Հնագույն Հերկուլանում քաղաքում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական ձեռագիր

Հին հռոմեական Հերկուլանում քաղաքում, որը Պոմպեյ քաղաքի հետ միասին ոչնչացվել է Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով՝ մ.թ. 79 թ-ին, հնագետները գտել են կիսաայրված մի փաթեթ, որը, ամենայն հավանականությամբ, վաղ քրիստոնեական ձեռագրեր է պարունակում. տեղեկացնում է cnl.news-ը:

Հայտնի է, որ Հերկուլանում քաղաքն ուներ անտիկ փաստաթղթերի հարուստ գրադարան, բայց այդ փաստաթղթերը իրենց ճնշող մեծամասնությամբ այդպես էլ չի հաջողվել վերծանել, քանի որ դրանք այրվել էին հրաբխից և դարձել չափազանց փխրուն:

Տվյալ դեպքում՝ գիտնականների խումբը հույս ունի հաջողությամբ կատարել խանձված ձեռագրի վերծանումը՝ նորագույն բժշկական սարքավորումների օգտագործման շնորհիվ:

«Այստեղ մի ժամանակ ապրել են մարդիկ: Հետո նրանք վերացել են, ինչպես և նրանց մշակույթը: Վերացել է ամեն բան, ինչով նրանք ապրում էին: Բայց մնացել է այս ձեռագիրը, որը անցյալ ժամանակի վկան է, և այն էլ մեզ կբացահայտի ճշմարտությունը»:

Ըստ CBS-ի լրագրողների հաղորդման՝ գիտնականները ենթադրում են, որ անտիկ փաստաթղթերի շարքում, որոնք գտնվել են Հերկուլանումում, մասնավորապես այս ձեռագրում կարող են լինել հիշատակումներ Հիսուս Քրիստոսի մասին:

Պոմպեյ և Հերկուլանում քաղաքներում հնագիտական պեղումների նյութերը, որոնց սարսափելի կործանումը հրաբխի ժայթքման հետևանքով՝ հիմք է դարձել բազում գեղարվեստական կինոնկարների, արվեստի տարբեր գործերի, վավերագրական ֆիլմերի համար, մշտապես ծառայել են՝ որպես գիտական ուսումնասիրությունների և քննարկումների առարկա: Որոշ գիտնականներ համարում են, որ այս քաղաքներում կար քրիստոնյա բնակչություն ևս:

Մի քանի դեպքերում գիտնականները հայտնել են պատերի վրա խաչերի հայտնաբերման մասին, բայց մյուս հետազոտողները վիճարկում են այդ եզրակացությունները: