Երկու նկար

 

նկար Մի թագավոր է լինում: Նա ուզում է այնպիսի նկար ունենալ, որը խաղաղություն ու հանգստություն կարտահայտի: Նա պարգև է խոստանում լավագույն նկարի համար: Շատ նկարիչներ են փորձում նկարել այդպիսի նկար: Թագավորը նայում է բոլոր նկարները և ընտրում դրանցից երկուսը, որոնք իրոք նրան դուր են գալիս: Եվ այդ երկուսից նա դեռ պետք է ընտրեր առավել արժանավորը:

Մի նկարում պատկերված էր խաղաղ լիճ, որը, ինչպես հայելի, արտացոլում էր շուրջը վեր խոյացած լեռները, կապույտ երկինքը՝ ճերմակ ամպերով: Յուրաքանչյուրը, ով նայում էր այս նկարին, մտածում էր, որ հենց դա է հանգիստ ու խաղաղություն հաղորդող կատարյալ նկարը:

Երկրորդ նկարում պատկերված էին լեռներ, որոնք անհամաչափ էին ու մերկ: Վերևում նկատելի էր մոլեգնող երկինքը, անձրև էր տեղում, փայլատակում էր կայծակը: Լեռների բարձունքից գահավիժում էր փրփրող ջրվեժը: Այստեղ կարծես թե խաղաղության նշույլ անգամ չկար: Սակայն ուշադրությամբ նայելով ջրվեժին՝ թագավորը նկատում է նրա հետևում նշմարվող փոքրիկ մի թուփ, որն աճել էր ժայռի խորշում: Այդ թփի վրա թռչունը բույն էր հյուսել: Եվ այդ փրփրադեզ ու մոլեգնորեն ցած իջնող ջրի հարևանությամբ թռչնակն իր ձագուկներին հանգիստ կերակրում էր:

Հենց այս նկարն էլ ընտրում է թագավորը: Նա ասում է.

-Խաղաղությունը դա հանգիստ ու լուռ վայրը չէ, որտեղ չկա ոչ մի աղմուկ ու շշունջ, որտեղ չկա աշխատանք ու վազք: Խաղաղությունն այն է, երբ այդ բոլորը կան, սակայն սրտիդ մեջ, միևնույնն է, հանգիստ է ու ներդաշնակություն:

Ըստ pritchi.ru-ի