Դժբախտ մեծահարուստի փրկությունը

Դժբախտ մեծահարուստի փրկությունը«Որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկաս 19։10)։

Դեպի Երուսաղեմ հաղթական մուտքի ճանապարհին Հիսուսը, բժշկելով կույրերին և հիվանդներին, մտնում է Երիքով և անցնում նրա միջով։

Երիքովը Հորդանան գետի ափին տեղակայված առատ, բազմագանձ և ունևոր քաղաք էր և մոտ լինելով Երուսաղեմին՝ վերահսկում էր ոչ միայն Երուսաղեմ տանող ճանապարհները, այլ նաև Հորդանան գետով անցնող լաստանավերը։ Քաղաքը հարուստ էր արմավենու այգիներով և վարդերի պարտեզներով, ինչը ողջ Հռոմեական կայսրությանը ապահովում էր մեծ քանակությամբ արմավենիով և բալասանով։ Տնտեսապես զարգացած Երիքովը ապահովում էր իշխանությանը մեծ հարկերով։

ԵՎ Ղուկասի Ավետարանի 19-րդ գլխի 1-10 համարներում կարդում ենք Զաքեոս անունով մեծահարուստ մի մաքսապետի փրկության մասին։ Զաքեոսը աշխարհի տեսանկյունից հաջողված մարդ էր, ով ուներ իշխանական բարձր պաշտոն, մեծ եկամուտներ։ Զաքեոսը ղեկավարում էր մաքսավորներին, ովքեր կաշառակեր և ժողովրդին զրպարտություններով հարստահարող մարդիկ էին։ Շարունակելով կարդալ՝ տեսնում ենք Զաքեոսի մեծ փափագը Հիսուսին տեսնելու և հանդիպելու համար։ Հասարակությանը Հիսուսը հայտնի էր նաև՝ որպես «մաքսավորների և մեղավորների ընկեր», և Զաքեոսը ամեն գնով ձգտում էր հանդիպել Հիսուսին՝ գուցե ինչ-որ շահի ակնկալիքով։

Բայց, ամենայն հավանականությամբ, հոգնել էր հարստություն կուտակելուց, փնտրում էր իրական երջանկությունը, զղջում գործած մեղքերի համար և ցանկանում ապրել արդար և ազնիվ կյանքով՝ ազատվելով հասարակության կողմից ատելի լինելուց։

Զաքեոսը բազմության և իր կարճ հասակի պատճառով չկարողանալով հանդիպել Հիսուսին՝ բարձրանում է ժանտաթզենու վրա՝ Նրան այնտեղից տեսնելու համար։

Այսօր աշխարհում շատերը կան Զաքեոսի նման, որ փնտրում են իրական երջանկությունը, իրենց կյանքի նպատակը, սակայն կարծիքների բազմազանության և «կարճ» կամ թերի տեղեկությունների պատճառով չեն կարողանում տեսնել Հիսուսին՝ Ճշմարտությունը, Կյանքը և Ճանապարհը ամբողջությամբ։ Եթե դու էլ չես կարողանում հադիպել Հիսուսին ինչ-որ խնդիրների պատճառով, ապա օգտագործիր քո բոլոր հնարավորությունները Հիսուսին տեսնելու համար։

Զաքեոսը չամաչեց հասարակությունից և չվախեցավ բազմության շատությունից, որտեղ շատ կային իրեն վնաս տալ ցանկացողներ, այլ ամեն գնով գնաց դեպի Հիսուսը, դեպի իր նպատակը և արդյունքում ստացավ փրկություն՝ Հիսուսը հանգրվանեց իր տանը։

Հենց այսօր փնտրիր Հիսուսին, օգտագործիր բոլոր հնարավորություններդ, և այսօր փրկությունը կգա քո կյանք և քո տուն։

«Հիսուսն էլ նրան ասաց՝ այսօր այս տանը փրկություն եկավ ․․․որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկաս 19։ 9-10)։

Նորայր Մարգարյան