Այս օրը. մեծահոգի Էլիգիուսը

Այս օրը. խոնարհ, մեծահոգի ԷլիգիուսըԷլիգիուսը կրթվել և դաստիարակվել է բարեպաշտ ընտանիքում: Դեռ պատանեկության տարիներին նա սկսում է կարդալ Սուրբ Գիրքը և խորհրդածում դրա շուրջ: Բացի այդ սովորում է նաև ոսկերչական արվեստ և իր տաղանդավոր վարպետի շնորհիվ ավելի հմտանում այդ գործում:

Այս ամենի արդյունքը լինում է այն, որ Ֆրանսիայի թագավորը նրան պալատական բակի պատասխանատու է կարգում և շատ նվերներ բաշխում: Սակայն այդ նվերներն ու ողջ հարստությունը նրան այդպես էլ գլխակորույս չեն անում:

Ամեն անգամ, երբ արքան նրան թանկարժեք նվերներ էր տալիս, նա այդ ամենը նվիրում էր չքավորներին:

Էլիգիուսը բավական արագ էր իր բոլոր ձեռնարկումներում, հատկապես երբ խոսքը վերաբերում էր հոգևոր հարցերին: Այդ ամենի դիմաց թագավորը նրան շարունակում էր թանկարժեք պարգևներ շնորհել: Այս խոնարհ և մեծահոգի անձն աչքի էր ընկնում նաև իր խիստ ազնվությամբ:

Մի անգամ, իմանալով մենաստան կառուցելու նպատակով իրեն տրված հողատարածքից փոքր-ինչ ավելի վերցված մասնաբաժնի մասին, նա գնում է թագավորի մոտ, ծնկի իջած և լացակումած ներողություն խնդրում նրանից: Այս տեսնելով՝ թագավորը կրկնապատկում է նվիրատվությունը և ասում իր պալատականներին՝ «Տեսե՛ք՝ որքան հավատարիմ և զգուշավոր են Քրիստոսին ծառայողները: Իմ սպաներն ու մարզպետները առիթը բաց չեն թողնում իմ կալվածքներից իրենց որևէ մաս վերցնելու համար, մինչդեռ Էլիգիուսը սարսափում է այն մտքից, որ ինձ պատկանող տարածքից մի փոքր մաս է զբաղեցրել»:

Էլիգիուսը գիտեր՝ ինչպես բաշխել իր ժամանակը: Բացի արքունական հարցերից, նա մշտապես ձեռքին գրքեր ուներ, որոնց շուրջ խորհրդածում էր: Այնուհետ նա որոշում է ավելի խիստ կրոնական կյանքով ապրել: Ընկերանում է ամենաազնվական և լավագույն եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների և այլ կրոնական առաջնորդների հետ:

Երբ 639թ-ին մահանում է Ակարիուս եպիսկոպոսը, Կլովիս 2-րդ թագավորը դիմում է Էլիգիուսին՝ զբաղեցնելու նրա պաշտոնը: Էլիգիուսը բավական երկար ժամանակ քննարկում էր այս հարցը: Նա գիտակցում էր՝ ինչպիսի պատասխանատվություն է ստանձնում այդպիսով: Եվ ահա 2 տարի անց՝ 641թ-ի այս օրը՝ մայիսի 13-ին, նա հանձն է առնում եպիսկոպոսի պարտականությունները:

Առաջին տարիներին նա հոգևոր սպասավորների բարեփոխման ծրագրեր է իրականացնում և օրինակ ծառայում առավել խիստ և բարեպաշտ կյանքի համար: Նա սկսում է նաև հոգ տանել իր ենթակայության տակ գտնվող տարածքում բնակվող մարդկանց մասին, թեև վերջիններս բավական աշխարհիկ էին:

Սակայն շուտով Էլիգիուսի սերն ու հոգատարությունը հալեցնում է նրանց սրտի սառույցը: Նրա բարությունը, խոնարհությունը և ինքնանվիրումը հաղթում է նրանց դիմադրությանը և շատերին դարձնում դեպի Քրիստոս:

Էլիգիուսը մահանում է 70 տարեկան հասակում՝ 659 կամ 665թ-ի դեկտեմբերի 1-ին:

Աղբյուր՝ christianity.com