Անհայտության վախը

Անհայտության վախըՄի մարդ հանցագործություն է կատարում: Նրան բռնում, բերում են թագավորի մոտ՝ դատաստանի:

Այդ հանցագործության համար նրան սպասվում էր մահապատիժ, բայց թագավորն առաջարկում է վերջինիս անձամբ ընտրել իր պատժի տարբերակը՝ կամ պետք է  կախաղան բարձրացվի, կամ էլ  հայտնվի սև պողպատե մի դռան ետևում:

Մարդը մտածում է և ընտրում կախաղանը:

Երբ վզին հագցնում են պարանը, մարդը հանկարծ բացականչում է. «Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ կար այդ դռան ետևում»:

Թագավորը ժպտալով պատասխանում է. «Պատկերացնո՞ւմ ես, ծիծաղելի բան է ստացվում… Ես բոլորին առաջարկում եմ ընտրություն, և բոլորը կախաղանն են ընտրում»:

«Իսկ ի՞նչ է դռան ետևում: Ես, միևնույնն է, էլ ոչ մեկին չեմ կարող ասել, մի քանի վայրկյանից մեռնելու եմ»,- ավելացնում է հանցագործը:

Մի փոքր դադարից հետո թագավորը պատասխանում է. «Այնտեղ ազատությունն է: Բայց մարդիկ այնքան են վախենում անհայտությունից, որ նախընտրում են պարանը, քան ազատությունը»:

Անհայտ հեղինակ