5 աստվածաշնչյան խոսք, որ կօգնեն քեզ սահմանելու քո ուղղությունը

Առանց նպատակի կյանքը սպասողականությամբ լցված չի լինի, և մենք չենք ունենա իմաստ՝ ինչ որ բան անելու, հուսալու և աշխատելու:

Փառք Աստծուն, որ Նա մեզ չի թողնում առանց նպատակի: Նա չի թողնում մեզ միայնակ մեր փորձերի մեջ՝ իմանալու, թե ինչու ենք այստեղ՝ այս երկրի վրա: Նա չի թողնում մեզ՝ որոնելու ճանապարհներ մութ գիշերվա մեջ:

Նա տվել է մեզ Իր Խոսքը, որն ուղղորդում է, թե ուր պետք է գնանք, նաև սովորեցնում, թե ինչպես գնանք:

Ի՞նչ ես դու որոնում քո կյանքի այս փուլում՝ գուցե ուղղություն, գուցե մի բանալի, որ կհուշի՝ ինչ անել: Ուզում եմ կիսվել մի քանի խոսքերով Աստվածաշնչից, որոնք կօգնեն հասկանալ, թե քրիստոնյայի համար ինչն է կարևոր: Երբ կարևորում ես կարևորը, մնացած ամեն բան իր տեղն է ընկնում:

Հետևիր Քրիստոսին. Փիլիպպեցիս 3.12-14

«Ոչ իբր արդեն բռնած լինեմ, կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որ իցե թե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսիցը բռնված եմ։ Եղբայրք, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով՝ դեպի առաջի լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը»:

Մի ապրիր աշխարհի սկզբունքներով, այլ առաջնորդվիր Աստծո Խոսքով. Հռոմեացիս 12.1-2

«Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրք, Աստծո ողորմությունովը, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը. այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբը, որ դուք քննեք, թե ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը»:

Ապրիր Քրիստոսի համար. Կողոսացիս 3.1-3

«Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը: Վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները. վասնզի դուք մեռաք՝ և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ»:

Զգուշացիր քո սրտի համար. Առակաց 4.23

«Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը»:

Ներկայացրու Քրիստոսին և՛ կյանքով, և՛ բառերով. Մարկոս 16.15-18

«Եվ նրանց ասաց. գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի։ Ով որ հավատաց և մկրտվեց կփրկվի. և ով որ չհավատաց՝ կդատապարտվի։ Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն. իմ անունովը դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն.  օձեր վեր կառնեն և եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա. հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»:

Աղբյուր՝ Christian Today