Աստծո ուղարկած տաքսին

Ես որոշեցի պատմել այս պատմությունը՝ շնորհակալություն հայտնելու Աստծուն, որպեսզի մարդիկ ապավինեն Նրան, խնդրեն Նրանից, որովհետև Նա մեծ է, Նա սիրում է ձեզ և հրաշքներ անող Աստված է:

Ես և ընկերուհիս երեկոյան դուրս եկանք զբոսանքի, աշուն էր, և ժամը դեռ ուշ չէր, բայց արդեն քիչ-քիչ մթնում էր:

Այդ տեղանքում կար գետափ, որտեղ շատ էին սրճարաններն ու ժամանցի վայրերը, որոնք մշտապես լի էին մարդկանցով: Մարդիկ այստեղ ընտանիքներով էին գալիս, նայելու գետին և շոգենավերի ընթացքին: Գետափի մոտ տանող մի քանի ասֆալտապատ թեք ճանապարհներ կային:

Զգուշանալով, որ շուտով կմթնի, մենք ընտրեցինք այն ճանապարհը, որը մեզ ամենակարճն էր թվում, չնայած հաստատ չգիտեինք, թե արդյոք դա մեր ուզած վայրը տանո՞ղ ճանապարհն է, թե՞ ոչ, բայց հույս ունեինք, որ այն անցնելու էր մեզ ծանոթ առանձնատների կողքով և լի էր լինելու մարդկանցով, ու մենք, ամեն դեպքում, տեղ կհասնեինք:

Ցավոք սրտի՝ հազվադեպ հանդիպող տները շուտ վերջացան, և պարզվեց, որ այդ թեք ճանապարհը այն մեկը չէր, որը մեզ պետք էր: Քիչ անց այլևս տներ չկային, ոչ էլ՝ մարդիկ: Արդեն գրեթե մթնել էր, իսկ մենք դեռ երևի կես ճանապարհն էինք անցել: Սկսեցինք անհանգստանալ, որովհետև ճանապարհի վերջը չէր երևում, իսկ այն ոչ միայն թեք էր, այլև խորդուբորդ, շուրջը ծառեր էին, ինչպես անտառում, ձախից ձորն էր: Եվ մենք մեզ կշտամբում էինք, որ համարձակվել էինք այդտեղ գալ:

Սկսեցինք հետ՝ դեպի վեր բարձրանալ, ինչը նույնպես դժվար էր, որովհետև մութ էր, իսկ ծառերը խանգարում էին. չէինք կարողանում հասկանալ՝ գնալ դեպի վե՞ր, թե՞ առաջ՝ դեպի անհայտություն:

Հանկարծ լսեցինք շարժիչների ձայն, խառը մարդկային ձայներ, ինչից հասկացանք, որ մի խումբ երիտասարդներ են մոտենում մոտոցիկլներով: Նրանք կանգ առան, ուշադիր մեզ նայեցին, իջան ներքև՝ դեպի խաչմերուկը, և կանգ առան:

Մենք զգացինք, որ մի բան այն չէ: Սկսեցինք վախենալ, արդեն չէինք մտածում ո՛չ փողերի, ո՛չ էլ փաստաթղթերի մասին: Երկուսս սկսեցինք աղոթել, և հանկարծ հայտնվեցին մեքենայի լույսեր: Դա տաքսի էր: Մենք արագ նետվեցինք դեպի մեքենան: Պարզվեց, որ այն ազատ էր: Նման տաքսի կյանքումս չէի տեսել: Բոլոր պատերը և մեքենայի վերևի հատվածը սկավառակներով էին պատված, և մթության մեջ դրանք շողում էին այնպես, ասես մենք հայտնվել ենք տիեզերանավի մեջ:

«Այդ ինչպե՞ս եք այստեղ հայտնվել՝ ի ուրախություն մեզ»,- հարցրեցի ես վարորդին:

Նա քթի տակ ասաց, որ պատահական էր այդտեղով անցնում, բայց վերջում հստակ բարձրաձայն ավելացրեց. «Այս ժամին այստեղով ավելի լավ է չզբոսնել, վտանգավոր է»: Ու այլևս ոչինչ չասաց:

Մենք չհասցրեցինք փակել մեքենայի դռները, երբ տեսանք մոտոցիկլներով երիտասարդներին, ովքեր հետ էին վերադարձել և զարմանքով մեզ էին նայում՝ չսպասելով նման ամայի վայրում տաքսի տեսնել:

Մենք փրկված էինք: Գլխումս մի միտք էր պտտվում. «Սա Աստված արեց»:

Նա ուղարկել էր այս տարօրինակ տաքսին չգիտես որտեղից: Ես ցանկանում եմ սա վկայելով՝ իմ գոհությունը հայտնել Տիրոջը:

Թող Տերը օգնի և պահպանի ձեզ, տա ձեզ առողջություն և երջանկություն:

Նատալյա