Միքայել Ագրիկոլա. ֆիննական գրականության հայրը

Նախքան Միքայել Ագրիկոլայի ժամանակները, ֆինները կարդում էին շվեդերեն, լատիներեն կամ այլ եվրոպական լեզուներով՝ իրենց մայրենի լեզվի փոխարեն, եթե, իհարկե, կարդում էին ինչ-որ բան:

Ագրիկոլան, սակայն, հեղաշրջում է բերում իր ժողովրդի կյանքում:

Ագրիկոլան Ռեֆորմացիայի գաղափարներին է հանդիպում Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում ուսանելու տարիներին:

Տուրկուի եպիսկոպոսը քրիստոնյա էր, ով հակված էր Էրասմուսի, Լյութերի և Ռեֆորմացիային կողմ եկեղեցական այլ առաջնորդների սկզբունքներին:

Եպիսկոպոսը տեսնում է, որ Ագրիկոլան՝ իր ուսանողը, խոստումնալից երիտասարդ է, և կազմակերպում է նրա այցելությունը Վիտտենբերգի համալսարան: Այստեղ Ագրիկոլան ուսանում է Մարտին Լյութերի և Ֆիլիպ Մելանխտոնի մոտ, ովքեր լյութերական առաջատար ռեֆորմատորներն էին այն ժամանակ:

Տուրկու վերադառնալով՝ Ագրիկոլան սկսում է ուսուցանել տեղի դպրոցներում:

Նա սովորեցնում է, որ փրկության միակ ճշմարիտ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է, և զգուշացնում, որ ուխտագնացությունը, Մարիամին կամ սուրբերին աղոթելը, ինչպես նաև՝ լավ գործերը չեն փրկում:

Եվ մինչ նա առաջ էր տանում Ռեֆորմացիայի գաղափարները և Աստվածաշունչ էր սովորեցնում, իր մեծ ցանկությունն էր՝ տեսնել ուսանողների կյանքերը փոխված Աստծո գիտության և ճանաչողության շնորհիվ:

Եվ ինչպես Ռեֆորմացիայի մնացած առաջնորդները, Ագրիկոլան ևս հակված էր այն մտքին, որ ֆինները չեն կարող խորապես ճանաչել Քրիստոսի լուրը, եթե չկարողանան Աստվածաշունչ կարդալ իրենց մայրենի լեզվով:

Եվ քանզի պետական լեզուն շվեդերենն էր, առաջին քայլը պետք է լիներ նախ իր հայրենակիցներին սեփական լեզուն սովորեցնելը: Այս անելու համար նա 1543թ-ին ֆիննական այբուբենի ուղեցույց գիրք է կազմում:

Հաջորդ քայլը լինում է աղոթքագիրք գրելը: Այն ներառում է և՛ ռեֆորմատորների, և՛ կաթոլիկ սուրբերի աղոթքները:

Այնուհետ` նա ստանձնում է Նոր Կտակարանի թարգմանության գործը ֆիններեն լեզվով:

Ագրիկոլան չի կարողանում ավարտել Աստվածաշնչի լիովին թարգմանությունը, սակայն նա թարգմանում է Սաղմոսները և մի քանի հինկտակարանյան կարևորագույն տեքստեր:

1554թ-ին Ագրիկոլան նշանակվում է Տուրկուի լյութերական եպիսկոպոս, որից երեք տարի անց նա մահանում է այս օրը՝ 1557թ-ի ապրիլի 9-ին:

Ֆինները նշանակալի և շատ կարևոր են համարում Ագրիկոլայի ներդրումը գրականության, պատմության, հավատքի և իրենց անկախության մեջ:

Ֆինլանդիայում այս օրը տոն է, Ագրիկոլայի հիշատակության տոնը, որ նշվում է ամեն տարի: Նա համարվում է ֆիննական գրավոր լեզվի ու գրականության հայրը: