ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորանք է հղել հրեաներին և քրիստոնյաներին՝ զատկական տոների առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան՝ մարտի 31-ին, իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որում շնորհավորում է հրեաներին՝ Փեսախի առթիվ, իսկ քրիստոնյաներին՝ Զատկի՝ Քրիստոսի հարության տոնի առիթով. տեղեկացնում է vesty.co.il-ը:

Սպիտակ Տան ղեկավարը հիշեցրել է, որ հրեաները նշում են Եգիպտոսից Ելիցը և ստրկությունից ազատվելը, ինչպես նաև՝ նոր խոստացված երկրի ձեռքբերումը: Քրիստոնյաներին ուղղված խոսքի մեջ վերջինս նշել է, որ Զատկի տոնն այն մասին է, որ Աստված զոհեց Իր Միածին Որդուն մարդկության փրկության համար, ինչպես նաև տոն է Նրա՝ Հիսուսի հրաշափառ հարության մասին:

Նրա խոսքերով՝ այդ տոները վկայում են ազատության և աշխարհի հանդեպ Բարձրյալի սիրո մասին:

Թրամփը մեջբերել է Եսայի մարգարեի խոսքերը. «Զատկական Կիրակիին մենք ուրախությամբ ասում ենք «Քրիստոս հարություն է առել»: Այս տոնը հիշեցնում է մեզ, որ Աստծո սերը փրկագնեց աշխարհը: Մոտ 3 հազար տարի առաջ դեռ Եսային գրել է. «Ահա խավարը ծածկել է երկիրը, և մատախուղը՝ ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը, և նրա փառքը երևում է քեզ վրա», և Աստված «պիտի լինի քո հավիտենական լույսը»: Ամերիկայում՝ մենք մեր հայացքն ուղղում ենք Աստծո լույսին, որ այն ուղղորդի մեր քայլերը: Մենք վստահում ենք Ամենակարողին՝ իմաստության և զորության համար: Եվ մեծարում մեր երկնային Հորը՝ օրհնությունների և ազատության համար, հավիտենական կյանքի պարգևի համար: Տերը օրհնի Ամերիկան»,- այսպես է եզրափակել Դոնալդ Թրամփը երկու հարանվանություններին ուղղված շնորհավորական իր ուղերձը: