Մի երազի պատմություն. «Քեզ միայնակ չզգաս»

Մի երազի պատմություն. «Քեզ միայնակ չզգաս»Մենք քայլում էինք անդունդի եզրով. մի ոտքի ճանապարհ էր: Իրար հետևից շարժվում էինք առաջ, չգիտեմ էլ՝ թե ուր էինք գնում: Հանկարծ մի անանցանելի հատվածի հասանք, որտեղ անգամ մի ոտք դնելու տեղ չկար, սարսափելի էր նայել ներքև ու տեսնել, որ անդունդ է, hետդարձի ճանապարհ չունենալ, իսկ դիմացը` դեռ մոտ երկու-երեք մետրի չափով տարածություն պետք էր հաղթահարել ճանապարհը շարունակելու համար: Մեր ընկերներից որոշներն արդեն անցել էին այդ անանցանելի թվացող հատվածը, իսկ ես և մի քանի ընկերներ դեռ պետք է հաղթահարեինք:

Ոտք դնելու տեղ չկար, դիմացս ժայռ էր, որից պետք է բռնվեի, իսկ հետևում անդունդ էր` աներևակայելի խորությամբ: Որքան հնարավոր էր՝ ընկերներս բռնեցին իմ ձեռքից, բայց կես ճամփից նրանք ստիպված էին թողնել ձեռքս, և ես պետք է մենակ անցնեի այդ հատվածը, այլապես բոլորով կընկնեինք: Երբ նրանք թողեցին իմ ձեռքը, երկուսով միաձայն գոռում էին. «Քեզ միայնակ չզգաս, քեզ միայնակ չզգաս, քեզ միայնակ չզգաս…»: Եվ դժվարությամբ, բայց հաջողությամբ ես հաղթահարեցի այդ փորձությունը: Ի դեպ՝ ինձ օգնողները եկեղեցու իմ առաջնորդներն էին, ովքեր նաև շատ թանկ ու հարազատ ընկերներ են ինձ համար:

Առավոտյան վեցն անց կես էր: Ես արթնացա, և պարզվեց, որ դա երազ էր` այնքան պատկերավոր, այնքան հիշվող, որ կարծես խորհուրդ ուներ իր մեջ թաքնված: Կյանքի ամեն դրվագից դաս քաղելով ու ապրել սովորելով՝ քայլում ենք առաջ. սա էլ մի երազային դրվագ էր, որից ևս մեկ անգամ հասկացա, թե որքան կարևոր են ընկերներն ու առաջնորդները մեր կյանքում:

Մեջս դաջվեց հատկապես այդ մի նախադասությունը. «Քեզ միայնակ չզգաս»: Երբեմն մենք այնքան ենք թուլանում դժվարությունների ընթացքում, մեզ այնքան տկար ու անկարող ենք զգում, որ թվում է, թե ամեն բան ավարտվում է, ոչ ոք չկա մեզ հասկացող, մեր դրության մեջ մտնող, հաճախ մոռանում ենք նաև Աստծո ներկայության մասին, բայց որքա՜ն կարևոր է ամեն ժամանակ հիշել, որ դու միայնակ չես, ու որքան կարևոր է, որ լինեն քո կողքին մարդիկ, ովքեր դժվարության պահին կհիշեցնեն, կքաջալերեն ու կբարձրացնեն քեզ:

Մի՞ թե ես միայնակ չէի այդ պահին. թվում էր, թե կախված էի ժայռից բոլորովին մենակ, ու ամեն բան կախված էր ինձնից…

Պարտությունը առաջին հերթին մտքում է գալիս: Երբ մարդ տրամադրվում, համակերպվում, ընդունում է իր թուլությունը, գալիս է ձախողումը. նախ՝ մտքում, որից հետո՝ գործի մեջ: Երևի հենց դրա համար էր, որ ասվեց այդ նախադասությունը, որ ինձ միայնակ չզգամ, քանի որ առաջին հերթին պետք է ներքուստ զգալ այդ օգնող միաբանության ուժը, որից հետո ապավինել դրան ու հետո հաղթահարել փորձությունը՝ այդ միաբան ուժի օգնությամբ:

Հինգ բան, որ պետք է սովորել այս երազից`

  1. Ընտրել կյանքում ճիշտ, հավատարիմ ու իմաստուն ընկերների:
  2. Ընտրել եկեղեցում առաջնորդներ և հետևել նրանց խորհուրդներին:
  3. Երբեք, ոչ մի իրավիճակում միայնակ չզգալ և չմեկուսանալ:
  4. Նախ մտքով հաղթահարել դժվարությունը, որից հետո՝ գործով:
  5. Այս 4 կետերը կատարել կարողանալու համար հավատալ, հետևել և վստահել Աստծուն:

Էսթեր Զաքարյան