Կայացավ «Միաբանություն» եկեղեցու գարնանային համաժողովը

Ապրիլի 13-ին Երևանի «Էմմանուէլ» եկեղեցու դահլիճում կայացավ Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու գարնանային համաժողովը՝ «Որ Աստծո մարդը կատարյալ լինի…» խորագրով։ Համաժողովի առաջին հատվածում պատգամախոսը «Էմմանուէլ» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանն էր, ով խոսեց այն մասին, թե ինչ բան է կատարելությունը, քանզի առանց դա իմանալու ոչ ոք չի կարող կատարյալ լինել:

«Միաբանություն» եկեղեցու գարնանային «Որ Աստծո մարդը կատարյալ լինի…» խորագրով համաժողովի երկրորդ մասը բացեց Բջնիի «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցու ավագ հովիվ Ժորա Թովմասյանը: Անձնական վկայություններով հագեցած հովվի խոսքը ամեն օր մեր Տիրոջ հետ ապրելու հորդոր էր. հիմքը կա, Տերը գցել է հիմքը, մեզ մնում է միայն քայլել այդ հիմքի վրայով:

«Մեր փառաբանություններն ու երգերը ավելի շատ ուղղված են լինում մեզ, թե ինչ արեց Տերը մեզ համար, քան թե Ով է Նա»: Եվ նայելով Նրան ու Նրա արած գործին՝ հասկանում ենք, որ կատարելության հասնելու ճանապարհը Խաչի ճանապարհն է:

Երբ թուլանում եմ, բացում ու կարդում եմ Հովհաննես 19.17-ը. «Խաչափայտն ինքը վերկալած՝ դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ եբրայեցերեն Գողգոթա է կոչվում»: Նա վերցրեց Խաչն ու գնաց…»: Որքան մոտենում եմ Խաչին, այնքան ավելի եմ սիրում մարդկանց»:

Համաժողովի վերջին պատգամախոսը Հրազդանի «Վերածնունդ» եկեղեցու ավագ հովիվ Արտավազդ Ղազարյանն էր:

«Ես միշտ այն մարդուն եմ համարել Աստծո մարդ, ով իր վարքով կատարյալ է երևացել: Այսօրվա մեր համաժողովի խորագիրը, սակայն, մեզ ասում է, որ կարող ենք լինել Աստծո մարդ, բայց դեռ կատարյալ չլինենք:

Աստված երբեք սխալ ընտրություն չի անում, և Նա չի սխալվել քեզ ընտրելով: Հակոբին Աստված ասաց. քեզ բաց չեմ թողնի, մինչև իմ բոլոր խոստումները չկատարեմ: Հավատում եմ, որ այդ Խոսքը մեզ բոլորիս է վերաբերում:

Հիսուսն ասաց. առողջներին բժիշկ պետք չի, այլ հիվանդներին: Այլ խոսքերով՝ Նա եկավ՝ ոչ կատարյալներին կատարյալ դարձնելու: Այսինքն, Նա եկավ հենց մեզ համար, մեզ, որ կատարյալից շատ հեռու ենք, վերցրեց, որ դարձնի կատարյալ:

Ո՞րն է մարդու բաժինը կատարյալ դառնալու ճանապարհին. հնազանդվել Աստծո Խոսքին: Հայտնության գիրքն ասում է. երանի նրան, ով կլսի ու կկատարի: Անգամ եթե մենք տարիներ ենք բաց թողել անհնազանդության մեջ, եթե այսօր հնազանդվենք, Աստված կվերականգնի մեր կորցրած տարիները: Աստված հաղթող է, ու Նրա հաղթությունը մեր կյանքերի մեջ է երևալու: Երբ Աստված ասում է քեզ որևէ բարի բան, արա՛: Բոլոր աստվածաշնչյան հզոր հերոսները այն մարդիկ էին՝ Աստծո մարդիկ, ովքեր անմիջապես անում էին այն, ինչ Աստված նրանց ասում էր»:

Նշենք նաև, որ համաժողովի ընթացքում ծառայեցին Երևանի «Էմմանուէլ» եկեղեցու և Հրազդանի «Վերածնունդ» եկեղեցու փառաբանության խմբերը:

Մասնակիցները փաստում են, որ կայացած համաժողովը օրհնություն և շինություն էր բոլորի համար, և յուրաքանչյուրն էլ սիրով և սպասումով են մոտենում իրենց համաժողովներին: