Քրիստոսի հարության պատմական ապացույցները

Քրիստոսի հարության պատմական ապացույցներըՊողոս առաքյալը Կորնթացիներին հղած ուղերձում գրում է. «Եթե Քրիստոս հարություն չի առել, ձեր հավատքը դատարկ է, և դուք տակավին ձեր մեղքերի մեջ եք. եթե միայն այս կյանքի համար ենք Քրիստոսին հուսացել, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք»:

Այնուամենայնիվ, այսօր տարածված է Քրիստոսի հարությունը բացառող ութ տարբեր առարկություն.

1. Աշակերտները գողացել են մարմինը, երբ գերեզմանը հսկող հռոմեացի զինվորները քնով էին անցել (այս դեպքում ինչպե՞ս իմացան, թե աշակերտներն են գողացել):

2. Հովսեփ Արիմաթացին գաղտնի վերցրել է մարմինը՝ ավելի հարմար տեղ դնելու համար:

3. Պիղատոսն է հրամայել վերցնել այն:

4. Հրեաներն են վերցրել, որ հետևորդները չպաշտեն գերեզմանը:

5. Հիսուսն ուշքի է եկել զով գերեզմանում:

6. Կանայք պարզապես սխալվել են (այդ դեպքում ինչո՞ւ մարմինն ի ցույց չհանվեց որպես ապացույց):

7. Ոչ ոք գերեզման չի գնացել:

8. Կանայք տեսել են մեկ այլ երիտասարդի, ոչ թե Հիսուսին:

Ի հեճուկս այս բոլոր առարկությունների՝ կա Քրիստոսի հարության պատմական իրողությունը փաստող տասը ապացույց.

1. Դատարկ գերեզմանը: Սա մի պատմական իրողություն է՝ ընդունված թե՛  հավատացյալի, թե՛ թերահավատի կողմից:

2. Հարուցյալ Քրիստոս սկսել  է քարոզվել քառասուն օր անց խիստ թշնամական մթնոլորտում, որտեղ հակառակորդները կարող էին ընդդիմանալ՝ երևան բերելով նրա մարմինն իբրև կեղծիքի ապացույց:

3. Քրիստոսի և ոչ մի հետևորդ, նույնիսկ Հովհաննեսը, չէր ակնկալում Նրա հարությունը: Անցյալում հայտնի էին հարության դեպքեր, երբ հենց ինքը՝ Քրիստոս, մեռելների էր կենդանացնում, բայց մեռելի ինքնուրույն հարություն առնելը բացառված երևույթ էր անգամ հեթանոսական առասպելներում:

4. Հարության առաջին ավետիսը տվեցին կանայք: Համաձայն այդ ժամանակվա սովորությունների՝ անվավեր էր հռչակվում որևէ վկայություն՝ տրված իգական սեռի կողմից:

5. Մարմնավոր հարության գաղափարը բոլորովին անծանոթ էր այն ժամանակվա մշակույթին: Սա հայտնի դարձավ, երբ Պողոս առաքյալը (Գործք 17.31)  հիշեց Քրիստոսի հարությունը Աթենքի փիլիսոփաների և կրոնական առաջնորդների ներկայությամբ, որոնք կատարելապես ծանոթ էին ժամանակակից բոլոր ավանդույթներին:

6. Քառասուն օրվա ընթացքում Քրիստոսի մարմնեղեն հարությանը վկա եղավ 500 ականատես, որոնց մեջ կային ամենատարբեր մարդիկ՝ դիվահարից մինչև Թովմասի նման խիստ թերահավատը: Այս փաստը բացառում է տեսիլքի կամ երևակայության հնարավորությունը:

7. Հռոմեացի պատմաբան Տակիտուսը գրում է, որ Քրիստոսի մահվանից 31 տարի անց հազարավոր մարդիկ՝ մեծ ու փոքր, ուսյալ-անուս, հոժարությամբ իրենց կյանքն էին զոհում արյունարբու Ներոն կայսեր հրամանով:

8. Քրիստոսի հետևորդ աշակերտները վարում էին օրինակելի, բարեպաշտ ու արդար կյանք: Նրանց հոժարակամ մարտիրոսվելը հակասում է նրանց կամավոր ստելուն և կեղծելուն:

9. Ավետարանի Բարի լուրը տարածվեց Հռոմեական կայսրության ամեն մի անկյունում: Ի հեճուկս սաստիկ ընդդիմության՝ այն ընդունվեց անուս, հասարակ զանգվածների կողմից: Սիրո և անձնվիրության պատգամը  գրավեց կայսրությունը առանց սրի ու հրի, հաղթեց շատ ավելի ուժեղ կրոնների:

10. Հարությանը հաջորդող երկու հազար տարվա ընթացքում միլիոնավոր մարդկանց հանդիպումը հարուցյալ Փրկչի հետ Նրա կենդանության ամենակարևոր ապացույցն է:

Դոկտոր Գնել Դուրյան

(ամերիկահայ ֆիզիկոս, Ավետարանի ջատագով)