Կամուրջներ կառուցողը

հյուսնը

Մի անգամ հարակից ֆերմաներում ապրող երկու եղբայր վիճում են իրար հետ: Ամբողջ 40 տարի նրանք ապրել էին կողք կողքի առանց անախորժությունների: Եվ սա նրանց առաջին լուրջ ընդհարումն էր:

Արդյունքում՝ խզվում է նրանց երկարամյա բարեկամությունը: Իսկ վեճը ծագել էր մի չնչին թյուրիմացությունից, որն աճելով դարձել էր մեծ խնդիր, իսկ հետո պայթել, շաղախվել վիրավորող դառը խոսքերով, ինչին էլ հաջորդել էին լռության շաբաթները:

Մի առավոտ Ջոնի դուռը թակում են: Դռան առաջ մի մարդ է կանգնած լինում, ձեռքին` հյուսնի աշխատանքային գործիքների տուփը:

– Ես մի քանի օրվա աշխատանք եմ փնտրում,- ասում է անծանոթը,- դուք մանր-մունր գործեր չունե՞ք, որ կարողանամ նորոգել, օգնել ձեզ:

– Այո՛,- ասում է ավագ եղբայրը,- ես քեզ աշխատանք կտամ: Նայիր իմ ֆերմայի ծայրի այն ձորակին: Դրա մյուս կողմում իմ հարևանն է, այսինքն` իմ կրտսեր եղբայրն է ապրում: Անցյալ ամիս մենք լուրջ վիճեցինք: Դրանից հետո նա փորել է գետի ամբարտակն ու այդ ձորակն առաջացրել մեր միջև: Գիտեմ, նա այդ բանն արել է ինձ բարկացնելու համար: Բայց ես նրան դաս կտամ: Տեսնու՞մ ես այն գերանների կույտը: Ուզում եմ, որ 8 ոտնաչափ բարձրությամբ մի ցանկապատ կառուցես, որպեսզի այլևս ոչ նրա դեմքը տեսնեմ, ոչ էլ նրա հողամասը:

– Այո՛, հասկացա՛,- ասում է փայտագործը,- ես անմիջապես կանցնեմ գործի: Վստահ եմ՝ քեզ դուր կգա:

Ավագ եղբայրը գործով պետք է քաղաք գնար, հետևաբար նրան տալիս է անհրաժեշտ պարագաներն ու հեռանում: Հյուսնը ողջ օրը քրտնաջան աշխատում է: Մայրամուտին, երբ ֆերմերը տուն է վերադառնում, հյուսնը նոր-նոր է գործն ավարտած լինում:

Ֆերմերը զարմանքից քարանում է. ֆերմայի ծայրին ոչ մի ցանկապատ էլ չկար:
Փոխարենը մի կամուրջ էր կանգնած … որ ձգվում էր ձորակի մի ափից մյուսը: Հրաշալի մի ձեռագործ: Իսկ հարևանը` կրտսեր եղբայրը, ձեռքերը պարզած դեպի իրեն է վազում.

-Ինչ մեծ սրտի տեր մարդ ես, որ այս կամուրջն ես կառուցել տվել իմ բոլոր խոսքերից ու արարքներից հետո,- ասում է կրտսերը՝ մեծ եղբորը փարվելով:

Ետ շրջվելով նրանք տեսնում են, որ փայտագործը ուսին է դնում իր գործիքների տուփը, որ հեռանա:

– Ո՛չ, սպասի՛ր: Մի քանի օր էլ մնա: Դեռ բազում գործեր կան, որ պետք է անես,- կանչում է ավագ եղբայրը:

– Հաճույքով կմնայի, – ասում է հյուսնը, – բայց դեռ շատ կամուրջներ պիտի կառուցեմ:

Հ.Գ. Սիրելինե՛ր, ցանկապատների փոխարեն կամուրջներ կառուցենք, ատելության փոխարեն սեր, ու հակառակությունների փոխարեն հաշտություն քարոզենք: Այսօր մարդիկ նմանատիպ կամուրջների ու կամուրջ կառուցողների կարիք ունեն: