Ընթանում է Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու գարնանային համաժողովը՝ «Որ Աստծո մարդը կատարյալ լինի…»  խորագրով։

Համաժողովի առաջին պատգամախոսը «Էմմանուէլ» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանն էր, ով խոսեց այն մասին, թե ինչ բան է կատարելությունը, քանզի առանց դա իմանալու ոչ ոք չի կարող կատարյալ լինել:

«Կատարելության հիմքը Աստծո Խոսքի ճշմարիտ վարդապետությունն է: Կաթնակերները կատարյալ լինել չեն կարող. դեռ պետք է աճեն Աստծո Խոսքով: Ուստի կատարելությունը նախ և առաջ հոգևոր հասունությունն է:

Այսօր ամենամեծ խնդիրը, որ աշխարհը փորձում է լուծել, սննդի անվտանգության խնդիրն է: Եվ ինչպես մարմնի համար շատ կարևոր է ընդունած կերակուրի անվտանգությունը, մաքրությունը, այդպես էլ հոգու համար է հոգևոր սնունդի մաքրությունը անչափ կարևոր: Մեր դարի մեծագույն խնդիրը հենց այդ մաքրությունը չպահելն է, այսինքն. ուրիշ Քրիստոս, ուրիշ Ավետարան, ուրիշ հոգի»,- ասաց եպիսկոպոսն իր խոսքում:

«Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու» (Հռոմեացիս 8.29):

«Ահա թե որն է կատարելությունը. որ Քրիստոսը կերպարանվի մեզանում,- նշեց Ռուբիկ Թումանյանը:- Հաճախ ենք մենք ասում, որ կարևորը սիրտն է, այո, կարևորը սիրտն է, բայց ուրեմն սրտի վիճակն էլ գործերով ու վարքով է դրսևորվում, որովհետև ոչ ոք չի տեսնում մեր սիրտը, բայց մեր գործերը մարդիկ տեսնում են:

Կատարելությունը կենսակերպ է, սակայն եթե մեր միտքը նորոգված չէ, չենք կարող կատարյալ լինել, ուստի կատարելությունը նաև մտածելակերպ է: Բոլորս ասում ենք միմյանց՝ Աստված սիրում է ձեզ: Եկեք այսօր փոխենք հարցը՝ իսկ դուք սիրո՞ւմ եք Աստծուն:

Շատերի և կատարելության միջև ընդամենը մեկ քայլ է: Ամեն մեկս գիտենք, թե կոնկրետ մեզ ինչն է պակասում, որն է այդ քայլը կոնկրետ մեզ համար»:

Համաժողովի առաջին մասը ավարտվեց հովվական ձեռնադրությամբ. հովիվ ձեռնադրվեցին Գագիկ և Լուսինե Մկրտչյանները, ովքեր երկար տարիներ առաջնորդում են «Տուն ժայռի վրա» վերականգնողական կենտրոնը:

Ձեռնադրությունից առաջ Վլադիկ Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի Աստծո մարդը՝ մեկնելով «Որ Աստծո մարդը կատարյալ լինի…» (Բ Տիմոթեոս 3.17) Խոսքը:

«Նախ պետք է լինի, հետո պետք է որ մարդ լինի, և հետո՝ որ այդ մարդը Աստծո մարդ լինի: Իսկ կատարյալ բառն ուսումնասիրելով տեսնում ենք, որ բառի արմատը «կատար»-ն է, այսինքն՝ մինչև վերջ, լեռան կատար հասնելն է կատարելությունը, այդտեղից էլ գալիս է «կատարել» բառը»:

Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը ձեռնադրվող հովվական զույգին իր հորդորական խոսքը հղեց՝ նշելով, որ դժվարություններ, անշուշտ, եղել են ու կլինեն, քանզի Աստծո գործը միշտ էլ պահանջում է մեծ ռիսկ, զոհաբերություն ու նվիրում, սակայն պետք է չվախենալ ու առաջ ընթանալ, քանզի Աստված միշտ Իր ծառայողների հետ է:

Համաժողովի երկրորդ հատվածում կքարոզեն Ժորա Թովմասյանը և Արտավազդ Ղազարյանը:

Սեփ. լր.