7 բան, որ Աստված ասում է երկրի մասին

7 բան, որ Աստված ասում է երկրի մասին1. Մարդկությանը վստահվել է մշակել ու պահպանել երկիրը:

Աստվածաշնչի առաջին գրքում՝ Ծննդոցում, Աստված դնում է Ադամին Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն «մշակի ու պահի» (Ծննդոց 2.15): Աստված, իհարկե, կարող էր Ինքը հոգ տանել երկրի մասին, որը ստեղծել էր: Բայց կարևոր է, որ Նա դա վստահում է մարդուն, ում նույնպես Ինքն է արարել: Ցանկացած մեկը, ով երբևէ զբաղվել է այգեգործի աշխատանքով, օգնել է մաքրել փողոցները կամ նոր ծառեր տնկել, ուրախություն է վերապրել այդ ամենից:

2. Աստված մարդուն իշխանություն է տվել Իր արարչագործության վրա:

Աստված ոչ միայն մարդու առջև պարտեզը մշակելու խնդիր է դրել, այլ իշխանություն է տվել նրան Իր արարչագործության վրա. «Եվ Աստված ասաց. մեր պատկերովը և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների և անասունների և բոլոր երկրի վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդոց 1.26): Մարդիկ Աստծո կողմից յուրատեսակ արարվածներն են, և ցույց տալու համար, թե որքան է Աստված գնահատում մարդուն, Նա պատվիրում է մեզ օգտագործել մեր միտքը, մարմինն ու միջոցները, որպեսզի դառնանք Իր արարչագործության լավ առաջնորդները:

3. Երկիրը հանգստի կարիք ունի նույնքան, որքան մարդը:

Աստծո կողմից ամեն արարված բան ստեղծվել է շնչելու, հանգստանալու անհրաժեշտությամբ: Անգամ երկիրը, որով քայլում ենք, ժամանակ է պահանջում, որ թարմանա և իրագործի լավ պտուղներ բերելու իր կարողությունը: Երկիրը կարիք ունի ժամանակի, որպեսզի նորոգում ապրի: Աստվածաշունչն ասում է դա Ղևտացիս գրքում, երբ Աստված խոսում էր Իսրայելի ժողովրդի հետ. «Խոսիր Իսրայելի որդկանց հետ և ասա նրանց. երբ որ այն երկիրը մտնեք՝ որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը հանգստության շաբաթ պահի Եհովայի համար։ Վեց տարի քո արտը վարես և քո այգին վեց տարի հոտես և նրա արդյունքը ժողովես, բայց յոթներորդ տարին երկրի համար հանգստության շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի. քո արտը պիտի չվարես և քո այգին չհոտես» (Ղևտացիս 25.2-4):

4. Աստված ցանկանում է, որ մենք վայելենք այն, ինչ Ինքն արարել է, ոչ թե պղծենք Իր արարչագործությունը:

Քանի որ Աստված մեզ իշխանություն է տվել Իր արաչագործության վրա, մենք իրավունք ունենք օգտագործելու այն, ինչ մեզ պետք է երկրից, որպեսզի ապրենք: Նա տվել է իշխանություն՝ օգտագործելու Իր արարչագործությունը կերակուրի, ապրուստի և կյանքի այլ կարևոր բնագավառների համար: Բայց Նա նաև պատվիրում է մեզ զգույշ լինել այդ պարգևի հանդեպ: Երեմիայի գրքում Աստված ասում է. «Եվ ես ձեզ բերի մի պտղաբեր երկիր, որ ուտեք նրա պտուղը և նրա բարիքը. և դուք մտաք և անմաքուր արիք իմ երկիրը և իմ ժառանգությունը պղծություն շինեցիք» (Երեմիա 2.7): Սա զգուշացում է մեզ՝ օգտագործելու երկիրը բարի նպատակներով, չվատնել ու չպղծել այն, այլ վերաբերվել երկրին՝ որպես Աստծո արարչագործության արժեքավոր մասի և մատակարարման միջոցի:

5. Աստված օգտագործում է Իր կողմից արարված ամեն բան, որպեսզի հիշեցնի Իր ճշմարտության մասին:

Մատթևոս 6.26-ում Հիսուսն ասում է Իր հետևորդներին. «Մտիկ արեք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, և ոչ էլ հնձում, և ոչ ամբարների մեջ ժողովում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք նրանցից ավելի լավ եք»: Աստված հաճախ օգտագործում է արարչագործությունը, որ հիշեցնի մեզ կարևոր ճշմարտությունների մասին. այն, ինչ Նա արարել է՝ լրացնում է Իր Խոսքը: Մեկ այլ լավ օրինակ է Եսայի 1.18-ը. «Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն,  ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան»: Մյուս անգամ, երբ տեսնեք փոքրիկ թռչունի կամ առաջին ձյունը, հիշեք Աստծո ճշմարտության մասին:

6. Երկիրն Աստծո գոյության վկայությունն է:

Հսկայական ու անծայրածիր օվկիանոսներից մինչև լեռնային շրջաններ, էկոլոգիական բարդագույն համակարգ. ողջ երկիրը մի կտավ է, որը հռչակում է Արարչի գոյությունը: Պողոս առաքյալը գրում է Հռոմեացիների ուղերձում. «Որովհետև նրա աներևույթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծվածներովն իմացվելով տեսնվում են, որ է՝ նրա մշտնջենավոր զորությունը և Աստվածությունը, այնպես որ անպատասխան մնան» (Հռոմեացիս 1.20):

7. Մենք այս երկիրը կառավարողներն ենք սահմանափակ ժամանակով:

Որպես երկրի պահապաններ՝ պետք է հիշենք այն մասին, որ Աստված մեզ հանձնարարել է այդ գործը սահմանափակ ժամանակով, քանզի մեկ օր Նա «նոր երկինք և նոր երկիր» է ստեղծելու (Եսայիա 65.17):

Եկեք անենք ամենը, ինչ ի զորու ենք՝ պահպանելու այս զարմանահրաշ երկիրը, որն Աստված պատվիրել է մեզ մշակել ու պահել:

Վերոնիկա Նիֆֆենգեր