Հաջողությունը վարակում է նախանձով, կամ ողջ ճշմարտությունը արծիվների ու ագռավների մասին

Հաջողությունը վարակում է նախանձով, կամ ողջ ճշմարտությունը արծիվների ու ագռավների մասինՎերջերս իմ նյութերից մեկի տակ՝ մեկնաբանությունների բաժնում, հարց էին տվել, թե ինչպես եմ ես լուծում իմ շուրջը եղող նախանձի հարցերը:

Այդ հարցը հիշեցրեց ինձ «կյանքի ճշմարտության» մասին:

Հիշեցի ինձ՝ 17 տարի առաջ, սնանկացման շրջան էր ինձ մոտ, և ես սովորում էի ապրել մինիմալ ծախսերով: Այդ ժամանակ ունեի ընկերուհի, ով պատգամավորի կին էր: Ես աշխատում էի, նա՝ ոչ: Ես տնտեսում էի իմ առանց այն էլ փոքրիկ եկամուտից, իսկ նա բոլորին նվերներ էր շռայլում, ռեստորան հրավիրում և այլն:

Հետո եկավ մի պահ, երբ նա նոր մեքենայով եկավ իմ սրահ, և այդ տեսարանից միայն իմ ներսը սկսեց այրվել: Նախանձի ձայնը գոռում էր իմ մեջ. ինչո՞ւ նա, այլ ոչ թե ես: Ինչի՞ համար է նրան տրվում այս ամենը, չէ՞ որ նա չի արժանացել դրան: Ես այնքան եմ նվիրվել, տառապել… Ես չարանում էի նրա հանդեպ, անընդհատ որոնում էի սխալներ նրա մեջ, առիթը բաց չէի թողնում՝ հոգևոր դասեր տալու (այդ ժամանակ նրա հոգևոր առաջնորդն էի):

Ու հանկարծ Սուրբ Հոգու հանգիստ ձայնն եմ լսում. ներողություն խնդրիր նրանից քո նախանձի համար. դա քեզ է կործանում, ո՛չ նրան: Հոգին հիշեցրեց, որ նախանձը մահ է նախանձողի համար, քանզի նախանձելով նա սպանում է իր կոչումը՝ կորցնելով իր էներգիան, ժամանակը և ուժը ուրիշի կյանքի վրա:

Ինձ համար շատ դժվար էր: Բայց ինձ անհրաժեշտ էր իմ կյանքը հենց ինձ համար, այլ ոչ թե ուժերի վատնում ուրիշի համար: Եվ ես խոստովանեցի, ներողություն խնդրեցի ու փախա ամոթից. պատկերացնո՞ւմ եք. այդ ժամանակ, այդ վիճակում ես դեռ նրա հոգևոր առաջնորդն էի:

Ամոթից լացում ու լացում էի Աստծո առջև, ու նորից Նրա ձայնը. ներիր ինքդ քեզ:

Նա ինձ հիշեցրեց իմ յուրահատկությունների մասին, իմ կոչման մասին:

Եվ ես հասկացա, որ կորցրել էի իմ կենտրոնացումը սեփական կյանքից դեպի ուրիշի կյանքը: Ու թույլ էի տվել ինքս ինձ համեմատել ուրիշի հետ:

Վերջին 10 տարիներին ես չեմ մտածել նախանձի թեմայի մասին, լիովին տարված էի տեսիլքով և նպատակներով, իմ համախոհների հետ հարաբերություններով և կյանքի գործերով:

Եվ հանկարծ այսօր նորից այս թեմայի մասին են ինձ հարցնում:

Ես մտածեցի ու հասկացա, թե ինչպես եմ փոխվել այս տարիների ընթացքում, ինչպիսին եմ հիմա և ինչպիսին էի 17 տարի առաջ:

3 տարբերություն նկատեցի.

Տեսիլք. Երբ դու ունես տեսիլք, քեզ պետք են միայն Նա՝ Աստված, և համախոհներ: Այդ ժամանակ դու ժամանակ էլ չունես քեզ համեմատելու ուրիշների հետ, դու ոզում ես սովորել ու հասնել նրան, ինչը հայտնի է դարձել քեզ հոգևորում, անկախ բոլոր դժվարություններից ու խոչընդոտներից:

Գիտակցումը սեփական անհատականության. Այժմ ես հայտնություն ունեմ Աստծուց իմ յուրահատուկ դերի մասին՝ թե ընտանիքիս, թե կոչմանս հետ կապված:

Համախոհների թիմ, որը ձևավորվել է իմ ընտանիքի անդամներից, ընկերներից, գործընկերներից, ծառայակիցներից: Գոնե 2-3 մարդ պետք է լինեն ձեր կողքին: Երբ դուք գիտեք ձեր ինքնությունը, հեշտ կլինի ուրիշների մեջ էլ ճանաչել իրենց ինքնությունը և գնահատել նրանց ուժեղ կողմերը:

Այսօր լսեցի մի պատմություն արծվի մասին: Միակ թռչունը, ով համարձակվում է կտցահարել արծվին, ագռավն է: Նա նստում է արծվի մեջքին ու նրա պարանոցին կպչում: Արծիվը նրան վայր չի գցում, չի պայքարում նրա հետ, չի վատնում իր ուժերն ու ժամանակը նրա վրա: Նա պարզապես տարածում է իր թևերը ու սկսում է բարձրանալ դեպի երկինք: Եվ որքան բարձր է նա թռչում, այնքան օդը չի հերիքում ագռավին՝ շնչելու համար, և վերջինս ուղղակի ընկնում է ներքև:

Ես ցանկանում եմ, որ դուք չվախենաք նախանձողներից: Նրանք լավ մարդիկ են, պարզապես տվյալ պահին դեռ չեն բացահայտել իրենց կոչումը, դրա համար էլ ուշադիր հետևում են ձեր կյանքին: Նրանք ցանկանում են ապրել այն ձեր փոխարեն: Բայց ամենը, ինչ դուք կարող եք անել, օգնելն է նրանց՝ տեսնելու, թե ով են իրենք իրականում իրենց անհատականությամբ ու ինքնությամբ և ուղղորդել նրանց հայացքը դեպի իրենց իսկ կյանքի տեսիլքը:

Բարձրացեք վեր: Ձգտեք դեպի աստվածային երազանքները: Բացահայտեք ձեր կոչումը:

Եվ այդ ժամանակ ձեր շուրջը չեն մնա ագռավներ, այլ կթևածեն միայն արծիվները:

Սվետլանա Սպիվակովա