Ես ավելի շատ մարդ եմ սպանել, քան վարձու մարդասպանը

Քեյթ Օլտմանը ցանկանում էր բժիշկ դառնալ՝ կանանց օգնելու համար:

Երաշխավորագիր ստանալով՝ բժշկի իր աշխատանքը նա սկսում է՝ արհեստական վիժեցումներ անելով Ֆլորիդայի կանանց կլինիկայում:

CBN News-ի հետ զրույցում Օլտմանը բացատրում է. «Ես չէի կասկածում, որ կինը պետք է ընտրելու հնարավորություն ունենա՝ ցանկանո՞ւմ է արդյոք տանել այդ հղիությունը, թե՝ ոչ, և դա ամենակարևորն էի համարում»:

Հետագայում նա դառնում է ընտանիքի պլանավորման տեղական բաժանմունքի տնօրենը: Պատմում է, որ չծված երեխաների մարմնի մասերի ուսումնասիրությունը գրավում էր իրեն. «Ես այդ ամենին գիտական տեսանկյունից էի նայում՝ ազատ լինելով ամեն տեսակ էմոցիաներից»,- ասում է Օլտմանը:

Նա արհեստական վիժեցումներ է անում անգամ այն ժամանակ, երբ իր երեխային էր սպասում: «Ես ոչ մի խնդիր չէի տեսնում դրանում: Իմ երեխան ցանկալի էր, նրանց երեխան՝ ոչ: Թվում էր, թե դա չի անհանգստացնում այն կանանց, որոնց ես ըստ իմ սխալ պատկերացման՝ «օգնում էի»»:

Օլտմանը պատմում է, որ միակ դեպքը, երբ ինքը խղճի խայթ է զգում, այն ժամանակ է լինում, երբ աշխատում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Զգում է, որ փորձում է փրկել նորածինների, ովքեր նույն տարիքում են, ինչ այն երեխաները, որոնց կյանքն ինքը արհեստական ձևով ընդհատում էր: Բայց նա արագորեն վանում է այդ մտքերն իրենից:

Սակայն հետո մի քանի դեպքեր են տեղի ունենում, որոնք փոխում են նրա մտածելակերպը: Մի կին գալիս է իր մոտ արհեստական վիժեցման արդեն 3-րդ անգամ:

«Այդ կինը արհեստական վիժեցումը կիրառում էր որպես միջոց՝ վերահսկելու իր կյանքը: Ես եկա կլինիկա և ասացի, որ չեմ ցանկանում անել դա: Սակայն ինձ ասացին, որ ես չեմ կարող նման որոշում կայացնել, այլ իմ գործը պետք է անեմ:

Հաջորդ կինը եկել էր իր ընկերուհու հետ, ով իրեն դիմելով՝ հարցրեց. «Դու չե՞ս ցանկանում տեսնել սաղմը», իսկ կինը բարկացած ձայնով պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նայել նրան, այլ պարզապես վերջ դնել այս ամենին»»:

Հետո նրան մի կին է այցելում, ով չորս երեխա ուներ: Նրան ամուսինն էր դրդել՝ ընդհատել 5-րդ երեխայի կյանքը:

«Նա ողջ ընթացքում լացում էր,- պատմում է Օլտմանը:- Նախորդ երկուսի խստությունն ու թշնամությունը անհամեմատելի էին այս վերջինի տրտմության հետ, և դա ինձ ստիպեց հասկանալ, որ եթե երեխան ցանկալի չէ, դա դեռ հիմք չէ արհեստական վիժեցման համար»:

1983թ-ին եկեղեցական ծառայության այցելելուց և հովվի հետ հանդիպելուց հետո Օլտմանը աղոթում է և փրկություն ստանում, չնայած նա վկայում է, որ այդ ժամանակ դեռևս չէր հասկանում, թե ով է Հիսուսը: Երբ Աստված սկսում է աշխատել նրա սրտի հետ, Օլտմանը որոշում է, որ այլևս չի կարող արհեստական վիժեցումներ անել: Բայց նրա կարծիքը դեռ անփոփոխ էր, թե կինը իրավունք ունի անցանկալի հղիությունն ընդհատելու:

Երկու տարի անց կարդալով մի հոդված, որն արհեստական վիժեցումները համեմատում էր Հոլոքոստի հետ, արհեստական վիժեցումները ներկայացնում՝ որպես մարդկային կյանքերի բռնագրավում, Օլտմանը ցնցվում է և ինքն իրեն դիտարկում՝ ինչպես մի մարդասպանի:

«Ես, հավանաբար, ավելի շատ մարդ եմ սպանել, քան մի վարձու մարդասպան, եթե հաշվենք այն արհեստական վիժեցումները, որոնք իրականացրել եմ,- ասում է նա:- Հղի կնոջ համար ամենահիասքանչ բաներից մեկը այն երեխային հանդիպելն է, ում ինքը մի ժամանակ կրել է սրտի տակ: Սա մեծ ուրախություն է, բայց շատ դառը հիշողություններ են իմ ներսում արթնանում, երբ մտածում եմ այն բոլոր երեխաների մասին, որոնց երբեք այլևս չեմ հանդիպի, որովհետև թույլ չեմ տվել, որ նրանք ծնվեն»:

Օլտմանը դիմում է քրիստոնյա խորհրդատուի օգնությանը՝ հաղթահարելու մեղավորության զգացումը, որն ապրում էր այդքան մեծաթիվ արհեստական վիժեցումներ կատարելու արդյունքում:

«Հիսուսն ասաց ինձ. «Ես կարող եմ ներել քեզ, բայց դու ինքդ քեզ չես ներում»: Այդ պահին ես հասկացա, որ Նա ներել է ինձ, և որ ես ինքս ինձ պետք է ներեմ. հենց այդ պահին իսկապես հոգու բժշկություն ստացա»:

Օլտմանն արդեն թոշակի է անցել: Այժմ նա իր կյանքը նվիրել է չծնված երեխաների կյանքի համար պայքարելուն: 2017թ-ին նա կոչ է արել օրենսդիրներին՝ ընդունելու օրենք, որը կարգելի արհեստական վիժեցումները, հատկապես, երբ երեխայի սրտի զարկն արդեն հայտնաբերվել է:

Նախկին բժիշկը, որը անհաշվելի թվով արհեստական վիժեցումներ է կատարել, ասում է.

«Շնորհակալ եմ, որ այժմ Հիսուսն օգտագործում է ինձ՝ փրկելու երեխաների, ում մի ժամանակ ես սպանում էի»: