Մեկը, ով հասկանում է. Ֆեյ Էդգերտոն

Մեկը, ով հասկանում է. Ֆեյ ԷդգերտոնՆավախո ցեղի հնդկացիները Ֆեյ Էդգերտոնին անվանում էին՝ «մեկը, ով հասկանում է»:

Պատճառը շատ պարզ էր. այս կինը գրեթե կես դար նրանց կողքին էր անցկացրել՝ սովորելով նրանց լեզուն և թարգմանելով նրանց համար Նոր Կտակարանը: Հնդկացիների համար այժմ Աստված իրենց սեփական լեզվով էր խոսում արդեն:

Ֆեյ Էդգերտոնը ծնվել է այս օրը՝ 1889թ-ի մարտի 26-ին: Նրա երիտասարդությունն անցել է գլխապտույտի նման: Նա փնտրել է Աստծուն դեռ երիտասարդ տարիքից, անգամ ներգրավվել եկեղեցական ծառայությունների մեջ, սակայն քանի իր կյանքն Աստծուն չէր հանձնել, Աստծո ներկայությունը բացակայում էր նրա կյանքից:

Շուտով նա կարմրախտով է հիվանդանում և մի քանի օրով զրկվում լսելու ունակությունից: Սա առիթ է դառնում դադար առնելու և լրջորեն խորհելու կյանքի ու Աստծո մասին: Երբ լսողությունը վերականգնվում է, Ֆեյը փառավորում է Աստծուն դրա համար և այդ օրվանից իր կյանքը Տիրոջն է հանձնում:

Շուտով Էդգերտոնը սկսում է ուսանել Մուդիի Աստվածաշնչյան համալսարանում և դառնում միսիոներ: Խաղաղ օվկիանոսում երկարատև ճանապարհորդության ընթացքում նա կորեացիների լեզուն է սովորում, հասնում Կորեա, սակայն պայմաններն այնտեղ բավականին ծանր են լինում: Ցուրտը կլանում է նրա ողջ ուժերը: Նա ունենում է նյարդային ցնցումներ, և, վերջիվերջո, վատ առաղջությունը հետ է բերում նրան տուն:

Իր հոր մահից հետո Ֆեյը միսիոներական աշխատանք է սկսում Արիզոնայում: Տեղեկանալով, որ նավախո ժողովուրդն Աստվածաշնչի կարիք ունի, նա ստանձնում է այդ գործը և միանում «Ուիկլիֆֆ Աստվածաշնչի թարգմանիչներ» կազմակերպությունների միությանը:

Իհարկե, դեռ շատ տարիներ են անցնում, մինչ Աստվածաշունչը թագմանվում է նավախո ժողովրդի համար, բայց ամենակարևորը՝ թարգմանության գործը սկսված էր:

1954թ-ին վերջապես Ֆեյն ավարտում է թարգմանությունն ու ուղարկում այն Ամերիկյան Աստվածաշնչյան ընկերությանը: 1956թ-ին որոշ ուղղումներից հետո Աստվածաշունչը լույս է ընծայվում: Դա մեծ հաջողություն էր: Աստվածաշնչի ընթերցանությունը օգնում է նավախո ժողովրդին ոչ միայն Աստծո խոսքն իմանալ, այլև ավելի լավ սովորել սեփական լեզուն: