Հարությունը իրական է. Ջոշ Մաք-Դաուել

Որոշները պնդում են, թե հարության իրական պատմական դեպք լինելը քրիստոնեական կյանքի համար կարևոր չէ: Կարևորը, մտածում են նրանք, այն օրինակն է, որ Քրիստոսը թողել է մեզ համար, և որ մենք ապրենք այնպես, կարծես հարությունը իրական է: Ըստ այս մոտեցման՝ դատարկ էր գերեզմանը երրորդ օրը, թե՝ ոչ, էական չէ: Կարևորն այն է, որ Քրիստոսն անձամբ հարություն է առել մեր կյանքի մեջ, և որ ունենք մեր անձնական «Զատկական հավատը»:

Սակայն մենք հավատում ենք, որ Հիսուսի պատմական մահվան և հարության միջոցով է Աստված հարմար տեսել փրկությունը հնարավոր դարձնել մարդկության համար: Եթե այդ պատմական դեպքերն իրական չլինեին, դրանք լուրջ հետևանքներ կունենային:

Առաջինը՝ մարդկության մեղավորության հարցը լրջորեն չէր ընդունվի: Հիսուսի կյանքի, մահվան և հարության միջոցով է Աստված հաղթել մեղքին և մահին: Եթե այս դեպքերը տեղի չեն ունեցել, ապա ինչպես Պողոսն է ասում. «Եթե Քրիստոս հարություն չի առել՝ ունայն է ձեր հավատքը. և դեռ ձեր մեղքերի մեջ եք» (Ա Կորնթացիս 15.17):

Երկրորդը, մենք այլևս հնարավորություն չէինք ունենա վերականգնելու մարդկության կորցրած հաղորդակցությունն Աստծո հետ: Քրիստոսի մահվան և հարության արժեքն այն է, որ այն վերացնում է մեղքի արգելքն Աստծո և մարդկության միջև ու ցույց է տալիս մի ապագա, որտեղ մահը կպարտվի, և մենք կմիավորվենք Նրա հետ խաղաղության և սիրո մի նոր, անարատ վայրում:

Այս պատմական դեպքերի արժեքի մի մասն էլ այն է, որ մենք կարող ենք տեսնել Աստծո սերն ու ներողամտությունը կոնկրետ օրինակով: Աստված ճշմարտությունները լոկ գրավոր չի հայտնում. Նա դրանք հայտնում է անձնապես՝ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստված պարզապես չի բացահայտում երկինք տանող ճանապարհը մեզ համար. Նա Իր մահով ու հարությամբ ճանապարհ է հարթում: Նրա մահն ու հարությունը հնարավոր են դարձնում մեր ապագա կյանքն Իր հետ: