Գանձեր՝ կավե ամաններում

 Գանձեր՝ կավե ամաններումՍա հրաշքների դարաշրջան է. վերջին հիսուն տարվա ընթացքում մարդկությունն այնքան հրաշքներ ու տեխնոլոգիական նվաճումներ է տեսել, որքան չի տեսել աշխարհի ստեղծումից ի վեր: Այդուհանդերձ, ամենամեծ հրաշքը մարդկային մարմինն է:

Տեսնենք, թե մարմինը որքան ջերմություն է արձակում. մարմնի արձակած ջերմությամբ հնարավոր է թրմել 5 թեյնիկ թեյ: Չնայած դրան՝ մեր մարմնի ջերմաստիճանը, անկախ մեր բնակության վայրից կամ տարվա եղանակից, անփոփոխ է:

Մարմինն ունի 10 միլիոն նյարդային բջիջ, որոնցից յուրաքանչյուրն արտադրում է 700 000 վոլտ էներգիա, սակայն ոչ ոք չի էլեկտրահարվում: Ուղեղի «հոսանքափոխարկիչը» նվազեցնում է հոսանքի բարձր լարվածությունն ու այն հավասարաչափ բաշխում մարմնում, որի շնորհիվ էլ ողջ ենք մնում:

Ի՜նչ հրաշալի է մարդկային աչքը: Դեպի աչք ձգվող 300 000 նյարդ և արյունատար մազանոթ կա: Աչքը ամենակատարյալ  «լուսանկարչական սարքն» է, որն օր ու գիշեր ակնթարթորեն գունավոր նկարներ է «նկարում»: Այն հրաշալի կառուցվածք ունի:

Եթե 17 դաշնամուր դնենք կողք կողքի, կունենանք 1500 ստեղն. այսպիսին է մեր լսողությունը. բազմաթիվ ելևէջներ կարող է ընկալել:

Սիրտը, որ բռունցքի չափ մկանային մի հանգույց  է, ամեն օր 3000 գալոն (հեղուկաչափի միավոր, որը հավասար է 4,55 լիտրի) արյուն է արտամղում 100 000 մղոն արյունատար անոթների միջով: 70 տարվա ընթացքում սիրտը բաբախում է 3 միլիարդ անգամ և արտամղում է  77 միլիարդ գալոն արյուն:

Մեր ուղեղն Աստծո պարգևած ամենաթանկ նվերներից մեկն է, բայց ինչպես ասում են, նույնիսկ ամենախելացի մարդն  անգամ իր ուղեղի կարողության միայն 10 տոկոսն է օգտագործում:

Այո՛, մարդու մարմինը հրաշք է, բայց Աստված ասում է, որ այն հող է և հողին  էլ պիտի վերադառնա: Այն գոլորշի է, խոտ, ընդամենը մի ծաղիկ, որ ժամանակավոր է, որդերի կերակուր, մահկանացու: Բայց  Աստված միայն այդ չի ասում: Այս մահկանացու և ապականված մարմնի մեջ Աստված գանձ է դրել, իր շունչն է փչել, իր հոգուց մի բեկոր, մի կայծ է դրել: Դա շատ թանկարժեք գանձ է, ամբողջ աշխարհից էլ թանկ, իհարկե, եթե հավատաս Աստծուն և նրա տված առանձնահատուկ ու թանկարժեք կյանքի պարգևն ստանաս:

Մարդիկ կան, ովքեր չեն հավատում Աստծուն, հավատում են «ոչնչին»: Հայտնի գրող  Էռնեստ Հեմինգուեյը շատ ինքնաբավ, ըմբոստ ու խիզախ  էր Աստծուն ժխտելիս: Իսկ երբ նրա կյանքն անհաջող ընթացք ստացավ, և նա իր հպարտությունը կորցրեց, կորցրեց նաև ապրելու ցանկությունը: Ի տարբերություն նրա՝ Ջոնի Էրիկսոնը, ով դժբախտ պատահարից հետո անդամալույծ էր դարձել, անմիջապես բացահայտել էր իր «կավե, կոտրած ամանի մեջ թաքնված գանձը» և սկսել էր այնպես ապրել, որ Աստծուն փառք բերի:

Ծերությունը, հիվանդությունը, կյանքի ճգնաժամերը չեն կործանի մեզ, եթե Աստված ղեկավարի մեր կյանքը: Նա մեր քայքայվող մարմնում կյանքի գանձ է դրել:

«Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտ ենք, բայց չենք տարակուսում, հալածված, բայց երեսից  չընկած, վայր ընկած, բայց չկորած» (Բ Կորնթ.4.8-9):

Հիշենք, որ ամանը, թեկուզև կավից լինի, հնարավոր է՝ իր մեջ անգին գանձ ունենա…

Փոլ Սթիվենս