Նա միավորում է գիտությունն ու հավատքը. մաթեմատիկոս, աստվածաբան Լեոնարդ Էյլեր

Նա միավորում է գիտությունն ու հավատքը. մաթեմատիկոս, աստվածաբան Լեոնարդ ԷյլերԼեոնարդ Էյլերը մաթեմատիկոս է, ով բացի մաթեմատիկայից, հիմնարար ներդրում է ունեցել նաև այլ գիտությունների զարգացման մեջ՝ ֆիզիկայի, աստղագիտության և մի շարք այլ կիրառական գիտությունների:

Էյլերն ավելի քան 850 աշխատանքների հեղինակ է՝ մաթեմատիկական վերլուծության, թվերի տեսության, երկնային մեխանիկայի, օպտիկայի, մաթեմատիկական ֆիզիկայի, երաժշտության տեսության և այլ բնագավառների վերաբերյալ:

Նա եղել է բողոքական սպասավորի որդի, ծնվել է այս օրը՝ 1707թ-ի ապրիլի 15-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Էյլերի հայրը ցանկանում էր, որ որդին եկեղեցու սպասավոր դառնա, բայց որդին նախընտրում է գիտությամբ զբաղվել՝ ողջ կյանքում, սակայն, պահելով իր ամուր քրիստոնեական հավատքը:

Իր կյանքի գրեթե կեսը Էյլերն անցկացնում է Ռուսաստանում և իր մեծ դերն է ունենում ռուսական գիտության ձևավորման գործում:  Այստեղ նա գալիս է թագուհի Եկատերինա 1-ի հրավերով:

1733թ-ին 26-ամյա Էյլերն ամուսնանում է Կատարինայի հետ: Էյլերի ընտանիքում ծնվում է 13 երեխա, որոնցից կենդանի են մնում 3 որդին և 2 դուստրը:

Հետագայում արդեն ճանաչված մաթեմատիկոս Էյլերին Պռուսիա է հրավիրում Ֆրեդերիկ Մեծը: Սակայն Ֆրեդերիկը, ինչպես նաև Վոլտերը, ով այդ ժամանակ Պռուսիայի արքունիքում էր գտնվում, ատում էին քրիստոնեությունն ու ծաղրում Էյլերին իր «պարզունակ» հայացքների համար: Եվ չնայած նրանց դժկամությանը՝ Էյլերը լույս է ընծայում «Նամակներ գերմանացի արքայադստերը» գիրքը, որն իր մեջ միավորում է գիտությունն ու հավատքը:

Նա գրում է դա հատուկ իր աշակերտուհու համար, ով Ֆրեդերիկի ազգականն էր: Այս գիրքը թարգմանվում է 7 լեզվով ու բավական ընթերցվող գիրք է դառնում ողջ Եվրոպայում: Սա վերջնականապես խարխլում է նրա հարաբերություններն արքայի հետ, և շուտով Էյլերը Ռուսաստան է վերադառնում:

Դժվարին ժամանակներ էին: Նրա տունը այրվում է: Էյլերը կորցնում է իր կնոջը, և միակ բանը, որ մնում է իրեն, թղթերն էին, որոնց վրա նա աշխատում էր: Երեք օր անցկացնելով մի մաթեմատիկական խնդրի լուծման վրա՝ նրա ոչ այնքան լավ տեսողությունն ամբողջովին խարխլվում է, և, ի վերջո, լիովին կորցնում է տեսողությունը:

Սակայն տեսողության կորուստը չի խանգարում նրան լուծել մաթեմատիկայի հերթական դժվարագույն խնդիրները, որոնք նա թելադրում է իր ընկերներին, քանզի ինքն այլևս գրել չէր կարող:

Ժամանակակիցների հաղորդմամբ՝ Էյլերը բարեհոգի մարդ էր, ով երբեք հակված չէր վեճի: Շատերը զարմանում էին, թե ինչպես է նա կարողանում այդքան երեխաների հետ հասցնել ամեն բան, այդ թվում, լրջորեն զբաղվել գիտությամբ: Նա հակված չէր իր անձը բարձրացնելու ու ի ցույց դնելու իր գիտելիքները:

Էյլերը հավատքի մարդ էր: Ամեն երեկո նա հավաքում էր իր երեխաներին, սպասավորներին ու աշակերտներին, ովքեր իր հետ էին ապրում, և նրանք միասին աղոթում էին: Նա նրանց համար Աստվածաշնչից գլուխ էր կարդում և երբեմն նաև քարոզում:

1747թ-ին Էյլերը հրատարակում է աշխատություն՝ ի պաշտպանություն քրիստոնեության և ընդդեմ աթեիզմի՝ «Աստվածային հայտնության պաշտպանությունը՝ ազատամիտների հարձակումներից» խորագրով:

Աղբյուրը՝ christianity.com