CrossNews.am-ը 6 տարեկան է

CrossNews.am-ը 6 տարեկան է2012 թ-ի մայիսի 4-ին հրապարակվում է CrossNews.am-ի առաջին լրատվական նյութը՝ այդպիսով աշխարհում ազդարարելով քրիստոնեական տեղեկատվավերլուծական հանգույցի ծննդյան մասին:

Վեց տարվա ընթացքում կայքը կարողացել է իր ուրույն ազդեցությունն ունենալ ու հետագիծը թողնել ոչ միայն քրիստոնեական, այլ, ընդհանրապես, հայալեզու մեդիա դաշտում:

Ընթերցողների կողմից մշտապես ստացվող նամակները ցույց են տալիս, որ կայքի աշխատանքները շինության պատճառ են լինում, առաջնորդում են, հույս փոխանցում, մխիթարում, քաջալերում ու հանդիմանում՝ այդ ամենով նպաստելով Արքայության Ավետարանի տարածմանն ու մարդկանց հոգևոր աճին:

Ի՞նչն է մեզ համար կարևոր:

  • CrossNews.am-ը կարևորում է իր՝ վստահելի աղբյուր լինելը, ուստի երբեք չենք շտապում չստուգված ու չհիմնավորված տեղեկություններ տրամադրել, ավելին, երբ համացանցում հանդիպում են ոչ արժանահավատ տեղեկություններ, անմիջապես փորձում ենք տեղյակ պահել մեր ընթերցողին. այդպիսի խմբագրական ժխտումների վառ օրինակ են «Հերթական ապատեղեկատվությունը. Ձիավորները՝ Արցախի երկնքում»«Հնդկաստանում մի գիշերվա մեջ 200 եկեղեցի հրդեհելը իրականությանը չի համապատասխանում» և այլ նյութեր:
  • Հարգելով մեր ընթերցողին՝ նյութերի համար վերնագիր ընտրելիս առաջնորդվում ենք ոչ թե «սենսացիոն» ու «էքսքլյուզիվ» տեքստերով, այլ նյութի բովանդակությամբ:
  • Անհանգստանալով հատկապես ֆեյսբուքյան հարթակում ակտիվացած տարբեր մոլորություններ հրամցնող օգտատերերի առկայությամբ՝ CrossNews.am-ն իր հնարավորությունների սահմանում ակտիվ հսկում է և ուշադիր է՝ հայտնաբերելու մոլորեցնող խմբերի ու անհատների, ովքեր դեմ են Քրիստոսին, Երրորդությանը, Եկեղեցուն, սակայն շարունակում են հետևորդներ հավաքել աստվածաշնչյան տեքստեր ու համարներ գրելով. այդպիսի նյութերի վառ օրինակ է «Մոլորությունը՝ այլ դիմակներով. զգուշացեք…» խմբագրականը, որի հրապարակումից հետո հիշատակված խմբերի ակտիվությունը նկատելիորեն նվազեց, իսկ ոմանք իսպառ անհետացան:
  • Մեզ համար կարևոր է նաև էթիկապես գրագետ ընթերցող ունենալը, ուստի հնարավորության սահմաններում հորդորում ենք մեր ընթերցողին՝ մշտապես պահել հեղինակային իրավունքները՝ ինքներս օրինակ ծառայելով մեր նյութերում մշտապես առկա հեղինակներով ու նյութի աղբյուրի հղումներով:
  • Թերևս կարևորագույնը՝ ընթերցողին փորձում ենք մատուցել կենդանի Աստծո Խոսքը՝ զերծ եկեղեցական նեղ սովորություններից ու «գովազդումներից»:
  • CrossNews.am-ն այսօր արդեն հասանելի է նաև սոցիալական ամենատարածված հարթակներում`

facebook.com/crossnews.am

instagram.com/Crossnews.am

twitter.com/CrossNews_am

t.me/crossnews

Լիահույս ենք, որ կայքը կշարունակի իր գործունեությամբ ուրախացնել մեր հազարավոր հետևորդներին և լինել օրհնության պատճառ նրանց համար: Օրհնվա՜ծ ենք քեզանով, սիրելի ընթերցող: