«Կալիֆորնիայի երեխաները կդառնան մեր երեխաները». իրական պատմություն Ստենֆորդի համալսարանի մասին

Ոչնչով աչքի չընկնող զգեստով մի կին իր ամուսնու ուղեկցությամբ, ով նույնպես շատ համեստորեն էր հագնված, իջնում են բոստոնյան գնացքից և իրենց քայլերն ուղղում դեպի Հարվարդի համալսարանի տնօրենի գրասենյակ:

Քարտուղարը առաջին իսկ հայացքից որոշում է, որ նման գեղջուկները ոչ մի անելիք չունեն Հարվարդում, այն էլ տնօրենի գրասենյակում:

– Մենք ցանկանում ենք տնօրենի հետ զրուցել,- տղամարդը ցածր ձայնով դիմում է քարտուղարին:

– Նա ամբողջ օրը զբաղված է լինելու,- ոչ սիրալիր ձայնով պատասխանում է քարտուղարը:

– Մենք կսպասենք,- ի պատասխան արձագանքում է տիկինը:

Մի քանի ժամ շարունակ քարտուղարը անտեսում է այցելուներին՝ այն հույսով, որ մի պահի նրանք կհիասթափվեն և կհեռանան: Այնուամենայնիվ, համոզվելով, որ նրանք ոչ մի տեղ գնալ չեն պատրաստվում, ստիպված որոշում է անհանգստացնել տնօրենին:

– Գուցե դուք մեկ րոպեով ընդունե՞ք նրանց, և նրանք կհեռանան,- հարցնում է նա տնօրենին:

Դեմքի դժգոհ արտահայտությամբ վերջինս շունչ է քաշում և համաձայնում է: Այնպիսի կարևոր մարդը, ինչպիսին ինքն էր, հաստատ ժամանակ չուներ նման մարդկանց համար:

Երբ այցելուները ներս են գալիս, տնօրենը խիստ ու գոռոզ դեմքով նայում է նրանց: Առաջինը կինն է սկսում.

– Մեր որդին մեկ տարի շարունակ սովորում էր ձեր համալսարանում: Նա շատ էր սիրում այս վայրը և շատ երջանիկ էր այստեղ: Բայց, ցավոք սրտի, մեկ տարի առաջ նա անսպասելիորեն մահացավ: Իմ ամուսինը և ես ցանկանում ենք համալսարանի տարածքում նրա մասին հուշ թողնել:

Զարմանալիորեն, տնօրենի վերաբերմունքը ոչ միայն չի փոխվում, այլև ընդհակառակը. նա ավելի է ջղաձգվում:

– Տիկի՛ն, մենք չենք կարող Հարվարդի ամեն մահացած ուսանողի հիշատակին հուշարձաններ տեղադրել: Եթե մենք այդպես վարվենք, ապա այս վայրը շուտով կնմանվի գերեզմանի:

– Ո՛չ,- շտապում է չհամաձայնել կինը,- մենք չենք ցանկանում արձան տեղադրել, մենք ցանկանում ենք Հարվարդի համար նոր մասնաշենք կառուցել:

Տնօրենը մի պահ հայացք է գցում կնոջ հնացած զգեստին և ասում.

– Մասնաշե՞նք: Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե մեկ մասնաշենքի կառուցումը որքան արժե: Հարվարդի բոլոր մասնաշենքերը արժեն ավելի քան 7 միլիոն դոլար:

Կինը մի պահ լռում է: Տնօրենը մինչ այդ ներսում արդեն հանգստացել էր և ուրախությամբ եզրակացրել, որ նրանք շուտով կհեռանան:

Հանկարծ կինը շրջվում է ամուսնուն և կամացուկ ասում.

– Փաստորեն մեկ մասնաշենքի կառուցումը այդքան քի՞չ արժե: Այդ դեպքում՝ ինչո՞ւ մեր սեփական համալսարանը չկառուցենք:

Ամուսինը համաձայնության նշան է տալիս, մինչ տնօրենը գունատվում է և չի հասկանում, թե ինչ է կատարվում:

Պարոն և տիկին Ստենֆորդները վեր են կենում և լուռ հեռանում: Եվ այսպես, Պալո-Ալտոյում՝ Կալիֆորնիայում, նրանք հիմնում են իրենց ազգանունը կրող համալսարան՝ Ստենֆորդի համալսարանը՝ ի հիշատակ իրենց սիրելի որդու:

Ստենֆորդի համալսարանը հիմնվել է մեծահարուստ, երկաթգծերի տեր, ԱՄՆ սենատոր Լելանդ Ստենֆորդի և նրա կնոջ՝ Ջեյն Ստենֆորդի կողմից: Համալսարանն իր անվանումը ստացել է Լելանդ Ստենֆորդ Կրտսերի՝ ընտանիքի միակ որդու անունը, ով մահացել է 1884թ-ին՝ իր 16-ամյակի նախաշեմին: Ստենֆորդները որոշում են համալսարանը իրենց միակ որդու հիշատակին նվիրել:

Համալսարանի կառուցման համար նրանք տրամադրում են իրենց անձնական տարածքը՝ Պալո-Ալտոյում գտնվող ռանչոն: Ջեյն Ստենֆորդը ասում էր. «Կալիֆորնիայի երեխաները կդառնան մեր երեխաները»:

Համալսարանը կառուցվում է և բացվում 1891թ-ի հոկտեմբերի 1-ին: Երկու տարի անց մահանում է Լելանդ Ստենֆորդը, և նրա գործը շարունակում է Ջեյն Ստենֆորդը:

20-րդ դարի 60-ական թթ-ին Ստենֆորդը դառնում է ԱՄՆ-ի ամենահարուստ և ամենահարգված համալսարաններից մեկը, որն աշխարհին շնորհում է 17 Նոբելյան մրցանակակիրների, ովքեր համալսարանի պատերի ներսում կատարել էին կարևորագույն բացահայտումներ: Այսօր Ստենֆորդը Սիլիկոնյան հովտի իսկական գանձն է:

Աղբյուր՝ gcshelp.org