Ի՞նչ տեսք ունի քո փիղը

cute-elephant (копия) копияՄի իշխանավոր հնդիկ նվեր է ստանում իսկական փիղ:

Քանի որ իր երկրում ոչ մեկ երբեք փիղ չէր տեսել, որոշում է մի լավ զվարճանալ:

Նա հրամայում է, որ փղին տեղափոխեն մի մեծ մութ սենյակ, ապա իր բոլոր օգնականներին կարգադրում է, որ հերթով մտնեն այդ սենյակ և մթության մեջ շոշափելով ասեն, թե ինչ տեսք ունի վերջինս:

Առաջին օգնականը մտնում է սենյակ, շոշափում է փղին և դուրս գալով ասում, որ նա մեծ ու հաստաբուն ծառի տեսք ունի:

Ապա հաջորդ օգնականն է մտնում: Նա էլ ասում է, որ փիղը թունավոր օձի տեսք ունի:

Երրորդ օգնականը, մութ սենյակից դուրս գալով, ասում է, որ փիղը մեծ, բարակ, պալմայի տերևների նման բույս է:

Լսելով այս ամենը` իշխանավորը հրամայում է մութ սենյակից դուրս բերել փղին:

Երբ բոլոր հավաքվածները տեսնում են փղի իրական տեսքը, հասկանում են, որ օգնականները սխալվել են, բայց իշխանը ասում է. «Ձեզնից յուրաքանչյուրը ճիշտ էր յուրովի, քանի որ մութ սենյակում մեկդ շոշափել էր փղի ոտքերը և կարծել, թե ծառ է, մյուսդ կնճիթը, թե օձ է, իսկ մյուսդ էլ ականջները, թե տերև է»:

Հ.Գ Մեզնից յուրաքանչյուրն ունի երևույթների վերաբերյալ իր ուրույն կարծիքը, քանի որ ուսումնասիրել է դրա մի կողմը, բայց երբ հայտնվում է կատարյալ Ճշմարտությունը, հասկանում ենք, թե որքան ենք սխալվել: