որքան է տևելու այդ փորձությունը:

«Ես շփոթության մեջ էի,- հիշում է նա: – Բայց ժամանակ առ ժամանակ միտքս էի բերում Աստծո խոստումը. Նա խոստացել էր, որ չի թողնի ինձ: Նա ասել էր, որ կփոխի ինձ՝ Քրիստոսին կերպարանակից դարձնելով: Այդ պահերին էր, որ Աստված լցնում էր իմ սիրտը խաղաղությամբ և սիրով: Նա սկսել էր փոխել ինձ: Նա կարող է ազատել ամեն տեսակ ցավից և Նա տալիս է շնորհ՝ նորից Իրեն ծառայելու համար»:

2002թ-ին՝ Զատկից առաջ, երբ գերիների համար վճարվում է պահանջված փրկագինը, առևանգողները, միևնույնն է, չեն ազատում բռնվածներին՝ պատճառաբանելով, թե ավելի մեծ փրկագին են պահանջել:

«Ես աղաչում էի նրանց. «Մենք հոգնել եք այս ամենից, պարզապես վերցրեք գումարը և բաց թողեք մեզ»: Բայց նրանք այնքան ագահ էին, որ ավելի մեծ գումար պահանջեցին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես էինք մեզ զգում այդ օրը:

Երեկոյան ամուսինս՝ Մարտինը, ասաց. «Գրե՛յսի, ես շատ ուրախ եմ, որ երբ Հիսուսը վճարեց մեր փրկագինը, դա բավական եղավ,- հիշում է Բերնհեմը:- Հիսուսի զոհը բավական էր, այն բավարար էր Աստծո համար, և ավելին պետք չէ մեղքի գինը վճարելու համար»»:

Չնայած Բերնհեմը ավելի քան մեկ տարի գերության մեջ է մնում և վերջում կորցնում է ամուսնուն, համաժողովի ժամանակ նա ասում է, որ գիտի՝ Աստված ուներ նպատակ իրենց այդ փորձության համար:

Քչերը գիտեն, որ նրանք կարողացել են Աստծո Արքայության սերմերը ցանել ահաբեկիչների սրտերում այնտեղ պատանդ լինելու ընթացքում, նրանց սրտերում, ովքեր ստիպում էին իրենց անցնել ջունգլիներով՝ փորձելով խուսափել ֆիլիպինցի զինվորների հարձակումներից:

Հիմա ահաբեկիչներից ոմանք, ովքեր պահում էին նրանց որպես պատանդներ, բանտում են՝ ցմահ բանտարկությամբ:

Բերնհեմը հաստատում է, որ Աբու Սայաֆի չորս ահաբեկիչներ, ում հետ նրանք անցնում էին ջունգլիներով, դարձել են քրիստոնյա:

«Եթե նախկինում իմանայի, որ մեկ օր գոնե մեկն այդ տղաներից կիմանա Հիսուսի մասին ինձնից, ինձ համար ավելի հեշտ կլիներ այդ ամենը տանել,- ասում է Բերնհեմը:- Հիմա ես կարող եմ վստահությամբ ասել. «Պետք է ամեն ինչում վստահել Աստծուն, ինչ էլ որ հիմա կատարվի ձեզ հետ»»:

Աղբյուր՝ gcshelp.org