Թրամփն անձամբ է դիմավորել Հյուսիսային Կորեայում բանտարկությունից վերադարձած երեք ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը նախօրեին «Էնդրյուս» ռազմաբազայում դիմավորել են և ողջունել ԱՄՆ վերադարձած երեք ամերիկացիների, ովքեր ազատվել են Հյուսիսային Կորեայի աշխատանքային ճամբարից:

«Սա երազի է նման, և մենք շատ-շատ ուրախ ենք»,- լրատվամիջոցների ներկայությամբ նախագահի հետ կիսվել է Կիմ Դոն Չխոլը՝ 60-նն անց հովիվը:- Մեզ վերաբերվել են ամենատարբեր կերպ: Ես անձամբ պետք է շատ աշխատանք կատարեի: Բայց երբ հիվանդացա, նրանք ապահովեցին բուժում ինձ համար». տեղեկացնում է Charisma News-ը:

Ըստ BBC-ի՝ ազատված կալանավորները լավ առողջական վիճակում են և ժամանման ժամանակ ուրախ էին կրկին ԱՄՆ-ում լինելու համար: Իրենց հարցազրույցում երեքն էլ խորը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը, նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ-ից ուղարկված մարդկանց, ովքեր իրենց տուն են բերել»:

«Մենք շնորհակալ ենք Տիրոջը և մեր ընտանիքներին ու ընկերներին, ովքեր աղոթում էին մեզ համար և մեր վերադարձի համար»,- ասել են նրանք:

Ավելի վաղ հայտնի է եղել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ընդառաջ է գնացել Վաշինգտոնի խնդրանքներին և ազատ արձակել ծագմամբ կորեացի ԱՄՆ-ի երեք քաղաքացիներին՝ հովիվ Կիմ Դոն Չխոլին (ձերբակալվել է 2015թ-ին), դասախոս Թոնի Կիմին (ձերբակալվել է 2017-ին) և վերջինիս գործընկեր Կիմ Խակ Սոնային (ձերբակալվել է 2017թ-ի մայիսին): Հյուսիսային Կորեայի իշխանությունները այս ամերիկացիներին մեղադրում էին լրտեսության մեջ:

Թրամփն ասել է, որ Ամերիկայի քաղաքացիների ազատ արձակումը վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը լրջորեն տրամադրված է կառուցողական բանակցությունների ԱՄՆ-ի հետ և ձգտում է իր երկիր վերադարձնել «իրական խաղաղությունը»: