Այս օրը. Ջորջ Տրուետ

Այս օրը. Ջորջ ՏրուետՋորջ Տրուետը ծնվել է այս օրը՝ 1867թ-ի մայիսի 6-ին, Հս Կառոլինայի լեռնային ֆերմաներից մեկում:

Դեռ փոքրուց նա սկսում է գիտակցել սեփական մեղքերից ազատվելու և Փրկչի կարիքը: Արդեն 19 տարեկանում իմանում է Ավետարանի մասին և ընդունում Հիսուս Քրիստոսին: Այդ օրվանից հետո նա սկսում է կոչ անել ընկերներին ևս ճանաչելու Փրկչին: Ոմանք համաձայնում են: Այնուհետ նա մկրտվում է և սկսում կանոնավոր կերպով  եկեղեցի հաճախել: Իսկ շատ չանցած ուսուցանում է կիրակնօրյա դպրոցում: Շուտով երիտասարդ Ջորջ Տրուետը քոլեջ է հիմնում, ուր ընդգրկվում է 300 ուսանող: Բացի այդ նա նաև քարոզում է: Նրա պատգամը լսողները միաբերան հավաստում էին, որ նա երկրորդ Սպերջենն է:

Այնուհետ որոշ ժամանակ անց Ջորջը ծնողների հետ տեղափոխվում է Տեխաս:

Տեղի եկեղեցիներից մեկում ձեռնադրվում է որպես հովիվ, իսկ կարճ ժամանակ անց դառնում Բեյլոր համալսարանի գլխավոր հաշվապահը: Շուտով նրան առաջարկում են ստանձնել ուսումնական հաստատության նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է՝ նախընտրելով հովվական ծառայությունը:

30 տարեկանում Ջորջը դառնում է Դալլասի առաջին մկրտական եկեղեցու հովիվը: 47 տարվա առաջնորդության ընթացքում եկեղեցին աճում է՝ հասնելով 7000 անդամի: Այս եկեղեցին բավական ազդեցիկ դիրք է ձեռք բերում ողջ տարածաշրջանում:

Սակայն անսպասելիորեն դժբախտ պատահար է տեղի ունենում, ինչի պատճառով Ջորջը երկար ժամանակ չի կարողանում քարոզել, անգամ ծառայությունից հրաժարվելու մտադրություն է ունենում: Սովորական մի օր մտերիմ ընկերոջ հետ որսի է դուրս գալիս, ինչի ժամանակ էլ պատահաբար ատրճանակով կրակ է արձակում, որի հետևանքով մահանում է ընկերը: Երկար ժամանակ աղոթելով և արտասուքով աղաղակելով՝ նա չի կարողանում իր մեջ ուժ գտնել կրկին վերսկսելու քարոզչական գործը: Սակայն մի օր տեսիլքում տեսնում է Քրիստոսին, Ով ասում է՝ «Այսուհետ դու միայն Իմն ես»: Այսպես նա կրկին վերադառնում է հովվությանը:

Իր 70-րդ տարեդարձին կնոջն ուղղված նամակում նա գրում է՝ «Այս օրը ես ցանկանում եմ իմ անձը կրկին նվիրել Քրիստոսին…»: Չնայած իր կյանքում ունեցած բազմաթիվ հաջողություններին ու ձեռքբերումներին, դրանցից և ոչ մեկը չեն կարողանում շեղել նրան իր ճանապարհից: Նա մահանում է 1944թ-ին:

Աղբյուր՝ christianity.com