Ունենալ անշարժ չափորոշիչներ. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Ունենալ անշարժ չափորոշիչներ. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՀամոզվա՞ծ ես, որ քո կյանքի ընթացքը ճիշտ է ու աստվածահաճո: Ինչի՞ հետ ես համեմատում քո կյանքը, քո փորձառությունները, որպեսզի հասկանաս՝ ճի՞շտ ես, թե՞ սխալ՝ կանգուն, մնայուն բաների հե՞տ, թե՞ շարժվող:

Յուրաքանչյուրս պիտի մտածենք, որ մեր կյանքի ընթացքը ուղիղ լինի: Այսօր քրիստոնյաները հաճախ սկսում են արհամարհել մեղքը, անտեսել այն: Մեղքի վարձքը միշտ եղել է մահը, այսօր էլ դարձյալ մեղքի վարձքը շարունակում է մնալ մահը: Ինչո՞վ է լցված քո կյանքը, քո առօրյան:

Քրիստոնեությունը ոչ թե կրոն է, ոչ թե ծես ու սովորություն է, այլ աշխարհայացք է: Մենք պիտի մեզ համար սահմանենք մեր ճանապարհի ուղղությունը: Դու ունե՞ս այդ որոշված ճանապարհը, որի համար պատրաստ ես մեռնել, բայց չշեղվել քո ճանապարհից: Դու ճշտե՞լ ես քեզ համար, թե ով է Աստված: Աստված Տեր է ու Տիրակալ: Նա պիտի լինի մեզ համար ամենը և ամեն բանի մեջ:

Հաջորդ հարցը`ո՞վ ենք մենք Աստծո համար: Մենք պիտի ճշտենք այս երկու հարցերը մեզ համար: Աստծուց ավելի կարևորը մենք պիտի չունենանք: Ի՞նչ օրենքներով ու չափորոշիչներով ենք մենք ապրում: Պիտի սահմանենք մեզ համար անշարժ կողմնորոշիչներ: Մենք պիտի մեզ համար որոշենք, ճշտենք, թե ուր պիտի գնանք, ուր կարող ենք գնալ, և ուր երբեք չենք կարող գնալ:

Մենք մեզ համար պիտի ճշտենք, թե ինչ պիտի անենք ու ինչ պիտի ընդհանրապես չանենք: Մեր կյանքը չպետք է քաոս լինի: Սա չի նշանակում, թե մենք երբեք չենք կարող սխալվել: Ամենքս էլ սխալներ ունենք, բայց պիտի ունենանք չափորոշիչներ, որ մեզ միշտ ճիշտ ուղու վրա են դնում: Մենք պիտի մեզ համար որոշենք`ինչ պիտի խոսենք ու ինչ պիտի երբեք չխոսենք: Մենք պիտի մեզ համար որոշենք, թե ինչով պիտի ուրախանանք ու ինչով պիտի տխրենք: