Հիսուսը գիտի քո անունը. Ռիկ Ուորեն

«Եվ երբ որ այն տեղն եկավ, Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. Զաքե, շուտ արա՝ իջիր, որովհետև ինձ այսօր պետք է քո տանը կենալ» (Ղուկաս 19.5):

Զաքեոսն իր ողջ կյանքի ընթացքում ծաղրվում և մերժվում էր, նախ իր արտաքինի համար և հետո էլ՝ իր մեղավոր կյանքի: Բայց Հիսուսն ավելին է անում, քան պարզապես նրան նայելը: Զաքեոսին իր անունով կանչելով՝ Հիսուսը ցույց է տալիս, որ ճանաչում է նրան: Պատկերացրեք, թե ինչ զարմանք է Զաքեոսն ապրում: Որտեղի՞ց Հիսուսն իմացավ իր անունը:

Աստված ոչ միայն գիտի, թե որտեղ ես դու, այլև գիտի, թե ով ես դու: Նա գիտի, թե ինչի միջով ես անցնում, ինչու ես անցնում դրա միջով և ինչպես ես զգում քեզ: Նա քեզ ավելի լավ գիտի, քան դու ինքդ: Նա անձամբ հոգ է տանում քո մասին:

Զաքեոս՝ նշանակում է «անարատ մեկը»: Սա վերջինն է, ինչը գալիս է իմ մտքին, երբ ես մտածում եմ կառավարության այլասերված պաշտոնյայի մասին: Նա կարող էր լինել ցանկացած մեկը, բայց ոչ՝ մաքուր: Եվ դեռ Հիսուսն էլ, անունով կանչելով Զաքեոսին, ասում է. «Հե՜յ, մաքո՛ւր, ես այսօր քո տուն եմ գալիս»: Հիսուսը հաստատում է այն, ինչ տեսնում է Զաքեոսի մեջ, ոչ թե այն, թե ով էր Զաքեոսը:

Հնարավոր է՝ դու վախենում ես մոտենալ Հիսուսին, որովհետև մտածում ես, թե Նա պատրաստվում է կշտամբել քեզ այն ամեն սխալների համար, որ արել ես: Բայց Հիսուսը ցանկանում է հաստատել քեզ՝ թույլ տալով, որ դու ճանաչես այն մեծ սերը, որով Նա սիրում է քեզ:

«Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, որ չգթա իր որովայնի ծննդյան վրա. նրանք եթե մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ» (Եսայի 49.15-16):

Երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա և պարզեց Իր ձեռքերը, որ զինվորները մեխերով գամեն դրանք, քո անունը դրոշմված էր դրանց մեջ:

Երբ դու հասնես երկինք, ոչ ոքի վրա սպի չի լինի, Հիսուսից բացի: Նա պատրաստվում է հավիտենապես ունենալ այդ սպիերը՝ հիշեցնելու մեզ, թե որքան է սիրում մեզ, ասես ասում է. «Արդյոք կարծում ես, թե կարո՞ղ եմ մոռանալ քեզ: Ո՛չ մի դեպքում: Ահա թե ինչ մեծ նշանակություն ունես դու ինձ համար»: