Պիղծ բանի մի դիպչեք. Աստծուն Տեր կոչողները պետք է մաքուր լինեն

Պիղծ բանի մի դիպչեք. Աստծուն Տեր կոչողները պետք է մաքուր լինեն«Հեռացեք, հեռացեք, այնտեղից դուրս եկեք, պիղծ բանի մի դպչեք, դուրս եկեք նրա միջից, մաքուր եղեք, ով Տիրոջ սպասքները կրողները» (Եսայի 52.11)։

Ովքե՞ր են Տիրոջ սպասքները կրողները: Ո՞ւմ են վերաբերում Տիրոջ այս նախազգուշացնող հորդորները: Որտեղի՞ց է պետք հեռանալ և որո՞նք են այն պիղծ բաները, որոնց Տերն արգելում է անգամ դիպչել:

Խոսքը Աստծուն ծառայողներին է վերաբերում: Յուրաքանչյուր հավատացյալ Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունելուց հետո դառնում է Նրա ծառան: Մարդիկ սովոր են Աստծուն Տեր կոչել, սակայն սովոր չեն իրենց Նրա ծառան պատկերացնել: Անհնարին է Աստված լինի քո Տերը, եթե դու քեզ չես տեսնում որպես Նրան ծառա:

Եվ ահա, Տիրոջ ծառաներին՝ ինձ և քեզ է ուղղված մարգարեի շուրթերով հնչող նախազգուշացումը: Հեռացե՛ք, հեռացե՛ք, այնտեղից դուրս եկե՛ք, պիղծ բանի մի դիպչե՛ք, դուրս եկե՛ք նրա միջից, մաքուր եղե՛ք:

Միակ միջավայրը, որ պղծում է հավատացյալներին, աշխարհն է: Աշխարհը սիրել նշանակում է ատել Աստծուն: Աշխարհը սիրել նշանակում է թշնամանալ Աստծո հետ: Աշխարհի հաճույքներին տրվելը, դրա սկզբունքներով ապրելը պղծում են Տիրոջ ժողովրդին: Աստծուն Տեր կոչողները պետք է մաքուր լինեն: Անհնարին է երկու տիրոջ ծառայելը:

Եվ Տերը Իր սթափեցնող կոչով այսօր արթնացնում է Իր սիրելի զավակներին՝ հեռացե՛ք, հեռացե՛ք, այնտեղից դուրս եկե՛ք, պիղծ բանի մի դիպչե՛ք, դուրս եկե՛ք նրա միջից, մաքուր եղե՛ք: Լսո՞ւմ ենք արդյոք Նրա սուրբ ձայնը: Լսո՞ւմ ենք, թե՞ թմրած ենք աշխարհի գերող կեղծ հմայքներից: Քննե՛նք մեզ և մեր վերաբերմունքը մեր Տեր Աստծո հանդեպ: Քննե՛նք ու ապաշխարե՛նք… Հեռացե՛ք, հեռացե՛ք, այնտեղից դուրս եկե՛ք, պիղծ բանի մի դիպչե՛ք, դուրս եկե՛ք նրա միջից, մաքուր եղե՛ք:

Տեր Հիսուսի անունով Տիրոջ ծառաներին վայել սրբություն և սթափ ու զգոն միտք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան