Որ դեպքում արժե հրաժարվել երազանքից

Ես մի ընկեր ունեմ, նա անուղղելի երազող է: Նա մշտապես գնում է մի երազանքից մյուսը: Մեկ ուզում է սրճարան բացել, մեկ՝ դառնալ աստղ: Եվ ամեն անգամ նա մատուցում է դա՝ որպես իր կյանքի երազանք: Ամեն անգամ հերթական երազանքի մեջ մեծ գումարներ է ներդնում:

Ցավոք սրտի՝ այդ երազանքները այդպես էլ երազանք են մնում: Իսկ ավելի վատն այն է, որ նա ունի ընտանիք, որը ամեն անգամ տուժում է նրա «չմտածված» գաղափարներից:

Հավանաբար, դուք էլ նման ծանոթներ ունեք, կամ էլ դուք ինքներդ հիմա կսկսեք անհանգստանալ ձեր երազանքների մասին, թե գուցե դրանք նույնքան ոչ խելամիտ են, որչափ այն տղայինը:

Ինչպե՞ս հասկանալ սա: Եթե երազանքները ամեն շաբաթ փոխվում են՝ կցվելով «դե ոչինչ, այ հիմա ես հասկացա» համատեքստին, ուրեմն պետք է թողնել դրանք: Բայց եթե դուք արդեն ծախսել եք բավականաչափ գումար և ժամանակ ու որոշակի քայլեր եք արել այդ երազանքին հասնելու ուղղությամբ, ապա այն թողնելը նման է մտերիմ մեկի կորստին:

Ինչպե՞ս իմանալ՝ թողնել ամեն բան, թե՞ առաջ շարժվել:

Այստեղ միանշանակ կարիք կա շատ աղոթելու: Միայն թե Աստված ցույց տա կանաչ լույսը՝ կա՛մ անցնելու առաջ, կա՛մ թողնելու:

Բայց իմ փորձառությունից ելնելով՝ հասկացել եմ. կան մի քանի դեպքեր, երբ հաստատապես արժե հրաժարվել երազանքից:

Երբ այն հակասում է ձեր անհատականության տեսակին

Ձեր երազանքը պետք է համապատասխանի ձեր ներաշխարհին: Եթե այն բաժանվում է ձեր էությունից, ասես՝ մասնատում է ձեզ, ապա պետք չէ ամեն բան թողնել և վազել դրա հետևից: Գուցե կես ճանապարհին հասկանաք, որ դուք չեք էլ երազում դրա մասին:

Երբ ձեր սեփական երազանքը ստիպում է մոռանալ Աստծուց տրված երազանքի մասին

Եթե երազանքը Աստծուց է եկել, ապա նվազագույնը երեք բան այդ երազանքի մասին ճիշտ կլինի.

  • Այդ երազանքի արդյունքը Աստծուն փառք կբերի:
  • Դրա կատարումը օրհնություն կլինի ուրիշների համար և օգուտ կբերի մարդկանց:
  • Դժվար թե այն հնարավոր լինի իրականացնել սեփական ուժերով:

Եթե ձեր երազանքը համապատասխան չէ վերոնշյալ պայմաններից ոչ մեկին, այլ այն ընտրելու դեպքում՝ պետք է հրաժարվեք մյուսից, որը հաստատապես Աստծուց է, ապա մեկ անգամ ևս մտածեք, թե ինչ եք ընտրում:

Երբ ձեր երազանքը ստիպում է փոխզիջման գնալ ձեր համոզմունքների և հավատքի հարցում  

Հաճախ այն, ինչ մենք ենք ուզում, ստիպում է մեզ գնալ փոխզիջումների մեր բարոյական և հոգևոր սկզբունքների հարցում: Սա ազդանշան է՝ կանգ առնելու և քննելու մեր անձը:

Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր գնալով իրենց մանկության երազանքների հետևից՝ այսօր հեռացել են Աստծուց: Տիրոջից եկած երազանքը ձեզ երբեք չի հեռացնի Իրենից:

Մի պահ այն անգամ կարող է անհնարին ու անկատար թվալ: Այդպես եղավ Աբրահամի և Սառայի մոտ. նրանք անգամ փորձեցին իրենց ճանապարհով լուծում տալ հարցին, մինչդեռ Աստված ուներ իր ծրագիրը և իր ժամանակը:

Եթե մենք արհեստական ձևով չարագացնենք դեպքերը, Աստված ամեն բան կանի Իր ժամանակին:

Թողնելով մեր ցանկությունները և ամեն ծրագրեր Տիրոջը հնազանդեցնելով՝ մենք թույլ կտանք Նրան՝ կատարելու դրանք, և արդյունքում ողջ փառքը Աստծունը կլինի:

Ես հազվադեպ եմ մարդկանց խորհուրդ տալիս հրաժարվել իրենց երազանքներից, անգամ համարում եմ, որ շատերը շատ շուտ են հանձնվում, մինչդեռ անհրաժեշտ էր մինչև վերջ գնալ: Եթե անում ենք մի բան, ինչը Տիրոջն է փառավորում, ապա դա լավագույնն է, որ կարող ենք անել:

Երազեք և պահեք այն երազանքները, որոնք Տիրոջից եք ստանում, որոնց մասին անգամ դուք ինքներդ էլ երազել չէիք կարող:

Ջոնաթան Մալմ