Բարի մարդուն երկինքն էլ է օգնում

Բարի մարդուն երկինքն էլ է օգնում Գյուղի միջով մարդիկ էին գնում: Նրանք հարևան շրջանից փախչում էին ժանտախտի համաճարակից: Շատերը հյուծված էին և ողորմություն էին խնդրում, բայց գյուղի բնակիչները ծխահարում էին իրենց տները և ամուր փակում էին դարպասներն ու փեղկերը:

Միայն մի գյուղացի չդիմացավ: Նա իր ամբարից մի քանի պարկ ալյուր բերեց և կնոջը հրամայեց.

-Հա՛ց թխիր: Չեմ կարողանում հանգիստ նայել այս դժբախտությանը, գոնե ինչ-որ մի բանով օգնեմ:

Կինը սկսեց հաց թխել, իսկ գյուղացին տաք բոքոնները ձեռքին՝ դուրս էր գալիս ու բաժանում էր սովյալներին: Մի ծերունի դրա դիմաց մի փոքրիկ պարկ տվեց նրան և ասաց.

-Վերցրու՛, բարի՛ մարդ: Ես տնից ինձ հետ վերցրել եմ այս պարկը, բայց իմ ընտանիքը զոհվել է, և սա ինձ այլևս պետք չէ:

Ծերունին վերցրեց հացը, լաց եղավ ու շարունակեց իր ճանապարհը: Գյուղացին վախենում էր վարակվելուց և պարկը շպրտեց ցախանոցի անկյունը:
Փախստականների հոսքը հսկայական էր, և շուտով գյուղացու ալյուրը վերջացավ: Այդ ժամանակ նա գնաց ջրաղաց և աղաց իր պահեստավորած ալյուրը, որը պահել էր ցանելու համար՝ որպես սերմացու:

-Դու խելագարվել ես, բա հետո ինչպե՞ս ես ապրելու,- ասում էին նրան հարևանները:

-Ես տուն և ընտանիք ունեմ, իսկ այս դժբախտները ոչինչ չունեն: Կաղոթենք Աստծուն՝ նա մեզ ուտելիք և օգնություն կուղարկի, – պատասխանում էր գյուղացին:

Բայց  ձմռանը հաց թխելիս՝ նա ստիպված էր լինում կեսը խոտ լցնել:

Մի անգամ նրա կինը ցախատանը հավաքելիս՝ անկյունում ինչ-որ փոքրիկ պարկ է գտնում:

-Նայի’ր,- ամուսնուն ցույց տալով՝ բացականչում է նա,- սրա մեջ ինչ-որ քարեր են:

-Սա ինձ մի ծերունի տվեց հացի դիմաց: Ախր սրանք թանկարժեք քարեր են,- բացականչեց գյուղացին:

Գյուղացին ցորեն գնեց, նոր ձի, և գյուղի բոլոր աղքատներին օգնեց:

Այն հարցին, թե նրանց որտեղից հարստություն բաժին ընկավ, գյուղացու կինը պատասխանում էր.

-Բարի մարդուն երկինքն էլ է օգնում:

Աղբյուր՝ mediamall.am