Աստված հոգ է տանում

Աստված հոգ է տանում«Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեցեք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.7)։

Աստված հոգս է անում բոլոր այն մարդկանց համար, ովքեր Նրան են պատկանում և գիտեն, թե ինչպես իրենց հոգսը Նրա վրա գցեն:

Երկու պայման՝ պատկանել Աստծուն և հոգսը Նրա վրա գցել: Եթե այս երկու պայմանները ապահովվում են, ապա Աստված սկսում է հոգս անել տվյալ մարդու համար:

Ովքե՞ր են պատկանում Աստծուն: Ովքե՞ր են կոչվում Նրա ժողովուրդ՝ բոլոր այն հավատացյալները, ովքեր հավատում են Տեր Հիսուսին և ընդունել են Նրա իշխանությունն իրենց կյանքերում, ովքեր ջանք են անում ապրելու Քրիստոսի տված սկզբունքներով և թողել են աշխարհի սկզբունքներով ապրելու հին կյանքից:

Իսկ ի՞նչ է նշանակում հոգսը Աստծո վրա գցել: Քրիստոսին պատկանող շատ հավատացյալներ դեռևս կքված են իրենց հոգսերի ծանր բեռի ներքո: Հոգսը Աստծո վրա կարող է գցել միայն այն հավատացյալը, ով հավատում է, որ Աստված վերահսկում է իր կյանքի իրավիճակը և կարող է լուծում տալ իր խնդրին: Հոգսն Աստծո վրա գցելու միջոցը հավատքն է:

Վախը, անհանգստությունը, վատատեսությունը, անհուսությունն ու հիասթափությունը հեռանում են, երբ հավատացյալը սովորում է իր հոգսը գցել Աստծո վրա: Եկե՛ք մեր բոլոր հոգսերը Աստծո վրա գցենք: Նա հոգս է անում մեզ համար:

Տեր Հիսուսի անունով հոգսը Աստծո վրա գցելու համար անհրաժեշտ հավատք և իմաստություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան