Չինաստանում իշխանությունները արգելել են Աստվածաշնչի վաճառքը ինտերնետի միջոցով

Չինաստանում իշխանությունները արգելել են Աստվածաշնչի վաճառքը ինտերնետի միջոցովՉինական իշխանությունները արգելել են Աստվածաշնչերի վաճառքը ինտերնետ-խանութների միջոցով, քանի որ նման վաճառքը հակասում է «սոցիալիզմի արժեքներին»:

Օրերս հրապարակվել է ծրագրային փաստաթուղթ կառավարության քաղաքականության վերաբերյալ՝ «Չինաստանի կառավարության ռազմավարությունն ու մեթոդները հավատքի դավանության ազատության պաշտպանության վերաբերյալ» անվամբ:

Բայց հրապարակումից քիչ անց ABC News ավստրալական ծառայության հաղորդագրություններով` Ավետարանների օրինակները սկսել են վերանալ մանրածախ առևտրային ինտերնետ-ցանցից. տեղեկացնում է invictory.com-ը:

Կառավարական փաստաթղթում նաև ձևակերպված է մոտակա 5 տարիների ծրագիրը, որը նախատեսում է պաշտոնական քրիստոնեության և հավատքի վարդապետության հետագա զարգացման համար նախատեսվող նորմերը Չինաստանում: Ըստ այդ ծրագրի՝ պետք է նպատակաուղղված կերպով զարգացնել տեղեկացվածությունը Աստվածաշնչի ուսումնասիրության հարցում և ամուր հիմք գցել եզրույթների ճշգրտման համար, որպեսզի աստվածաբանական և բացատրական գրականությունն ավելի հստակ թարգմանություն և հետագա զարգացում ունենա:

Բայց իշխանությունների իրական ճնշումները, որոնք հստակ կերպով հակասում են այդ ծրագրային փաստաթղթին, չինացի քրիստոնյաների վրդովմունքն են առաջացրել սոց կայքերում: «Իշխանությունները սկսել են մաքրել խանութների պահարանները Աստվածաշնչերից: Սա լիովին համապատասխան է Չինաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը, չէ՞ որ կոմունիստական կուսակցությունը աթեիզմ է քարոզում, և նման զարգացումներն այստեղ լիովին սպասելի են»,- գրել է չինացի քրիստոնյա Ուորեն Վանը:

Հայտնի է, որ պաշտոնապես Աստվածաշունչ թույլատրվում է վաճառել միայն տաճարներում, որոնք լիցենզավորված են պետության կողմից:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ուիլյամ Նին էլ հայտարարել է, որ քաղաքացիները Սուրբ Գրքից ազատ օգտվելու լիակատար իրավունք ունեն, և պահանջել, որ երկրի կառավարությունը չեղյալ հայտարարի հրատարակությունների վրա դրված արգելքը:

Չնայած չինական իշխանությունների հայտարարությանը կրոնական ազատությունների ամեն տեսակ սատարման վերաբերյալ, իրականում կառավարությունը տարիներ շարունակ դաժան պայքար է մղում ընդհատակյա աղոթքի խմբակների և քիստոնյա քարոզիչների դեմ, ինչպես նաև՝ արշավ է ձեռնարկել եկեղեցական շինություններից խաչերը հեռացնելու վերաբերյալ, ընդ որում՝ դրանք հեռացվում են նաև պաշտոնապես թույլատրված եկեղեցիների գմբեթներից: