Աստված ցանկանում է անհնարինը անել. Դեյվիդ Ուիլքերսոն

Ինչո՞ւ էր Աստված սպասում, մինչև Աբրահամն ու Սառան կդառնային ծեր՝ նրանց զավակ պարգևելու համար: Ինչո՞ւ էր Նա սպասում, մինչև մարդկային տեսանկյունից այդ իրավիճակը լիովին անհնարին դառնար, և միայն Նրա հանդեպ կատարյալ հավատքը կարող էր խոստացվածը իրականություն դարձնել: Որովհետև այդ սերմը կարող էր ծնվել միայն լիակատար հավատքի մեջ:

Աբրահամն ու Սառան գիտեին Աստծո խոստմունքը իրենց համար՝ որդի պարգևելու, բայց նրանց հավատքը դեռևս չէր հասունացել: Սառան անհամբեր էր, նա ծրագիր էր կազմել, և Աբրահամը համաձայնում է նրա հետ: Իսմայելը ծնվում է, և չնայած նա Աբրահամի սերունդն էր, բայց խոստացված ժառանգը չէր: Սառայի ներսում մոլեգնում էր խանդը, և նա մեղադրում էր ամուսնուն: Նրանք երկուսն էլ ջանում էին Աստծուց տրված խոստմունքը սեփական ուժերով ի կատար ածել (Ծննդոց 16.1-15):

Գուցե դուք մտածում եք, թե ինչու ձեզ տրված խոստմունքը դեռ չի կատարվել: Դուք ջանում եք հասկանալ, թե ինչպես Աստված կհոգա ձեր կարիքները, դուք սկսում եք կասկածել՝ կենտրոնանալով արգելքների վրա, ոչ թե հնարավորությունների:

Աբրահամն ու Սառան ստանում են իրենց հրաշք-երեխային, բայց միայն այն բանից հետո, երբ լիովին հավատում են, որ Աստված կկատարի Իր խոստմունքը Իր ճանապարհներով և Իր ժամանակին: Մենք գիտենք, որ նրանք զորավոր դարձան հավատքի մեջ, բայց միայն այն բանից հետո, երբ անցան տատանումների միջով: Իսմայելը հավատքի մեջ այդ տատանման հետևանքն էր: Այնուամենայնիվ, ավելի ուշ Աբրահամի մասին ասվում է. «Եվ իր մտքումը համոզված էր, թե նա՝ որ խոստացավ, կարող է և անել։ Նրա համար էլ արդարություն համարվեցավ նրան» (Հռոմեացիս 4.21-22):

Սիրելինե՛ր, ձեր ցանկացած տատանում գալիս է անհավատությունից: Մի ջանացեք լուծել խնդիրը ձեր ներսում: Հավատքը նշանակում է, որ չնայած այն բանին, որ դուք սպառել եք ձեր հնարավորությունները, լիովին համոզված եք այն բանում, որ Աստված կպահի Իր Խոսքը: Նա ցանկանում է անհնարինն անել: Որքան ավելի անհնարին է իրավիճակը, այնքան ավելի փառք է Նա ստանում: