«Շիշու Բավան»՝ Մայր Թերեզայի հիմնադրած առաջին մանկատունը

Մայր Թերեզայի ոսկեղեն աղոթքներիցԳթության քույրերի միաբանության մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար Կալկաթա ժամանած Էն-Բի-Սի հեռուստաընկերության նկարահանման խումբը որոշում է հետևել Մայր Թերեզայի ամենօրյա ընթացքին:

Ինչպես ավելի ուշ պատմում է օպերատորներից մեկը՝ հանկարծ Մայր Թերեզան բարձրանում է մի մեծ աղբակույտի վրա և սկսում ձեռքերով արագ-արագ փորել փտած բանջարեղեններն ու սննդի մնացորդները:

Հեռուստաաշխատակիցները սկզբում տարակուսում են, իսկ հետո ցնցվում՝ տեսնելով, թե ինչպես է նա այդ աղբի տակից դուրս բերում դեռ պորտալարը չկտրած մի փոքրիկ նորածնի:

Մայր Թերեզան պատմում է, որ այդպիսի աղբակույտերի տակից գտնվել և փրկվել են հարյուրավոր երեխաներ: Ոմանք ֆիզիկական խնդիրներ են ունեցել, բայց հիմնականում նրանք եղել են լքված և դժբախտ աղջիկներ:

1955թ-ին Մայր Թերեզան Կալկաթայում հիմնադրում է առաջին մանկատունը՝ դուրս նետված երեխաների համար, և անվանում է այն «Շիշու Բավան», որը բենգալերենից թարգմանաբար նշանակում է «Մանուկների տուն»: Այդ տանն ապրում էին երեխաներ Հնդկաստանի բոլոր ծայրամասերից:

«Ես հազարավոր լքված երեխաների մայր դարձա, որոնց թողել էին փողոցներում և ճանապարհների մայթերին, աղբարկղերի և առուների մեջ: Նրանց ինձ էին հանձնում ոստիկանները, հիվանդանոցները, երբ կենսաբանական մայրերը հրաժարվում էին երեխաներին վերցնելուց,- ասում է Մայր Թերեզան,- ես վերցնում էի նրանց, ջերմացնում, կրթում: Հետագայում նրանցից շատերը տեղավորվեցին հնդկական, ամերիկյան, եվրոպական լավ ընտանիքներում:

Բայց բոլորն էլ հիշում են ինձ: Նրանք իրենց լուսանկարներն են ուղարկում ինձ. նայելով նրանց՝ հրճվում եմ նրանց համար, զգում եմ, որ սիրում եմ այդ երեխաներին հարազատ մոր նման, ինչպես ինձ սովորեցրել է սիրել Հիսուսը: Նրանցից շատերը, ովքեր ֆիզիկական և մտավոր տկարություններ ունեին, մնացել են ինձ հետ: Նրանք նույնպես Տիրոջ երեխաներն են և սիրո կարիք ունեն:

Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ նրանք իմ ամենասիրելիներն են: Երբեմն բժիշկներն ասում են, որ ավելի լավ կլիներ նրանք մահանային, բայց մենք, միևնույնն է, վերցնում ենք այդ երեխաներին: Նրանց սեր չցուցաբերելը հավասար է նրանց սպանելուն»:

Առողջ երեխաները միշտ էլ օգնում և խնամում են ոչ լիարժեքներին, և դրանից առավել հիանալի տեսարան գոյություն չունի: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում գոյություն ունեն մանկատներ՝ մերժված երեխաների համար: