Նա հարությո՜ւն է առել

Նա հարությո՜ւն է առելԿիրակնօրյա զատկական գարնանային այդ առավոտ Վերային թվում էր, թե թռչուններն անգամ այլ կերպ են երգում: Օդը թարմ էր և մաքուր, իսկ արևի շողերը մեղմորեն լուսավորում էին նեղ փողոցները: Վեցամյա Վերան կանգնած էր փողոցում և սպասում էր, թե երբ կհայտնվի առաջին անցորդը: Տեսնելով հեռվից եկողի՝ նա արագորեն ընդառաջ էր վազում և ուրախությամբ աղաղակում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես էին արձագանքում պատահական անցորդները այս ողջույնի խոսքերին: Ոմանք անկեղծորեն ժպտում էին և պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Ուրիշներն էլ Վերային զարմացած հայացքով էին նայում, իսկ հետո հեռանալիս մի քանի անգամ հետ էին շրջվում ու նորից զարմացած նայում: Ընդ որում՝ փոքրիկ աղջիկը բոլորին նույն կերպ էր վերաբերվում, քանի որ նրա միակ ցանկությունը նրանց զատկական ուրախ ողջույնի խոսքերը փոխանցելն էր: Հանուն դրա՝ նա առավոտյան մի փոքր վաղ էր արթնացել, հագել իր տոնական զգեստը և հատուկ պատրաստություն տեսել:

Հանկարծ դիմացի տանից աղմուկով դուրս եկավ ձեռնափայտով մի ծերունի: Աղջիկը զգուշորեն անցավ փողոցը, հասավ ծերունուն և առաջ վազելով գոչեց. «Պապի՜կ, Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Այդ անսպասելի ողջույնը ծերունու համար ասես անամպ երկնքում կայծակի պես մի բան լիներ: Նա կանգ առավ և խոժոռ հայացքով նայեց փոքրիկ աղջնակին.

– Հարությո՞ւն է առել: Ո՛չ, ո՜չ: Անհեթեթություն է: Ոչ մի Աստված էլ չկա,- ասաց ծերունին և իր պատասխանն էլ հաստատելու համար ձեռնափայտը մի քանի անգամ գետնին հարվածեց:

– Ինչպե՞ս թե,- զարմացավ Վերան:- Դուք չե՞ք հավատում, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել:

-Ո՛չ, չեմ հավատում,- շարունակելով ճանապարհն՝ ասաց ծերունին:

-Ցավում եմ, չէ՞ որ այդ դեպքում՝ դուք դժոխք եք գնալու,- անկեղծորեն ասաց երեխան:

Ծերունին կրկին կանգ առավ: Հիմա հաստատ երեխայի խոսքերը նրան զայրացրել էին:

– Դե՜, մի կո՛ղմ գնա, անպետք աղջիկ,- ձեռնափայտը օդ բարձրացնելով՝ ասաց նա:

Վերան իր կամքից անկախ մի կողմ գնաց՝ թույլ տալով նրան անցնել:

– Ես կաղոթեմ ձեզ համար,- կանչեց նա պապիկի հետևից, երբ արդեն անվտանգ հեռավորության վրա էր:

Ծերունին ոչինչ չպատասխանեց, իսկ Վերան հետ վերադարձավ հայրիկի մոտ: Հայրը հավանաբար տեսել էր, թե ինչ էր կատարվել. նա աղջկա ուսին ձեռքը դնելով՝ ասաց.

– Մի՛ հուսահատվիր, Աստված աշխատանք կտանի նրա հետ: Իսկ հիմա շտապիր, թե չէ՝ կուշանանք ծառայությունից:

Եկեղեցում ծառայությունը սովորականից ավելի երկար տևեց, երեխաները հոգնել էին, այնպես որ՝ նրանք դուրս եկան առանց աշխուժության և հանդարտորեն դեպի տուն էին գնում: Վերան հայացքը մի պահ դարձրեց այն տանը, որտեղից առավոտյան այն ծերունին էր դուրս եկել, երբ հանկարծ նորից տեսավ նրան:

– Նա հարությո՜ւն է առել,- հանկարծ բացականչեց ծերունին՝ ձեռքերը պարզած:

Վերայի ծնողները զարմացած նայում էին նրան, իսկ ծերունին իրենց մոտ էր շտապում: Շունչը կտրած՝ նա կանգ առավ Վերայի կողքին.

– Նա հարություն է առել,- ասաց ևս մեկ անգամ՝ շոյելով Վերայի գլուխը:- Ես գիտեմ, որ Աստված կանչել է ինձ ողջ կյանքիս ընթացքում,- շարունակեց դողացող ձայնով,- բայց ես գիտակցաբար մերժում էի Նրան: Կարո՞ղ է արդյոք Աստված ներել ինձ պես մեղավորին:

Ծերունին երեխայի պես արտասվում էր՝ առանց ամաչելու իր արցունքներից: Նա խնդրում էր Աստծուն ներել իրեն՝ մեղավորին, և ափսոսում էր, որ Աստծուն է դառել միայն հիմա, որ բազում տարիներ առանց Աստծո է ապրել:

Որքա՜ն էր ուրախանում Վերայի սիրտը՝ տեսնելով, թե ինչպես է Աստված հրաշքներ անում: Դեռևս առավոտյան այդ մարդը խիստ ու չար էր թվում, իսկ հիմա՝ իր աղոթքից հետո, նրա աչքերը փայլում էին:

Վերայի ընտանիքը նրան ընթրիքի է հրավիրում: Սեղանի շուրջ ծերունին պատմում է, որ Վերային հանդիպելուց հետո խանութից տուն վերադառնալով՝ տեսնում է իր անկողնու վրա առաստաղից պոկված մի հսկայական կտոր, որն ընկել էր ուղիղ իր բարձի վրա:

– Այդժամ Աստված խոսեց իմ սրտի հետ,- շարունակում է նա:- Սովորաբար այդ ժամին ես պառկած էի լինում, բայց այսօր, չգիտես ինչու, շուտ էի արթնացել: Աստված ցույց տվեց ինձ, որ իմ շունչն Իր ձեռքերում է: Իմ մայրը քրիստոնյա էր և մահանալիս, երբ ես վեց տարեկան էի, ինձ խնդրում էր Քրիստոսին հետևել: Բայց նրա մահից հետո ինձ որբանոց տարան, և ես շատ դաժանություն ու ցավ տեսա իմ կյանքում: Սկսեցի տրտնջալ Աստծուն, որ մայրս մահացել է, և հստակ որոշեցի՝ երբեք Նրան չհետևել: Ես մերժեցի նրան, բայց Նա ինձ՝ ոչ:

Հարության տոնը իրական դարձավ այս ծերունու կյանքում. Հիսուսը ճշմարտապես հարություն առավ նրա սրտում՝ կյանքի շունչ փչելով ամեն մահացած բանի վրա:

Գալինա Շպերլինգ