Փրկությունը Տիրոջն է. իրական պատմություն` կատարված Մեծ Եղեռնի օրերին

Փրկությունը Տիրոջն է. իրական պատմություն` կատարված Մեծ Եղեռնի օրերին«Տերը,  որ առյուծի և արջի ձեռքից ինձ ազատեց, այս փղշտացու ձեռքից  էլ կազատի» (Ա Թագ. 17.37):

Գնացքը կանգնեց Կաթմայում, իսկ մենք հանգիստ դուրս եկանք վագոնից՝ Գյանջի Ներսեսի ուղեկցությամբ: Նկատեցի, որ երկաթուղուն հարակից դաշտը մտնելու փոխարեն, նա մեզ տարավ դեպի կայարանամերձ շենքերը: Լուսինը փայլում էր անամպ երկնքում  և գիշերը ցերեկի էր նման: Մենք անցանք մի քանի շենքերի մոտով՝  ուր սպաներ էին ապրում:

Մի սպա դուրս եկավ  մեզ ընդառաջ և սկսեց մոտենալ, իսկ մենք չէինք կարող փոխել ճանապարհը: Սիրտս ուժգին բաբախում էր:  Նա անցավ մեր կողքով:  Մեզ թվաց, որ փորձանքն  անցավ, բայց  օտարականների տեղ դնելով հանկարծ կանգ առավ ու ձայն տվեց.

– Հե՜յ, կանգնե՛ք…

Կանգ առանք:  Վտանգն  անխուսափել էր,  մենք գտնվում էինք գազանի ճանկերում: Ես փորձեցի հավաքել ինձ  ու չկորցնել խիզախությունս:

– Ո՞վ եք դուք, – եղավ սպայի առաջին հարցը:

– Մենք Մեյդան-Էգբես ֆերմայի աշխատողներից ենք ու փայտանյութ ենք մատակարարում կառավարությանը, և թույլտվություն ունենք վերադառնալու Քիլիս՝ այցելելու մեր ընտանիքներին,  -պատասխանեցի ես:

– Իսկ որտե՞ղ են ձեր թույլատրագրերը, -եղավ նրա հաջորդ հարցը:

Վախից հապաղեցինք,  իսկ նա զայրանալով բղավեց.

– Ինչո՞ւ չեք պատասխանում, մի՞թե պարզ թուրքերենով չեմ հարցնում, որտե՞ղ են ձեր թույլատրագրերը:

Հնարավոր չէր խուսափել այդ հարցից,  ձեռքս գրպանս տարա ու նրան մեկնեցի իմ հին թույլատրագիրը: Նա լուսնի լույսի տակ նայեց ու նկատեց, որ ժամկետն անցել  է: Վստահ լինելու համար մոտեցավ կրակին, որի շուրջ  զինվորներ էին տաքանում: Պարզորոշ երևում էր, որ թույլատրագիրը հին էր: Ոստի շուռ գալով դեպի մեզ ասաց.

– Սրանք հնացած են: Արդեն մի քանի օր առաջ ժամկետն անցել է: Դուք իսկությունը չպարզված մարդիկ եք, հետևաբար և վտանգավոր…

Մենք սարսափեցինք, որովհետև մեզ «անծանոթ մարդիկ» ասելով, նա հասկացնում էր, որ պարտիզաններ ենք, որոնք վերջերս էին հրդեհել Ինթիլլին և սպանել տեղի մի քանի բնակիչների:  Եթե նա համոզվեր դրանում, ապա մահն անխուսափելի էր: Նա մեզ բանտարկեց մոտակա շենքի սենյակներից մեկում և երկու զինվորի հրամայեց  խստորեն հսկել մեզ: Իսկ մեզ    ասաց.

– Ես պետք է ավագ սպային պատմեմ ձեր մասին և տեսնեմ ինչ հրաման կարձակի:

Մեզ թվում էր, որ մեր վերջը եկել է: Այնուամենայնիվ,  փորձում էի հանգիստ լինել, սրտիս մեջ լուռ աղոթելով ու տակավին հավատում էի, որ ողորմած Աստծո աչքը մեզ վրա է: Ես ամբողջովին ինձ նվիրել էի Նրա կամքին,  եթե պիտի մեռնեի, աղոթում էի, որպեսզի շնորհք տա ինձ մահվանը նաել համարձակորեն:

Պատկերացնում էի, թե ինպես են ինձ տանում այդ ահավոր ոստիկանական դատարանը, որտեղ հազարավոր անմեղ հայերի են մահվան դատապարտել: Պատկերացնում էի, թե ինչ պիտի ասեի. «Եթե սա Աստծո կամքն է, պատրաստ եմ մեռնել, բայց ես անմեղ եմ: Ես վախենում եմ Աստծուց և քարոզում եմ մարդկանց, որպեսզի հնազանդվեն Նրան և կառավարությանը: Միշտ աղոթում եմ համաձայն Աստվածաշնչի թելադրության, բոլոր ազգերի խաղաղության համար: Քարոզում եմ, որպեսզի մարդիկ կարողանան փրկվել մեղքից և ապրեն մեկը մյուսի հետ սիրով ու խաղաղությամբ»:

Պատկերացնում էի նաև, թե ինչպես է դատարանը մերժում իմ ազնիվ վկայությունն ու խնդրանքը և ինձ մահվան դատապարտում: Ինձ կամ պիտի գնդակահարեին, կամ՝ կախեին: Անշուշտ, այս բոլորը մարդկային խոհեր էին, բայց իրականում ես քաջալերվում էի միայն Աստծով և չէի կասկածում, որ Աստված կարող էր ինձ փրկել այս թվացյալ անհույս վիճակից, եթե՝ կամենար: Դրա համար սկսեցի մեղմորեն երգել Չարլզ Ուեսլիի մեծն օրհներգը. «Հիսուսն՝ իմ հոգու սիրողը»:

Ես չունեմ այլ ապավեն,
Դու ես վեմն իմ, օհ, Տեր իմ,
Մի թող, մի թող ինձ միայնակ
Պատվար եղիր և սփոփանք,
Դու ես Հույսն իմ միակ
Օգնությունս Քեզնից եմ ստացել,
Աղերսում եմ, գլուխն  իմ անպաշտպան,
Պատսպարիր թևերիդ տակ:

Տասը  րոպե անց սպան վերադարձավ, իսկ  ես վախեցած նայեցի նրան: Բայց նկատեցի, որ նրա դեմքի արտահայտությունը փոխվել էր, նա այլևս խոժոռված չէր: Սպան սկսեց խոսել ու մենք սրտատրոփ լսում էինք.

– Ես ավագի հետ խորհրդակցեցի ձեր մասին ու նա ձեր գործը ինձ հանձնեց:

Դա ինքնին այնքան էլ մխիթարական չէր: Այդ սպան կարող էր վճռել մեր ճակատագիրը: Մի՞թե նա պիտի որոշեր, մեզ պետք է գնդակահարե՞ն, թե՞ կախեն: Նկատեցի, որ նրա վարվելակերպը տարբերվում էր մյուս թրքական դաժան սպաներից, որոնք անխնա էին վերաբերվում հայ կասկածյալ պարտիզանների հետ: Նրա վարմունքի մեջ նույնիսկ բարության տարր կար:

– Ես կարծում էի, – շարունակեց նա, – որ դուք պատկանում եք մարդկանց այն փոքրաթիվ խմբին, ովքեր կռվում են մեր դեմ, բայց տեսա, որ դուք անվնաս և անմեղ մարդիկ եք: Ես ներողություն եմ խնդրում: Դուք նոր թույլատրագրեր չունեք, դրա համար վերցրեք ձեր հները: Վերցրեք և շարունակեք ձեր ճանապարհը խաղաղությամբ:

Հատված՝ Ներսես Սարյանի «Ես չպետք է մեռնեմ» գրքից

Պատրաստեց Մարատ Զաքարյանը