Մահապարտների ընտանիքը Ինդոնեզիայում պայթյուններ է իրականացրել եկեղեցիների մոտ

Մահապարտների ընտանիքը Ինդոնեզիայում պայթյուններ է իրականացրել եկեղեցիների մոտԵրկու օրվա ընթացքում, ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները (մասնավորապես՝  Jakarta Post-ը), Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում գրանցվել է առնվազն չորս ահաբեկչական պայթյուն: Վերջինը եղել է ոստիկանական բաժանմունքի մոտ, որի ընթացքում զոհվել է 7 մարդ:

Նախորդ երեք պայթյունները իրականացվել են կիրակի առավոտյան՝ մայիսի 13-ին՝ միտված լինելով վնասել եկեղեցիներին և քրիստոնյաներին:

Առաջին պայթյունը որոտացել է Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու մոտակայքում, հաջորդ երկու պայթյուններն իրականացվել էին մոտ 5 րոպեի տարբերությամբ՝ Դիպոնեգորո փողոցում գտնվող բողոքական եկեղեցու ու Արջունո փողոցում գտնվող պահպանողական-բողոքական եկեղեցու մոտ։ Երեք պայթյուններից զոհվել է առնվազն 13 հոգի, ևս 40-ը՝ վիրավորվել:

Տեղի ոստիկանապետը նշել է, որ պայթյուններն իրականացվել են մեկ ընտանիքի 6 անդամների՝ մոր, հոր, երկու որդիների և երկու դուստրերի միջոցով, որոնք անչափահաս են եղել։

Հայրը, մայրը, ինչպես նաև նրանց 18, 16, 12 և 9 տարեկան երեխաները մահապարտներ են եղել, նրանք հարել են «Ջեմաա Անշարութ Դաուլա» ահաբեկչական խմբավորմանը։