Թրամփի վարչակազմը ստանում է աղոթքի նամակներ ողջ Ամերիկայից

Ընտրվելուց հետո նախագահ Դոնալդ Թրամփը «CBN News»-ի հետ զրույցում նշում է, որ հիմա ինքը ավելի քան երբևէ զգում է Աստծո կարիքը: Այս հայտարարությունից հետո մի կոնգրեսմեն կոչ է անում իր շուրջը եղողներին գրի առնել աղոթքներ և ուղարկել դրանք նախագահին: Սա պետք է որ մի դրական ակցիա լիներ, եթե դրան չհետևեր բացասական արձագանքը ԶԼՄ-ների կողմից. տեղեկացնում է mhn.emmanuil.tv-ին:

Կոնգրեսմեն Մայք Բոստին դուր չէր գալիս այն, ինչ ինքը տեսնում էր ԱՄՆ-ում 2017թ-ի սկզբին: Հաճախ ցույցեր էին անցկացվում, և բազում հայտնի մարդիկ չէին թաքցնում, որ չեն աջակցում նոր վարչակազմին: Այդժամ Մայք Բոստի կնոջ մտքում մի գաղափար է հասունանում. պետք է հավաքել աղոթքներ և ուղարկել նոր նախագահին:

«Մենք կարծում էինք, թե մոտավոր 30 նամակ ենք ստացել: Բայց պարզվեց, որ ցանկացողները հարյուրավորներն են»,- հիշում է Մայք Բոստը, ով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Իլինոյս նահանգը ներկայացնող անդամն է:

Նախագահին գրում էին բոլորը. սկսած հինգ տարեկան երեխաներից մինչև 100-ամյա քաղաքացիներ: Բոստը բոլոր այդ նամակները կարդում էր՝ առանձնացնելով այն նամակները, որոնք տրամադրություն էին բարձրացնում:

«Մի 90-ամյա կին խոստովանում էր. «Ես երբեք չեմ գրել նախագահին, բայց հույս ունեմ և ամեն օր աղոթում եմ ձեր մասին, որ դուք երկիրը վերադարձնեք ճիշտ ճանապարհի վրա, չէ՞ որ այն այնքան ունի դրա կարիքը»»,- պատմում է կոնգրեսմենը:

Բոստի կազմակերպմամբ նամակները ուղիղ հասցվում են Սպիտակ Տուն, բայց նա գաղափար անգամ չուներ՝ ընթերցվո՞ւմ էին դրանք, թե՞ ոչ: Մի քանի ամիս հետո միայն, երբ նա Թրամփի գրասենյակում է լինում, նախագահը նրան է շրջվում և ասում. «Բո՛ստ, Բո՛ստ, աղոթքի նամակները…»: Եվ Բոստը պատասխանում է. «Այո՛, այո՛, այդ մենք ենք հասցնում այստեղ աղոթքի նամակները»:

Ի զարմանս նրա՝ պարզվում է, որ ոչ միայն նախագահը, այլև փոխնախագահ Մայք Փենսը ամեն օր ընթերցում են աղոթքի այդ նամակները. «Փոխնախագահն ասաց. «Մենք կարդում ենք դրանք ամեն օր: Դրանք հրաշալի են»»,- պատմում է Մայք Բոստը:

Մոտ մեկ տարի անց այս հանդիպումից Բոստը ստանում է լուսանկար, որտեղ ինքն էր նախագահի հետ՝ միասին ձեռքերում պահած աղոթքի նամակները: Կոնգրեսմենի գրասենյակը որոշում է հրապարակել նկարը սոցիալական ցանցերում: Դա կատարվում է Ֆլորիդայում տեղի ունեցած փոխհրաձգությունից երեք օր անց, որի արդյունքում մահացել էին 17 երեխաներ: Եվ լուսանկարի հրապարակումը բացասական արձագանքի է արժանանում համացանցում:

Շատերը կարծում են, թե նկարը հենց հրապարակման օրն է արվել: Մի աթեիստական կազմակերպություն գրել էր սոցցանցում. «Այստեղ մեզ մոտ կրակոցներ են դպրոցում, իսկ դուք մեզ առաջարկում եք ընդամենը մտքեր ու աղոթք»:

«Այնքան տհաճ է գիտակցելը, որ ժամանակակից  ԶԼՄ-ները դեպքերը սխալ լույսի ներքո են մատուցում, իսկ հետո նաև քննադատում են այն, ինչ մենք անում ենք: Կան ուրիշ միջոցներ՝ աղոթքից բացի: Իհարկե: Բայց դուք չեք կարող չաղոթել, եթե դուք հավատացյալ եք: Դուք պետք է անեք դա»,- պնդում է Մայք Բոստը:

Իր հարցազրույցում Բոստն ասում է, որ իր փորձից գիտի, թե ինչ ազդեցություն ունեն աղոթքներն ու մտքերը օրենսդիրների վրա:

«Սուրբ Գրքում հստակ ասվում է, որ պետք է աղոթենք մեր առաջնորդների համար»:

Եվ Բոստը անում է դա իր ողջ կյանքի ընթացքում, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի այս կամ այն նախագահը:

Չնայած բացասական արձագանքներին, Բոստն ասում է, որ իրենք պատրաստ են ուղարկելու «մտորումների և աղոթքների» նոր պարկ Սպիտակ Տուն, իսկ նրա կինը հույս ունի շուտով նյութեր հավաքել ողջ երկրից: