«Կատարվեցավ». ինչ կար Հիսուսի արտասանած այս մեկ բառի մեջ

«Կատարվեցավ». ինչ կար Հիսուսի արտասանած այս մեկ բառի մեջԵրբ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում մեղք գործեցին, Աստված տվեց մարդկության համար կարևորագույն խոստումներից մեկը: Աստվածաբանները կոչում են այն մի բառով, որ թարգմանաբար նշանակում է «առաջին Ավետարան»: Սա առաջին մարգարեությունն է և փրկության առաջին խոստումը:

Աստված ասում է օձին. «Եվ ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերունդի և նրա սերունդի մեջտեղը. նա քո գլուխը ջախջախի, և դու նրա գարշապարը խայթես» (Ծննդոց 3.15):

Որպես Ադամի և Եվայի մեղքի արդյունք՝ մարդը կորցնում է Աստծո հետ կապը, բայց այս մեծագույն կորուստից հետո Աստված վերականգնում է խոստանում. Հիսուսը կգա՝ օձի գլուխը ջախջախելու: Ի դեպ, այս անկումը Աստծուն անակնկալի չի բերում: Հայտնություն 13.8-ում Հիսուսի մասին գրված է. «Գառը… որ աշխարհքի սկզբիցը հետե մորթված է»: Սա խոսում է այն մասին, որ Աստված գիտեր մարդու բնավորությունը և նախապես արդեն անհրաժեշտ ամեն բան նախատեսել էր:

Նույն կերպ, ինչպես Դավիթը Գողիաթին սպանում է նրա իսկ սրով, այնպես էլ Հիսուսը սատանային խոցում է վերջինիս ամենահզոր զենքով՝ մահով:

«Արդ որովհետև մանկունքն արյունի և մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց. որ իր մահովը խափանի մահի իշխանությունն ունեցողին, այսինքն սատանային, և ազատի նրանց, որ մահի վախովն իրենց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված էին» (Եբրայեցիս 2.14-15):

Մինչև Խաչը, սատանան մարդկության վրա իշխելով՝ մահը իր ձեռքին ուներ՝ որպես մի սարսափազդու գավազան: Հիմա, այն բանից հետո, երբ Հիսուսը հաղթեց մահին, նրանք, ովքեր հավատում են Նրա փրկագնող զոհին, այլևս չպետք է վախենան այդ գավազանից: Մահը այլևս վերջը չէ, այլ փառավոր սկիզբ: Այն միջոց է, որով մենք կյանքից հավիտենություն ենք անցնում:

Նույն Հոգին, որ Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապրում է մեր մեջ, և կգա այն օրը, երբ յուրաքանչյուրիս կյանքում կիրականանա այս Խոսքը. «ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգովը, որ ձեզանում բնակված է» (Հռոմեացիս 8.11): Քրիստոնյայի համար մահը նույնքան անվտանգ է, ինչպես մեղուն՝ առանց խայթի:

«Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (Ա Կորնթացիս 15.55):

Հիսուսի՝ Խաչի վրա ասված վերջին Խոսքը՝ «Կատարվեցավ», մեծ իմաստ ուներ: Նա չէր խոսում ոչ Իր կյանքի, ոչ էլ Իր երկրային ծառայության ավարտի մասին:

Ահա թե ինչ էր նշանակում «կատարվեցավ».

  1. Գրվածքները կատարվեցին: Նրա ծնունդի, ծառայության, տառապանքների և մահի մասին բոլոր մարգարեությունները կատարվեցին:
  2. Զոհաբերության կարգը փոխվեց: Հիսուսը՝ Աստծո Գառը, մեր միակ զոհը եղավ: Այլևս ողջակեզներ պետք չեն:
  3. Մեր մեղքերի գինը վճարվեց: «Կատարվեցավ» բառը հունարեն «tete/lestai» բառերի թարգմանությունն է, որը նշանակում է «լիովին վճարված» է:
  4. Փրկության ծրագիրն ավարտվեց:
  5. Սատանայի հանդեպ հաղթանակը կատարվեց: Հիսուսն իր գարշապարով կանգնեց օձի գլխին և վերցրեց դժոխքի բանալիները:

Հիմա մեր քայլն է: Այն, ինչ Հիսուսն արեց Խաչի վրա մեզ համար, ոչ մի օգուտ չունի, եթե մենք չենք ապաշխարում և չենք հավատում: Երբ մենք հանձնվում ենք Քրիստոսին, մենք մեր գարշապարը օձի գլխին ենք դնում և մտնում Քրիստոսի հաղթանակի մեջ:

«Եվ խաղաղության Աստվածը խորտակի սատանային ձեր ոտքերի տակ շուտով» (Հռոմեացիս 16.20):

Բեն Գոդվին