Ես մեգի պես ջնջել եմ քո հանցանքները…

Ես մեգի պես ջնջել եմ քո հանցանքները...«Ես մեգի պէս ջնջել եմ քո հանցանքները, և ամպի պես՝ քո մեղքերը. դարձիր դեպի ինձ, որովհետև ես քեզ փրկել եմ» (Եսայի 44.22)։

Երանի՜ այն մարդուն, ում հանցանքները ջնջված են և ու մեղքերը ներված են: Երանի՜ այն մարդուն, ով դարձի է եկել իր չար ճանապարհներից և ապրում է իր Տեր Աստծո նախանշած սկզբունքներով ուառաջ ընթանում հավատքի ու սրբության նեղ ճանապարհով: Տերը ջնջում է բոլոր Իրեն հավատացողների մեղքերն ու հանցանքները:

Ինչպես մեգը և ամպը, որ գոլորշի են, երևում են և արևի զորեղ ճառագայթների շնորհիվ հաջորդ պահին անհետանում, այնպես էլ մեր մեղքերն ու հանցանքներն են ջնջում, երբ մեր կյանքի Խավարում ծագում է փրկության Լույսը՝ արդարության Արեգակը: Աստված փրկել է մեզ՝ հավատացյալներիս:

Նա մեծ գին է վճարել մեր փրկության համար՝ Քրիստոս Տիրոջ կյանքի գինը: Նա մեր Փրկիչն է: Նրա արյան շնորհիվ է, որ մենք ունենք մեղքերի թողություն: Նա քավություն եղավ մեր հանցանքների համար: Նա Իր վրա բեռնեց մեր խավար անցյալի բեռները և մեզ նոր ու լուսավոր կյանքի հնարավորություն ընձեռեց:

Եվ այժմ միայն մեկ կոչ է անում մեզ, միայն մեկ փափագ ունի մեր հանդեպ, որ մենք դառնանք դեպի Իրեն, որ դառնանք մեր ամբողջ սրտով ու ողջ էությամբ, որ սիրենք Նրան ու հնացանդվենք Նրա պատվիրաններին, որապրենք ազատ և առաջ ընթանանք արդարության ու սրբության նեղ ճանապարհով:

Նա մեր Փրկիչն է, որ ջնջել է մեր մեղքերն ու հանցանքները և մեզ շնորհել հավիտենական կյանքի պարգևը: Դառնա՛նք Նրան մեր ամբողջ էությամբ:

Տեր Հիսուսի անունով դեպի Նա դառնալու փափագ և անցյալի բեռներից ի սպառ ազատագրում եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան