Խաղաղություն, որի կարիքն ունենք ամենքս

Խաղաղություն, որի կարիքն ունենք ամենքսԱրդեն մեկ շաբաթից ավել Հայաստանի փողոցները բազմամարդ են. հազարավոր քաղաքացիներ դուրս են գալիս փողոց և մասնակցում բողոքի ցույցերի:

Օրեր շարունակ միջազգային մամուլի գլխագրերը վերաբերում են Հայաստանին ու Երևանին, համացանցը ողողված է նկարներով ու տեսանյութերով, խաթարված է երկրի, հատկապես՝ մայրաքաղաքի բնականոն ընթացքը:

Այս համատարած խառնաշփոթում ամենքս անելիք ունենք՝

Հարգել դիմացինին՝ անկախ նրանից՝ կիսում է նա քո քաղաքական հայացքները, թե ոչ: Յուրաքանչյուր հայորդի կարող է տարբեր դիրքորոշում ունենալ ամենատարբեր հարցերի շուրջ, և դա միանգամայն բնական է ու ընդունելի: Եվ մեզ՝ քրիստոնյաներիս, հարիր չէ դատել միմյանց:

Չգնալ բախումների՝ լինել անցորդ, ցուցարար, թե ոստիկան, յուրաքանչյուրիս պարտքն է ամեն բան անել, որպեսզի խուսափել բախումներից ու անօրինական քայլերից: Անօրինականությունը դատապարտելի է ամեն կողմից, լինի դա ոստիկան, թե քաղաքացի: Ի վերջո, յուրաքանչյուր հայորդի պիտի իրեն ապահով զգա Հայաստանում:

Պահպանել խաղաղություն: Թերևս մեր երկրի համար այսօրվա թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը խաղաղությունն է: Ու երբ ամենքիս ջանքն ու աղոթքն ուղղված է երկրի սահմանին խաղաղություն պահելուն, անկարելի է թույլ տալ անխաղաղ փոթորկումներ երկրի ներսում:

Աղոթք բարձրացնել առ Աստված: Ինչպես երկու տարի առաջ ապրիլին հայությունը հայացքը հառեց երկինք ու խաղաղություն էր խնդրում երկրի համար, այնպես էլ այսօր յուրաքանչյուրս պետք է աղոթք բարձրացնենք մեր երկրի համար ու խնդրենք աստվածային միջամտություն: Եվ աղոթենք, որ հաստատվի Աստծո պահպանությունը և կամքը մեր երկրի համար: Ի վերջո, այնտեղ՝ փողոցում մեր քաղաքացիներն են, մեր քույրերն ու եղբայրները, նույնը նաև ոստիկանության զորքերում ծառայողները, և ամենքիս աղոթքը պիտի լինի այս դժվարին պահին, որ Հայաստանում հաստատվի խաղաղություն ու բացառվեն բախումները: Հայաստանը քո կարիքն ունի, Տե՜ր:

Ո՞րն է լուծումը՝
«Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն, աղոթք անեն, իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մնացորդաց 7.14):

CrossNews.am