Հին ու նոր խաչը. Վիլսոն Թոզեր

Հին ու նոր խաչը. Վիլսոն Թոզեր

Լիովին անձայն ու աննկատ մեր օրերում մեծ ժողովրդականություն է սկսել վայելել նոր խաչը:

Այն նման է հին խաչին, սակայն դա մեկ այլ խաչ է. նմանությունը մակերեսային է, իսկ տարբերությունը՝ հիմնային:

Նոր խաչի շնորհիվ ի հայտ է եկել քրիստոնեական կյանքի նոր փիլիսոփայություն:

Եվ այս նոր փիլիսոփայության միջոցով ի հայտ է եկել նաև ավետարանչության նոր տեխնիկա՝ ծառայության նոր տեսակ ու նոր տեսակի քարոզ:

Այս նոր ավետարանչությունն օգտագործում է նույն լեզուն, ինչ հնի դեպքում էր, սակայն դրա բովանդակությունն այլ է, և դրա շեշտադրումները նույնը չեն, ինչ առաջ:

Հին խաչը կապ չուներ աշխարհի հետ: Ադամական հպարտ մարմնի համար դա նշանակում էր մահ:

Այն ի կատար էր ածում դատավճիռը, որ հռչակված էր Սինա լեռան վրա: Նոր խաչը, սակայն, չի ընդդիմանում մարդկային մեղքին, այլ ընկերական հարաբերությունների մեջ է նրա հետ՝ բացելով նրա առջև լավ ու մաքուր զվարճությունների և «անմեղ» հաճույքների մի մեծ ծով:

Նա Ադամին թույլ է տալիս առանց ավելորդ արգելքների ապրել իր կյանքով, իր հաճույքի համար: Պարզապես հիմա նա հաճույք է ստանում երգչախմբային երգերից ու կրոնական ֆիլմերից՝ անբարո երգերի ու ոգելից խմիչքների փոխարեն:

Շեշտը հիմա կրկին հաճույքի վրա է, չնայած զվարճանքներն այս դեպքում «ավելի բարձր» բարոյական մակարդակի են, եթե ոչ՝ ինտելեկտուալ մակարդակի:

Նոր խաչը պահանջում է ավետարանչական լիովին նոր ու տարբեր մոտեցում:

Ավետարանիչը չի խոսում հին կյանքից հրաժարվելու մասին՝ նախքան նոր կյանքի ընդունումը: Նա չի քարոզում նոր ու հին կյանքերի տարբերությունների մասին, այլ՝ նմանությունների:

Նա բանալի է փնտրում նոր, մեծ թվով մարդկանց հետաքրքրությունների հանդեպ՝ ցույց տալով, որ քրիստոնեությունը ոչ մի տհաճ բան չի պահանջում, այլ առաջարկում է նույնը, ինչ աշխարհը, պարզապես ավելի բարձր մակարդակով:

Նոր խաչը չի սպանում մեղավորին, այլ նոր կողմնորոշում է տալիս նրան. հարմարեցնում է մեղավորին ավելի քաղաքակիրթ ու հաճելի ապրելակերպի, միևնույն ժամանակ, փրկում հարգանքի զգացումը, որ մեղավորը կորցրել էր ինքն իր հանդեպ:

Ինքնավստահներին նա ասում է. «Ե՛կ ու հաստատվիր Քրիստոսի համար»: Ինքնասերներին նա ասում է. «Ե՛կ ու պարծեցիր Աստծո մեջ»:

Քրիստոնեական լուրը նոր խաչի դեպքում ձգտում է լինել համընդհանուր ընդունված ամբոխի կողմից, մոդայի միտումներին համապատասխան:

Այս երևույթի փիլիսոփայական «աստառը» կարող է և անկեղծ լինել, սակայն նման անկեղծությունը չի փրկում կեղծ բնությունից: Այն սուտ է, որովհետև կույր է: Այն լիովին բաց է թողնում Քրիստոսի Խաչի իմաստը:

Հին խաչը մահվան խորհրդանիշ է: Այն հանդես է բերվում՝ որպես մարդկային էության վերջնական մահ: Հռոմեական կայսրության առաջին դարի քրիստոնյան, ով վերցրել էր իր խաչն ու սկսել իր ճանապարհը, արդեն հաջողություն էր ասել իր ընկերներին: Նա հետ չէր վերադառնում:

Նա չէր հեռանում՝ նպատակ ունենալով փոխել իր կյանքի ուղղությունը, այլ հեռանում էր, որ հին կյանքին վերջ դրվի:

Խաչը չէր հանդուրժում փոխզիջումներ, ոչինչ չէր մեղմացնում, չէր ողորմում, այն մարդուն սպանում էր մեկընդմիշտ: Այն չէր փորձում լավ հարաբերությունների մեջ մնալ իր «զոհի» հետ:

Ադամի ցեղին մահվան դատավճիռ է պատրաստված: Այնտեղ նախատեսված չէ տեղ դատավճռի մեղմացման համար, դրանից հնարավոր չէ խուսափել: Աստված չի կարող հավանություն տալ մեղքի պտուղներից որևէ մեկին, որքան էլ դրանք հիասքանչ ու անմեղ թվան:

Աստված փրկում է մարդուն՝ մահվան դատապարտելով և  հետո հարուցանելով նրան նոր կյանքի համար:

Այն քարոզչությունը, որ «ընկերական» զուգահեռներ է անցկացնում աստվածային և մարդկային ճանապարհների միջև, չի համապատասխանում Աստվածաշնչին և ինքնին դաժան խաբեություն է այն լսողների համար:

Քրիստոսի հավատքը զուգահեռ չէ աշխարհին, այլ հակառակ է, դե՛մ է աշխարհին:

Գալով Քրիստոսին՝ մենք մեր նախկին կյանքը մեկ մակարդակով չենք բարձրացնում, այլ խաչի ենք մատնում: Ցորենի հատը պետք է երկրի մեջ ընկնելով՝ մահանա:

Մենք՝ Ավետարանը քարոզողներս, չպետք է համարենք ինքներս մեզ հասարակական գործիչներ, ովքեր ուղարկված են Քրիստոսի ու աշխարհի միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու:

Մենք չպետք է համարենք, որ մեզ հանձնարարված է Քրիստոսին «հարմարեցնելը» մեծ հանրությանը, մամուլին կամ էլ սպորտային աշխարհին ու ժամանակակից կրթությանը:

Մենք դիվանագետներ չենք, այլ մարգարեներ, ու մեր լուրը փոխզիջման կոչ չէ՛, այլ՝ վերջնագիր:

Աստված առաջարկում է կյանք, սակայն դա հին կյանքի լավ տարբերակը չէ: Աստծո առաջարկած կյանքին միշտ նախորդում է մահը:

Այն միշտ խաչի ու մահի մյուս կողմում է: Եվ ամեն մեկը, ով ուզում է ունենալ այն, պետք է անցնի գավազանի տակով: Նա պետք է ուրանա ինքն իրեն ու համաձայնի Աստծո արդար դատավճռին:

Եվ ինչպե՞ս  է պետք այս աստվածաբանությունը կյանքի կոչել:

Ահա ինչպես. մարդը պետք է ապաշխարի ու հավատա: Նա պետք է թողնի իր մեղքերը ու գնա առաջ՝ սեփական անձը հետևում թողնելով:

Թույլ մի՛ տվեք նրան ոչինչ քողարկել, պահպանել կամ արդարացնել: Թույլ մի՛ տվեք այդ հին անձին լավացնելու հարաբերություններն Աստծո հետ, այլ թող նա ընդունի, որ մահվան է արժանի:

Եվ երբ անի դա, թույլ տվեք նրան պարզ վստահությամբ նայելու հարություն առած Փրկչին, և Նրանից կգա կյանք ու վերածնունդ, մաքրություն ու զորություն:

Խաչը, որ վերջ դրեց Հիսուսի երկրային կյանքին, այդժամ վերջ կդնի մեղավորի կյանքին: Եվ զորությունը, որ հարուցանեց Հիսուսին մեռելներից, այդժամ կհարուցանի և նրան՝ Քրիստոսի հետ նոր կյանքի համար:

Յուրաքանչյուրին, ով կցանկանա հակադրվել ու համարել, որ սա ընդամենը նեղ հայացք է ճշմարտության վրա, կարող եմ ասել, որ Պողոսի օրերից մինչ օրս Աստված Իր հավանության կնիքն է դրել հենց այս լուրի վրա:

Այսպիսին է եղել բոլոր քարոզների բովանդակությունը, որ աշխարհին խաղաղություն ու զորություն է բերել դարեր ի վեր:

Ռեֆորմատորները, արթնությունների նախակարապետները շեշտ են դրել հենց այս ուղերձի վրա, և նշաններն ու հրաշքները ու Սուրբ Հոգու հզոր գործերը վկայությունն են եղել Աստծո հավանության:

Արդյոք մենք՝ նման հզոր ժառանգության ժառանգորդներս, խիզախություն կունենա՞նք կեղծելու ճշմարտությունը:

Թող Ինքը՝ Տերը, թույլ չտա մեզ: Քարոզենք հին խաչը և կճաշակենք նախկին զորությունը:

Էյդեն Վիլսոն Թոզեր՝ ազգությամբ ամերիկացի քրիստոնյա հովիվ, քարոզիչ, հեղինակ, ամսագրի խմբագիր: Իր աշխատանքի համար երկու անգամ արժանացել է դոկտորի պատվավոր կոչման: