Դա ինձ հնարավորություն տվեց դառնալու ձայն՝ բազում մարդկանց քաջալերելու համար. Լիզի Վելասկես

«Իմ կյանքում սարսափելի բաներ են կատարվել, բայց ես անցա դրանց միջով, և դա ինձ հնարավորություն տվեց դառնալու ձայն՝ բազում մարդկանց քաջալերելու համար»:

Լիզի Վելասկեսը ծնվել է 1989թ-ին Օսթինում շատ հազվագյուտ առողջական խանգարմամբ, որն այլանդակում է դեմքը այնպես, որ այն ծերացած տեսք է ստանում և թույլ չի տալիս քաշ հավաքել:

Լիզին ժամանակից շուտ է լույս աշխարհ գալիս, երբ չի կշռում անգամ մեկ կիլոգրամ: Բժիշկներն ասում են, որ նա երբեք չի կարողանա խոսել, քայլել: Նրանք անգամ հույս չեն տալիս, թե աղջիկը կենդանի կմնա:

Բայց Լիզիի ծողները՝ Ռիտա և Գվադալուպե Վելասկեսները, վստահում են Աստծուն և որոշում դառնալ Լիզիի համար սիրող և հոգատար ծնողներ: Աղջիկը չէր էլ կասկածում իր անսովոր արտաքինի մասին, մինչև այն օրը, երբ նրան տանում են մանկապարտեզ, որտեղ երեխաները դեմքերը խոժոռում են՝ նայելով նրան ու խուսափում նրա հետ շփումից:

Երբ Լիզին պատանի է դառնում, հարձակումներն ու հալածանքները անտանելի են դառնում:

«Երբ պատանի հասակում նայում էի ինձ հայելու մեջ, ներսումս ցանկություն կար ինչ-որ կերպ «մաքրել երեսիցս» իմ հիվանդությունը,- պատմում է Լիզզի Վելասկեսը BBC-ի հետ հարցազրույցում: – Ես ատում էի այդ համախտանիշը, որն այդքան շատ ցավ էր բերել իմ կյանք: Լինել 13-ամյա աղջիկ, որին մշտապես ծաղրում են. դա անտանելի է:

Ես լացում էի ամեն գիշեր: Մտածում էի, թե իմ կյանքը վերջացել է: Չէի կարողանում ստիպել ինձ խոսել ինչ-որ մեկի հետ: Ես ոչինչ չէի ասում իմ ընկերներին: Պարզապես ցնցված էի այն ամենից, ինչ կատարվում էր ինձ հետ»:

2007թ-ին, արդեն որպես առաջին կուրսի ուսանող, նա հանկարծ համացանցում մի տեսանյութ է նկատում՝ «աշխարհի ամենատգեղ աղջիկը» վերնագրով, և նայելով այդ տեսանյութը՝ տեսնում է այնտեղ իրեն:

«Կարող եմ վստահությամբ ասել, որ դա իմ կյանքի ամենաբարդ շրջանն էր,- խոստովանում է Լիզին:- Ես այն ժամանակ անգամ չէի էլ պատկերացնում, թե կարող եմ երբևէ ապրել բարեկանոն կյանքով: Այն ժամանակ ինձ թվում էր, թե ես դատապարտված եմ մշտական ընկճախտի, այնքան կոտրված էի»:

Բայց շնորհիվ իր ընկերների և ընտանիքի՝ Լիզին կարողանում է իր ուժերը հավաքել և լուծել իրեն վիրավորողների հանդեպ չներման խնդիրը:

«Առաջինը, ինչ հայրս ասաց ինձ, երբ իմացավ ամեն ինչի մասին, դա այն էր, որ ես կարիք ունեմ ներելու ինձ նեղացնողներին, որովհետև այդպիսին էին մեր քրիստոնեական համոզմունքները և բժշկության բանալին ներումն էր,- պատմում է Լիզին:- Սկզբում ես մտածում էի. «Դու խելագարվել ես: Ես երբեք չեմ կարող ներել նրանց: Նրանք այնքան նվաստ են վարվել իմ հանդեպ»: Բայց հետո իմ աչքերը քիչ-քիչ բացվեցին, և ես հասկացա, որ նրանք, ովքեր նման սարսափելի բաներ են ասում, պարզապես երբեք չեն ունեցել այն հրաշալի կյանքը, որն Աստված է տալիս: Ցավոք սրտի, միակ բանը, որ նրանք կարող էին անել իրենց լավ զգալու համար, դա ստիպելն էր ուրիշներին վատ զգալ: Եվ մեկը, ում նրանք ցավ էին պատճառել, հենց ես էի: Ես կարիք ունեի շատ աղոթելու… Հետագայում հասկացա, որ լավատես լինելը մեծ զորություն է: Ես որոշում կայացրեցի խիզախ լինել. որոշում կայացրեցի այցելել տարբեր միջոցառումների, ընկերներ ունենալ և շփվող լինել»:

Լիզին ընդունվում է Տեխասի Պետական համալսարան և ստանում աստիճան հաղորդակցության բնագավառում: Նա նաև իր ալիքն է ստեղծում YouTube-ում: Մասնակցում է վավերագրական ֆիլմի նկարահանումների՝ իր իսկ կյանքի մասին. «Խիզախ սիրտ. Լիզի Վելասկեսի պատմությունը»: Եվ արդյունքում, նա դառնում է քաջալերանքի աղբյուր շատերի համար, ովքեր իրենց «ոչ այնքան գեղեցիկ» են կարծում:

«Դժբախտությունների հանդեպ հաղթանակների իր փորձառությունը և ցավի մյուս կողմի ցուցադրումը ունիվերսալ են իրենց էությամբ,- նշում է Սառա Բորդոն՝ վերոնշյալ վավերագրական ֆիլմի ռեժիսորը:- Հենց որ Լիզին դառնում է ավելի բաց ու անկեղծ, շնորհիվ նույն YouTube-ի ալիքի, պարզ է դառնում, որ բազում մարդիկ նման պատմությունների կարիք ունեն. շատերը կան, ովքեր ցանկանում են ուղղել իրենց ուսերը և ասել՝ «Ես չեմ ցանկանում զոհ մնալ: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել»»:

Լիզին Աստծուն չի մեղադրում իր արտաքինի համար: Նա հասկանում է, որ կարող է «լուսավորել իր շուրջը իսկական գեղեցկությամբ»: Եվ իսկապես, տեսանյութերը, որոնցով նա ներկայանում է հանրությանը, ցուցադրում են բարի սրտի իսկական հմայքը:

«Աստված է այն գլխավոր պատճառը, որ ես այստեղ եմ,- վկայում է Լիզին:- Նա օրհնել է ինձ այս կյանքում մեծագույն օրհնությամբ. և դա իմ համախտանիշն է: Եթե չհաշվեմ իմ ընտանիքը և ընկերներին, հավատքն ինձ համար ամեն ինչ է: Երբ ինձ մոտ վատ օր է, ես միայն մեկ բան գիտեմ, որ կարելի է անել. տալ իմ խնդիրները Աստծո ձեռքերի մեջ, և ես գիտեմ, որ Նա կօգնի ինձ՝ ամեն բան հաղթահարել:

Հիմա ես հաստատ գիտեմ. եթե ես ծնվել եմ հազվագյուտ ախտորոշմամբ, ապա դրանում պետք է ինչ-որ պատճառ լինի: Ուրեմն ես պետք է ստանայի ծանր փորձությունների տեսքով այդ բոլոր օրհնությունները պատանի հասակում և ոչ միայն այն բանի համար, որ ավելի ուժեղ դառնայի, այլև որպեսզի կյանքի բազում դասեր առնեի: Եվ հիմա ես ունեմ մի բան, ինչով կարող եմ կիսվել աշխարհի հետ»:

Այսօր Լիզին խոսնակ է, ում պատգամները քաջալերում են բազում մարդկանց, և մի շարժման առաջնորդ է, որը դեմ է հանդես գալիս սոցցանցերում մարդկանց հասցեին ուղղվող վատաբանումներին: Նա գրել է երկու գիրք:

«Այո՛, ես ոգեշնչում և քաջալերում եմ մարդկանց, բայց ես նույնպես մարդ եմ,- ասում է Լիզին:- Երբ դու խիզախորեն ցուցադրում ես քո խոցելի կողմերը, մարդիկ քեզ թույլ չեն համարում, և դա նորմալ է: Իմ կյանքում սարսափելի բաներ են կատարվել, բայց ես անցա դրանց միջով, և դա ինձ հնարավորություն տվեց դառնալու ձայն՝ բազում մարդկանց քաջալերելու համար»:

Աղբյուր ՝ God Reports