Հոգևոր պատերազմ

Հոգևոր պատերազմՏարիներ առաջ ես էլ, ինչպես շատ քրիստոնյաներ, հոգևոր պատերազմ մղելիս սպառազինվում էի Աստծո սպառազինությամբ, բարձրացնում էի ձայնս և մտնում պայքարի մեջ:

Սակայն մեկ օր Աստված իմ առջև բացեց այլ ճանապարհ: Եվ Նա օգտագործեց աթեիստի խոսքերը, որպեսզի անի դա:

Ի՞նչ չէ հոգևոր պատերազմը.

Ամեն բան սկսվեց ֆեյսբուքում մի աթեիստի մեկնաբանությունից իմ գրառման տակ. «Դուք այնքան հաճախ եք խոսում Աստծո սիրո մասին: Բայց հետո դուք միշտ խոսում եք պատերազմի մասին: Եթե Աստված այդքան սիրող է, ապա ինչո՞ւ եք մշտապես խոսում պատերազմի մասին»:

Սկզբում այս մարդու խոսքերը ինձ վրդովեցրին, և ես ուզում էի հանդիմանել նրան: Բայց մի որոշ ժամանակ անց, երբ սկսեցի խորհել նրա խոսքերի շուրջ, լսեցի, թե ինչպես Աստված հստակորեն մի բան էր շշնջում ականջիս. «Հոգևոր պատերազմն այն չէ, որ դու մարտի մեջ մտնես պարտված սատանայի հետ,- ասում էր Տերը:- Հոգևոր պատերազմը կայանում է նրանում, որ մենք մնանք այն Մեկի հաղթանակի մեջ, Ով հաղթել է սատանային»:

Նման միտքը հեղափոխական էր ինձ համար: Բազում տարիների ընթացքում ես պատերազմում էի սատանայի հետ տարբեր մեթոդներով ու ռազմավարությամբ և վերջնական հաշվով՝ իմ սեփական ջանքերով: Եվ, եթե անկեղծ լինեմ, նշանակալի հաղթանակ ես դրանում չէի տեսնում: Բայց Աստված ցույց տվեց ինձ, որ հենց Հիսուսի  ջանքերն էին, որ 2000 տարի առաջ մեկընդմիշտ զինաթափեցին սատանային (Կողոսացիս 2.14-15): Եվ Նրա հաղթանակը մեր հաղթանակն է, երբ մենք պարզապես կանգնում ենք այդ հաղթանակի մեջ:

Նոր հայացք պատերազմի հանդեպ.

Այս հայտնությանս հետ կապված՝ ես վերընթերցեցի Աստծո սպառազինության մասին խոսքերը, և հանկարծ մի քանի նոր բան նկատեցի, որոնք նախկինում չէի նկատում: Այս հատվածը դուք էլ վերընթերցեք.

«Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով և նրա զորության կարողությունովը։ Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիս 6.10-11):

Առաջինը ես ուշադրություն դարձրեցի այն բանին, որ Պողոսը շեշտում է զորավոր լինել Աստծո մեջ և Նրա զորության մեջ: Շարունակելով կարդալ սպառազինության մասին՝ ես տեսա, որ Պողոսը շարունակում է զինել մեզ, բայց ոչ թե պատերազմի համար, այլ կանգնելու համար: Իրականում, «կենալ (կանգնել)» բառի այս կամ այն ձևը օգտագործվում է չորս անգամ ողջ հատվածի ընթացքում:

Հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք հակառակ կանգնել սատանայի ծրագրերին: Վերցրեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք կանգնել չար օրում և ամեն բան հաղթահարելով՝ հաստատ կանգնել:

Հաղթանակ Քրիստոսի մեջ.

Պողոսը վստահեցնում է, որ չնայած այն բանին, թե ինչի ենք մենք բախվում. «բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք նրա միջոցովը՝ որ մեզ սիրեց» (Հռոմեացիս 8.37): Սա անհավանական խոստում է, որ ես կոչ եմ անում ձեզ հռչակել այսօր:

Դադարեք ջանք թափել սատանայի հետ ձեր սեփական ուժերով պատերազմելու համար, բայց նորոգեք ձեր միտքը՝ համապատասխան այն բանի, թե ով եք դուք Քրիստոսի մեջ: Հիսուսը ձեր ճշմարտությունն է: Նա ձեր արդարությունն է: Նա ձեր խաղաղությունն է: Նա ձեր հավատքն է: Նա ձեր փրկությունն է: Նա ձեր սուրն է: Նա ձեր զրահն է:

Հիսուսը ձեր հաղթանակն է:

Քայլ Ուինկլեր