«Աստված պատասխանում է աղոթքներին». հաշտություն Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև

Նախորդ կիրակի Հռոմի պապը հայտարարել էր, որ աղոթում է Հյուսիսային և Հարավային Կորեայի առաջնորդների միջև պատմական գագաթնաժողովի համար, որը մեկնարկել է այս շաբաթ։

Նա ասել է, որ աղոթում է երկու երկրների միջև համագործակցության և բարեկամական հարաբերությունների շարունակության համար, ինչպես նաև Կորեական թերակղզում միջուկային զենքի լիկվիդացիայի համար. տեղեկացնում է vaticannews.va–ն։

Նշենք, որ բանակցությունների շաբաթվա ընթացքում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ինը և Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը հանդիպել են երկու երկրների սահմանին գտնվող Պհանմունջոմ սահմանակետում և միմյանց ձեռք սեղմել, որից հետո Կիմ Չեն Ինն անցել է սահմանն ու հայտնվել Հարավային Կորեայի տարածքում՝ դառնալով հյուսիսկորեական առաջին ղեկավարը, որ այցելել է Հարավային Կորեա:

Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել է, որ կհրաժարվի միջուկային զենքից, եթե ԱՄՆ–ն առաջարկի պայմանագիր՝ հարձակում չգործելու մասին։ Հարավային Կորեայի նախագահի մամլո քարտուղարն ասել է, որ Կիմ Չեն Ինը խոստացել է փակել Հյուսիսային Կորեայի միջուկային պոլիգոնը մայիսին։

Հատկանշական է նաև այն, որ Կորեայի կաթոլիկ եպիսկոպոսական համաժողովը ողջունել է գագաթնաժողովի արդյունքները։ Արքեպիսկոպոս Կիմ Գի Յանգն ասել է, որ Աստված պատասխանում է աղոթքներին և պարգևատրում Եկեղեցու և Կորեայի «Կարիտաս Ինթերնեյշնլ» գործակալության կողմից վերջերս իրականացված հաշտեցմանը ուղղված աշխատանքը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը երկու Կորեաները հայտարարել են հաշտեցման մասին և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Գրեթե 70 տարի անց այն բանից, որ սկսվել է պատերազմը, որն էլ ֆորմալ կերպով շարունակվում է, Հյուսիսային և Հարավային Կորեայի առաջնորդները իրար ձեռք սեղմեցին: