Երջանկության ուրույն բանաձև. շարունակել ապրել

Մեր հերոսուհու՝ Նադեժդա Կոնդրատյուկի կյանքը լցված էր մեծ սիրով, և այդ պատճառով անդունդի պես մեծ է թվում կորուստը, երբ նրա ամուսինը հեռանում է կյանքից: Բայց այս կինը կարողանում է դուրս գալ իր խորը վշտից և պնդում է, որ այսօր իրեն նորից երջանիկ է զգում: Նա բացահայտում է կանացի երջանկության ունիկալ բանաձևը, որում, ինչպես կարմիր և սև թելեր, միահյուսվում են վիշտն ու երջանկությունը:

«Ես ապագա ամուսնուս հանդիպեցի և հասկացա, որ նրա հետ հարմար է և՛ լռելը, և՛ ապրելը: Երկրորդը, ինչով նա ինձ զարմացրեց, այն էր, որ նա կարկատում էր սեփական գուլպաները: Եվ ես մտածեցի. «Ես ուզում եմ իմ կողքին նման տղամարդ ունենալ»:

Մեկ օր պարզվեց, որ նա ուներ Մարֆանի համախտանիշ. հիվանդություն, երբ անոթները չեն պահում իրենց ձևը, իսկ աորտան սրտի ամեն բաբախյունի հետ մեծանում է: Նա չգիտեր այդ մասին և երբ իմացավ, ոչինչ չփոխեց իր կյանքում, ինչը կարող էր հիշեցնել, որ նա հիվանդ էր. դա նրա ընտրությունն էր, և ես հարգում էի նրան դրա համար. նա ուզում էր ապրել լիարժեք կյանքով, անգամ իր համար չձևակերպեց հաշմանդամության կարգ:

Իմ օգնությունը Աստված էր և սաղմոսները, որովհետև այդ ընթացքի մեջ ես սովորում էի վստահել Աստծուն: Եվ երբ ամուսինս այլևս չկար, ես չունեի մեղավորության և ամոթի զգացում, թե նրա համար ինչ-որ բան չեմ արել: Այն, ինչ զգում էի, միշտ անկողծորեն արտահայտում էի, և դա արտացոլվում էր իմ վարքի, խոսքերի մեջ: Եվ դրանք միշտ իրական էին:

Ես չգիտեմ ինչպես նկարագրեմ իմ զգացմունքներն այլ կերպ, քան իրական հնազանդություն Աստծո առջև. հնազանդություն՝ հասկանալու, որ եկել է ժամանակը… բաց թողնելու իմ սիրելիին… Էմոցիաները միշտ էլ կան և լինելու են: Պետք էր սովորել ապրել՝ հասկանալով, որ նա այլևս այստեղ չէ և այլևս կողքիս չի լինի, չի գրկի, չի ասի «սիրելիս»: Պետք էր հասկանալ, որ կան երեխաներ, և նրանք նույնպես կարիք ունեն սովորելու այսպես ապրել:

Ես գիտեմ, թե Վասիլին որտեղ է: Ես ապրեցի նրա հետ 24 տարի, իսկ հիմա ինձ մոտ անցումային մի ընթացք է սկսվել, երբ ես մնացել եմ առանց նրա և կարիք ունեմ հասկանալու, թե ինչ եմ ես և ով եմ ես իմ Աստծո հետ:

Այն, որ ինձ զգում եմ լիարժեք, հասուն, ուժեղ, սիրող և պաշտպանված իմ Աստծո կողմից, հենց դա էլ այդ անցումն է: Ես ցանկանում եմ յուրաքանչյուրին՝ լինելու այնպիսին, ինչպիսին որ կա, գտնելու իր ճշմարիտ ինքնությունը և ճանաչելու Աստծուն: Եվ երբ ճանաչեք Նրան, կճանաչեք ինքներդ ձեզ:

Ես մայր եմ, այրի, կին: Ես շնորհակալ եմ այն փորձառության համար, որ ձեռք եմ բերել այս կյանքում: Մեծ հույսեր ունեմ ապագայի հետ կապված, բայց ապրում եմ այստեղ ու հիմա, ուրախանում ամեն օրով և այն ամենով, ինչ ունեմ այսօր:

Կանացի երջանկության մասին

Կանացի երջանկության առաջին բաղադրիչը և, ընդհանուր առմամբ, երջանկության առաջին բաղադրիչն այն է, որ լինես այն, ով կաս իրականում: Հաճախ մարդիկ երջանկություն ասվածը նույնացնում են մեքենայի, տան, մարմնի կազմվածքի, լավ աշխատանքի կամ մեծ եկամուտների հետ: Այո, դա նույնպես կարևոր է, բայց ասեմ՝ երջանկությունը դրսում չես գտնի, այն ներսում է: Հնարավոր չէ երջնակությունը վերցնել, կարելի է միայն սեփականն ունենալ և կիսվել նրանով նույն կերպ, ինչպես քո ունեցած կոնֆետներով:

Ի՞նչ է նշանակում լինել մեկը, ով կաս: Օրինակ, եթե ես մարդկանց շրջապատում եմ, ովքեր իմ երկիրն են նվաստացնում, ապա ես միանգամից ասում եմ. «Լսե՛ք, իմ ներկայությամբ դրա մասին չենք խոսում: Ես հարգում եմ ձեր կարծիքը, բայց թույլ չեմ տալիս ձեզ իմ ներկայությամբ ցածրացնել իմ արժեքները»: Դա ինձ համար պատիվ է, արժանապատվություն և հնարավորություն՝ լինելու ով կամ, լինելու իրական:

Երկրորդ բաղկացուցիչը բարություն անելն է, երբ կարող ես անել և այնպես անել, ինչպես հնարավոր է միայն այն իրավիճակում, որում հայտնվել ես:

Եթե բարություն ենք նվիրում, այն միշտ մեր շուրջը կլինի: Եթե հարմարավետություն ենք նվիրում, ջերմություն, ուշադրություն, սեր, կազմակերպվածություն, այդ ամենն էլ մեր շուրջը կլինի: Եթե բացասականն ենք թափում շրջապատի վրա՝ մեղադրանքներ, մանիպուլյացիա, բծախնդրություն, դա էլ մեզ կվերադառնա:

Կինը ստեղծված է՝ որպես բազմաթիվ գործառույթներ իրականացնող մեկը: Նա ունի իր նմանը չունեցող կարողություն՝ լինելու ամեն ինչ բոլորի համար: Կնոջը հեշտ է տալը:

Երրորդ բաղկացուցիչն էլ ապրելն է այստեղ և հիմա:

Շատերը կարծում են, թե հնարավոր չէ երջանիկ լինել առանց կարևոր մի բանի, ինչպես օրինակ ընտանիքը: Իհարկե, ընտանիքը կարևոր բաղկացուցիչն է, բայց ոչ պարտադիրը: Շատ են այն մարդիկ, ովքեր չունեն ընտանիք: Երջանիկ կարելի է լինել պարզապես, որովհետև կաս և ունես այն, ինչ ունես և կարող ես անել այն, ինչ անում ես:

Դու ունես ընկերներ և այսօր շնչում ես: Սա մի ուրույն ճանապարհ է դեպի սեփական անձդ: Սա մի վայրկյանում չի լինում, և դա դպրոցում չեն սովորեցնում, անգամ ընտանիքում:

Նա, ով օգնում է ինձ ապրել և Նա, Ումով ես ապրում եմ՝ Երկնային Հայրն է և Նրա հանդեպ հավատքը: Գիտեմ, որ Աստված չէ, Ով ուղարկում է դժբախտություններ կամ պատուհասներ,   և գիտեմ, որ Նա միշտ ինձ հետ է և տեղյակ է այն ամենի մասին, ինչ կատարվում է ինձ հետ:

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչից սկսել բնականոն կյանքին վերադարձը մեծ էմոցիոնալ կամ ֆիզիկական կորուստից հետո:

Պետք է նախ սկսել կատարվածն ընդունելուց: Դա հեշտ չի լինելու: Ձեզ պարուրելու են տարբեր վերապրումներ՝ անհավանական հուսահատությունից մինչև բարկությունը: Ըստ իս՝ նման վիճակում ոչ մի տեղ շտապել պետք չէ: Տրամադրվեք, որ դա ընթացք է, և այն կզբաղեցնի մոտ երկու տարի: Ընդունեք այն, բաց թողեք, մի վախեցեք զգացմունքները արտահայտելուց: Եվ գտեք մարդկանց, ովքեր ձեզ կաջակցեն: Իսկ հետո պետք է շարունակել ապրել: Եվ դրանում կօգնի երջանկության ձեր ուրույն բանաձևը:

Իմ խորհուրդն է, որ նախ ընդունեք ինքներդ ձեզ, ցանկություն ձեռք բերեք բարին գործելու և կարողանաք ապրել այստեղ և հիմա: Եվ ամեն բան լավ է լինելու: Հուսացեք Աստծուն. Նա ձեր կողքին է»:

Նադեժդա Կոնդրատյուկ