Մի վախեցեք լինել մեկը, ով կաք իրականում. Ջոն Մեյսոն

Եղեք մեկը, ով կաք իրականում։ Ըստ ձեզ, իրենք իրենցից դժգոհ մարդիկ, ում դուք ճանաչում եք, արդյոք խելամի՞տ են վարվում, երբ փորձում են փոխել իրենց արտաքինը կամ ապրելակերպը՝ նմանվելով մեկ ուրիշին։

Մի ժողովրդական ասույթում ասվում է. «Կոտրված ծառը կարող է ջրի մեջ մնալ տասը տարի էլ, բայց այն երբեք կոկորդիլոս չի դառնա»։ Աստվածաշնչյան մարգարե Երեմիան հարցնում է. «Մի՞թե եթովպացին կփոխի իր մորթը, կամ ինձը՝ իր խայտուցները» (Երեմիա 13:23)։

Հուլիոս Խառն ասել է. «Մնա մեկը, ով կաս։ Սա առաջին քայլն է՝ դառնալու ավելի լավ մեկը, քան կաս»։ «Պարադոքսը նրանում է, որ ես փոխվում եմ միայն այն ժամանակ, երբ ինձ ընդունում եմ այնպիսին, ինպիսին որ կամ»,- ասել է Կառլ Ռոջերսը։

Ստրուկ է նա, ով իր սեփական կարծիքը չունի, այլ կախված է ուրիշների կարծիքից։ Պարզապես երազել, թե ով դուք կարող էիք դառնալ, նշանակում է զուր վատնել այն անհատականությունը, որը դուք արդեն իսկ ունեք։ Չկա ավելի հիասթափված մարդ, քան մեկը, ով իր կյանքը վատնում է ուրիշներին «ժառանգելու» համար։

Մարդը, ով ջանում է հաճեցնել բոլորին, շատ շուտով իրեն կսպառի և կհոգնի։ Եթե դուք չունեք կյանքի սեփական ծրագիր, ուրեմն կդառնաք օտարի ծրագրի մասնիկը։ Երբեք մի ցանկացեք նման լինել ինչ–որ մեկին ինքներդ ձեզնից բացի։ Անդրե Ժիդն ասել է. «Ավելի լավ է ձեզ ատեն այն բանի համար, թե ով դուք կաք, քան սիրեն ձեզ այնպիսին, ինչպիսին որ չեք իրականում»։

Մինչև չհաշտվեք այն իրողության հետ, թե ով եք դուք իրականում, երբեք գոհ չեք լինի այն ամենով, ինչ ունեք։ Դուք ունեք միայն մեկ կյանք՝ ձեր սեփականը։ Մարդը, ով քայլում է օտարի հետքերով, երբեք իր սեփական հետքը չի թողնի։ Կյանքում մեր ունեցած փորձությունների մեծ մասը կատարվում է մեր սեփական անձի չճանաչողության և մեր իրական արժանիքների անտեսման պատճառով։ Ջոն Սթյուարտ Միլն ասել է. «Ամեն բարի բան մեր ինքնատիպության արդյունքն է»։ Մարդկանց մեծ մասը ողջ կյանքում այդպես էլ չի ճանաչում, թե ով է ինքը իրականում։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ հետ նման մի բան կատարվի։ Չկա աշխարհում ավելի հեշտ բան, քան լինել մեկը, ով կաս։

Չկա ավելի դժվար բան, քան դառնալ մեկը, ինչպիսին, որ ուրիշներն են ցանկանում ձեզ տեսնել։ Մի դրեք ձեզ նման դրության մեջ։ Խիզախության հակառակ կողմը վախը չէ, այլ համաձայնությունը։ Կյանքում ամենահոգնեցուցիչն ու անիմաստը՝ օտարի կանքով ապրելու փորձն է։

Խորհեք մեր ժամանակների մեծագույն նկարչի խոսքերի շուրջ. «Մայրս ասում էր ինձ. «Եթե դառնաս զինվոր, ապա գնդապետ էլ կդառնաս, եթե դառնաս ճգնավոր, կդառնաս նաև պապ»։ Փոխարենը ես դարձա նկարիչ և կյանքիս ընթացքն ավարտեցի՝ որպես Պիկասսո»։ Դեռևս ոչ մի մարդ մեծագույն մեկը չի դարձել՝ ուրիշներին նմանակելով։ Փորձելով ուրիշներին նմանվել՝ դուք սահմանափակում եք ինքներդ ձեզ։

Թողեք ՁԵՐ հետքը պատմության մեջ։ Մի վախեցեք լինել մեկը, ով կաք իրականում։