Տիրոջ խոստումը. քեզ չեմ թողնի ու երբեք քեզ չեմ լքի

Տիրոջ խոստումը. քեզ չեմ թողնի ու երբեք քեզ չեմ լքի«Այնպես որ համարձակ ենք ասելու. Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա, ի՞նչ կանի ինձ մարդը» (Եբրայեցիս 13.6)։

Որտեղի՞ց մեզ այս հրաշալի խոստումը դավանելու համարձակությունը՝ Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա, ի՞նչ կարող է ինձ անել մարդը: Արդյոք ցանկացած մարդ կարո՞ղ դավանել այս հրաշալի խոստումը:

Դավանել կարող են բոլորը, սակայն խոստումը ոչ բոլորի կյանքում է դառնում իրականություն: Նախորդ խոսքերում Տերն Իր առաքյալի շուրթերով մեզ բացատրում է խոստմանը մասնակից լինելու պայմանները՝ լինել եղբայրասեր, հյուրասեր, գթասիրտ ու կարեկից կապյալներին ու կարիքավորներին, ամուսնությունը պատվական համարող և անկողինը սուրբ պահող, արծաթասիրությունից ազատագրված և ունեցածով բավարարվող:

Ահա, այսպիսի հավատացյալներին է վերաբերում Տեր Աստծո խոստումը՝ քեզ չեմ թողնի և երբեք քեզ չեմ լքի: Եվ այս հիմքով է, որ մենք համարձակություն ունենք դավանելու և հռչակելու՝ Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա, ի՞նչ կարող է ինձ անել մարդը: Աստծո Խոսքի հիմքի վրա հաստատված դավանությունները իրականություն են կերտում:

Ուզո՞ւմ ես Ինքը՝ Տեր Աստված լինի քո օգնականը: Ուզո՞ւմ ես, իրականում, ազատ լինել բոլոր վախերից և ազատության մեջ պաշտել քո Տիրոջը: Քննիր քո անձը՝ արդյոք համապատասխանո՞ւմ ես Աստծո այս խոստման պահանջներին: Քննիր քո անձը և ապաշխարիր: Ապաշխարիր ու համարձակ դավանիր՝ Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա, ի՞նչ կարող է ինձ անել մարդը:

Տեր Հիսուսի անունով անձնաքննության իմաստություն և ապաշխարելու կամք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան